ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱՐՃԱՅԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԻՇԽՈՒՄ ԵՐԳԵՐՈՒՄ»

Լիլիթ Պիպոյանն այսօրվա մեր երգարվեստի ամենաինքնատիպ կատարողներից է: Ինքնատիպ են ոչ միայն նրա երգերն ու կատարումները, այլեւ՝ տեսաերիզները եւ ողջ այն հումքը, որից ստեղծվում է նրա երգարվեստը: Լիլիթ Պիպոյանն առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հիմնական մասնագիտությանը զուգահեռ` երաժշտական կրթությունը ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական վարժարանում: «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ նրա երաժշտարվեստի յուրահատկության, կատարողական վարպետության եւ մի շարք այլ թեմաների շուրջ:

-Լիլի՛թ, ի՞նչ է երգն ու երաժշտությունը Ձեզ համար: Ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ստեղծագործելու համար:
-Երգարվեստը, երգը այնպիսի երեւույթ են, որը պետք չէ առանձնացնել ընդհանուր արվեստից, ընդհանուր կյանքից: Այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Կարող ենք ասել, որ երգարվեստը կյանքի յուրաքանչյուր ոլորտում կա: Երգն ու երաժշտությունն օդից իջած մի բան չէ: Գտնում եմ, որ ընդհանուր կյանքից երգարվեստը պետք չէ առանձնացնել: Այն մեր դարավոր արժեքների արտահայտություններից մեկն է: Ամեն ինչից էլ կարող ես ոգեշնչվել: Յուրաքանչյուր մանրուք էլ խորություն կարող է ունենալ եւ ինչ-որ ուղղությամբ տանել, ոգեւորել, ոգեշնչել մարդուն, ստեղծագործող անհատին:
-Քչերն են այդպես մտածում: Այսօր շատերը երգում են զուտ երգելու համար…
-Ցավոք սրտի գրեթե չի գնահատվում նման մտածելակերպը: Նայում ենք շուրջբոլորը, տեսնում ենք համատարած տգիտություն: Մեր երգերի մեծ մասի մեջ էլ է այդպես` տգիտություն, լեզվի չիմացություն, հարճային տրամադրությունների դրսեւորում: Ամոթ է: Այդպես չպետք է լինի: Կա նաեւ երկրորդ կատեգորիան` սարքված, հորինովի, շինծու հայրենասիրական տեքստերով երգեր: Այսինքն` կատարողը, հեղինակը չեն զգում իրենց կատարածը: Երգը հոգու միջով չի անցկացնում, պարզապես կատարում է կատարելու համար: Ըստ ծրագրի գրված տեքստերով էլ են հաճախ երգում: Հեղինակը չի զգում իր երգածը: Իրականում այս ամենը գալիս է նրանից, որ մեր հասարակության գրեթե բոլոր շերտերում է այդ վիճակը: Այնտեղ գործող արժեքների արտահայտությունը նաեւ երգարվեստում է: Ազնվությունը, աշխատանքը մերժված են եւ մղվել են երկրորդ պլան: Ընդհանուր պատկերն է իրականում այդպիսին:
-Շարունակո՞ւմ եք երգեր հեղինակել: Ձեր բոլոր երգե՞րն են հեղինակային:
-Ո՛չ, այլեւս երգեր չեմ գրում: Իսկ հեղինակային են միայն երգերիս որոշ մասը: Մնացած բոլոր երգերն ուղղակի իմ կողմից մշակվում են, սակայն դրանք անպայման պետք է նախկինում երբեւէ կատարված չլինեն: Այսպիսով` դժվար չէ կռահել, որ արխիվային աշխատանքս էլ մեծ ծավալների է հասնում. անվերջ փնտրել ու փորփրել հիմնականում հին, մոռացված կամ կիսամոռացված, չկատարված երաժշտական ստեղծագործություններ:
-Իսկ չկա՞ն այնպիսի կատարողներ, որոնց կարող եք վստահել Ձեր երգերը:
-Իրականում կան ինքնատիպ կատարողներ: Կան այդպիսի մարդիկ, բայց այդ մարդիկ, հավատացե՛ք, մնում են պարտված: Նրանք չեն կարող ճեղքել այս գորշ պալարը: Ես չեմ կարող տեսնել նրանց, լսել իրենց երգածը: Այնուամենայնիվ, ստացվում է, որ ճշմարիտ արվեստին հետեւողները գրեթե պարտված են:
-Հասարակության, ունկնդրի դերը ո՞րն է այստեղ: Ինչ հրամցվում է, պետք է միանշանակ եւ առանց դժգոհելու լսե՞լ ու ընդունե՞ լ:
-Դեմ եմ այն ամենին, ինչից թանգարանային նմուշի հոտ է գալիս, լինի դա դասական թե ազգագրական: Ըստ իս` ամենակարեւոր պայմանն այն է, որ երգը մատուցվի շատ լավ հղկված վիճակում եւ պարզ, առանց արհեստական, ստերեոտիպային որեւէ նշույլի: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Իսկ հիմա ինչ մատուցում են, մարդիկ դա էլ ընդունում են որպես միակը եւ ճիշտը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրանտ Համազասպի Շահինյանի արձանի բացման արարողությունը: Վերջինս իրենց ներկայությամբ պատվեցին ականավոր մարզիկներ Օկսեն Միրզոյանը, Ալբերտ Ազարյանը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ այլք:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Ծննդյան 60-ամյակի առթիվ մշակույթի եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքապետի ոսկե մեդալը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Հասմիկ Լեյլոյանին հանձնվել է հենց ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ:

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ «ԿԱՐՄԵՆ»-ԻՑ
Ավստրալիայի օպերային խումբը հրաժարվել Է «Կարմեն» օպերայի բեմադրությունից այն պատճառով, որ ներկայացման մեջ քարոզվում է ծխելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Associated Press»-ին: Այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ առողջապահության հարցերի պետական գործակալությունը՝ «Healthway»-ը, առաջարկել է West Australian Opera խմբին 355 հազար դոլար վճարել բեմադրությունից ժամանակավորապես հրաժարվելու փոխարեն: «Healthway»-ի ղեկավարության կարծիքով Ժորժ Բիզեի հռչակավոր օպերայում, որն ստեղծվել Է Պրոսպեր Մերիմեի նովելի մոտիվներով, ակտիվորեն քարոզվում Է ծխելը: Կարմենն աշխատում Է ծխախոտի ֆաբրիկայում, որի բոլոր բանվորուհիները ծխում են:
Օպերային խմբի հետ «Healthway»-ի կնքած պայմանագիրն ուժի մեջ Է մտնում 2015 թվականի մարտից՝ երկու տարի ժամկետով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵԳԵՆԴԻՆ
Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո տեւական ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհի Սիրուշուն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել աշխարհահռչակ երգիչ Լայնլ Րիչիի հետ՝ մակագրելով. «Անմոռանալի էր հանդիպումը համաշխարհային լեգենդի հետ, հաճելի ու շատ հետաքրքիր մարդ: Աննկարագրելի զգացողություն է, երբ նման մեծությունը, ում երգերը լսելով մեծացել ես, գովեստի խոսքեր է ասում աշխատանքիդ մասին»,-համեստորեն գրել է Սիրուշոն:

 

ԶԱՐՄԱՑԱԾ Է
Մոտ մեկ ամիս առաջ Նարեկ Բավեյանը ներկայացրեց «Մեր մեծերը» վերնագրով տեսահոլովակը: Երգը, կարծես, մեծ աղմուկ չհանեց, բայց երգիչն օրեր առաջ նման բովանդակությամբ գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում. «Արդեն մի քանի անգամ լսում եմ կարծիք, որն ինձ համար աբսուրդային է: Ինձ հարցնում են, թե ինչու եմ երգում, որ մեր մեծերը հարգանքի են արժանի, նրանց խոսքը լսել է պետք, ասում են՝ բոլոր մեծերը չէ, որ հարգանքի են արժանի, եւ նրանց խորհուրդները միշտ չէ, որ իմաստուն են: Լա՛վ, համաձայն եմ, նույն կերպ կարող ենք ասել, որ բոլորը չէ, որ արժանի են սիրո, ուրեմն չերգե՞նք սիրո մասին…»: Այնուհետեւ Նարեկը հավելում է, որ լինում են վատ ուսուցիչներ, ուրեմն չտոնե՞նք նրանց տոնը, լինում են նաեւ վատ զինվորներ, չոգեւորե՞նք մեր բանակայիններին ու հերոս տղաներին:

 

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒԻ ՎՐԱ
Սկանդալային դերասանուհի Ամանդա Բայնսը, ով մշտապես թմրանյութերի հետ կապված խնդիրներ Է ունենում, այս անգամ կրկին աչքի է ընկել իր ակտիվ վարքագծով: Նախօրեին 28-ամյա դերասանուհին «Gilded Lily» գիշերային ակումբում հարձակվել է մի երկրպագուհու վրա: Աստղին բարկացրել է այն հանգամանքը, որ երկրպագուհին սկսել է լուսանկարել իրեն: Նա կատաղությամբ հարձակվել է կնոջ վրա եւ ճանկռել նրա պարանոցն ու ձեռքերը: Տուժողը դեռ չի պատրաստվում դիմել դատարան, սակայն վերջինս մի շարք ապացույցներ ունի Ամանդայի դեմ: Այս ամենից հետո Ամանդան կրկին «ցուցադրել է» իրեն, բայց այս անգամ «Barneys» խանութում. նա գողացել է 200 դոլար արժողությամբ մի գլխարկ: Խանութից դուրս գալիս անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են դերասանուհուն: Ամանդան բացատրել է, որ նա մտադիր չէր գողանալ գլխարկը, պարզապես վերցրել է այն՝ երկրպագուներից թաքնվելու համար: Լսելով նրա փաստարկները՝ աշխատակիցը թույլ է տվել, որ նա գնա, բայց արգելել է այդուհետ մտնել նշված խանութը:

 




Լրահոս