Չնայած այն բանին, որ իշխանությունները հայտարարում են, թե առաջիկայում ՀՀ տնտեսական աճի համար կարող է հիմք դառնալ դեպի Ռուսաստան հայկական մթերքների արտահանումը, կոնկրետ մսամթերքի արտահանման ուղղությամբ առայժմ առարկայական քայլեր չեն արվում: Բանն այն է, որ 2007 թվականից մինչ օրս Ռուսաստանի Դաշնություն հայկական մսամթերք չի արտահանվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս խնդրով մի շարք գործարարներ դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել մսամթերքի՝ գոնե փոքր քանակությամբ արտահանումը խրախուսելու եւ համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Նշենք, որ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան մինչ այս եղել է Վրաստանի Հանրապետությունը: Իսկ եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում: Եղել են դեպքեր, երբ տեղական արտադրության մսամթերք է արտահանվել Ֆրանսիա, բայց առաջին մաքսային էշելոնում՝ Բուլղարիայում, այն հետ են ուղարկել:
Բանն այն է, որ Հայաստանը խոցելի է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Ռուսական կողմը պնդում է, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա: Հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա, սակայն ռուսական կողմը հրաժարվում է ընդունել այդ տվյալները: Ավելին՝ որոշ ընկերություններ, որոնք զբաղվում են մսամթերքի արտադրությամբ առաջարկել են այցելել Հայաստան ու ստուգել իրենց արտադրանքը: Սակայն՝ անարդյունք:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Տյումենի օդանավակայանում հայտնաբերվել եւ առգրավվել էր Հայաստանից ներկրված 11 կիլոգրամ մսամթերք: Ռուսական կողմը դա կապել էր այն բանի հետ, որ ՀՀ-ն գտնվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի ռիսկային գոտում: Ինչի համար էլ ուղեւորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց հետ բերված ցանկացած կաթնամթերք եւ մսամթերք կոչնչացվեն: Տեղեկացնենք, որ աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թ.-ի հունվարի 15-ին: Իսկ մինչ այդ՝ 2007 թվականին, Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտ կոչվող հիվանդության պատճառով խոշոր չափի վնասներ արձանագրվեցին:
Վերջերս մի խումբ գործարարներ, հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակը, դիմել են Հովիկ Աբրահամյանին` խնդրելով աջակցել հայկական մսամթերքը ՌԴ արտահանելու հարցում: Վերջինս էլ բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ, ինչի արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, հոկտեմբերի 6-ից մսամթերք է արտահանվում ՌԴ: Այս ընթացքում մի քանի ընկերություններ հասցրել են դիմել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` մսամթերքի արտահանման թույլտվության համար:
Այդ ընկերությունների թվում է նաեւ «Սպայկա»-ն, որի նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր ընկերությունը զբաղվում է Հայաստանից բոլոր տեսակի մթերքների արտահանմամբ: Մենք մեր վրա սահմանափակումներ չենք դնում: Մսի, մսամթերքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն որոշակի արգելքների է հանդիպում ռուսական կողմից: Դա վաղուցվա պատմություն է. որակի հետ կապված խնդիրներ են եղել: Երբ դրանք հանվեն, այսինքն՝ պաշտոնապես թույլտվություն լինի, այդ ժամանակ բոլորը կարող են արտահանել: Երբեւէ մենք չենք արտահանել: Բայց կցանկանայինք միս, մսամթերք արտահանել»:
Ի դեպ, ՍԱՊԾ պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը ՀՀ-ից արտահանվել է 24937 կգ միս-մսամթերք:
Ի՞նչ հետեւանքներ կունենա մսամթերքի արտահանումը Հայաստանի համար: Նկատենք, որ մեր հանրապետությունում մսամթերքի գինը պարբերաբար թանկացել է: Չմոռանանք, որ մեկ կգ միսն արժե 2500 դրամից 3000 դրամ: Այսօր հայ սպառողը, երբ մտնում է խանութ, ձգտում է տեղական մսամթերք գնել, որովհետեւ այն թարմ է եւ որակական առումով՝ ավելի հուսալի: Բացի այս, տեղական մսամթեքն ավելի թանկ արժի, քան ներկրվածը: Այսինքն՝ եթե ՀՀ-ն մեծ ծավալի միս է ներմուծում, դա նշանակում է, որ Հայաստանն այդքան էլ շատ մսամթերք չի արտադրում, որ կարողանա ոչ միայն ներքին շուկան բավարարել, այլեւ մեծ ծավալներով արտահանել: Մասնագետները համոզված են, որ արտահանումից հետո սառեցված, ներմուծված մսամթերքը ներքին շուկայում տեսակարար կշիռ կունենա, քանի որ տեղական արտադրանքը կպակասի: Ավելին՝ այն կսկսի թանկանալ:
Հիշենք նաեւ այն, թե ինչ պատկեր ստեղծվեց, երբ ոչխարների արտահանումը մեծ ծավալներ ունեցավ. ոչխարի միսը նախկինում ամենաէժանն էր, իսկ երբ սկսվեց մեծ ծավալով արտահանվել, այն դարձավ ամենաթանկը:
Եվ եթե ոլորտի պատասխանատուները կարծում են, որ այս կերպ կարող են զարկ տալ անասնապահությանը, ապա սխալվում են, քանի որ գյուղացիների մոտ այն զարգացնելու պայմաններ չկան: Բացի այս, այսօր անասնակերը թանկ է, իսկ արոտավայրերը քիչ են ու անջրդի:
Հ.Գ. Երեկ lurer.com-ը տեղեկացրել էր, որ երկու ամիս առաջ Սննդամթերքի անվտանգության ծառայության կարողությունները ստուգելու հետ կապված՝ Ռուսաստանից ժամանած ինսպեկցիայի մոնիթորինգի արդյունքում հոկտեմբերի 6-ից վերսկսվել է միս-մսամթերքի արտահանումը դեպի ՌԴ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ