«ՉԵՄ ԴԻՄՈՒՄ. ԳԻՏԵՄ, ՈՐ ԿՄԵՐԺՎԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը վերջերս իր համար նոր տարերք է գտել եւ ամբողջովին նվիրվել դրան: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ոգեւորության, առաջիկա ծրագրերի մասին: Երգչուհին, սակայն, նշել է, որ դրանք իրականացնելու գործում ինքն աջակիցներ չունի:

-Տիկի՛ն Պիպոյան, գիտենք, որ ստեղծագործական առումով Ձեզ մոտ այժմ երջանիկ շրջան է. կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, վերջերս ես ելույթ ունեցա Գաֆեսճյան արվեստի կենտրոնում` գրադարանային եւ մշակութային գործիչների առջեւ, երաժիշտների եւ երեխաներից կազմված երգչախմբի հետ եւ մեծ բավականություն ստացա: Դա ինձ համար ներկայանալու նոր ձեւ էր, նոր տարերք. անչափ գեղեցիկ էր թառի եւ լարային գործիքների նվագակցությունը երգչախմբի ձայնակցության հետ: Օրորների շարքը, որ գրում եմ, հիմնականում գործիքավորված է այդպես: Առաջիկայում ծրագրում եմ նաեւ մենահամերգ, հուլիսին եւս կունենամ համերգ:
-Իսկ կա՞ն մարդիկ, կառույցներ, որոնք պատրաստակամ են օգնելու Ձեզ:
-Ո՛չ, ես չեմ էլ դիմում. տարիներ առաջ մեկ-երկու անգամ դիմել եմ եւ մերժվել. այդ զգացողությունն այնքան տհաճ էր, որ չեմ ուզենա վերապրել: Բարերարների, օրինակ, չեմ դիմում, որովհետեւ գիտեմ, որ կմերժվեմ, իսկ պետական կառույցներից մշակույթի նախարարությունը մեկ անգամ աջակցել է ինձ որոշ չափով, չեմ կարծում, թե երկրորդ անգամ կօգնի:
-Դուք մի առիթով խոսել էիք Ձեր ոլորտում ձեւավորված «թայֆաների» մասին, որոնց անդամ լինելով` հնարավոր է լինում ինչ-ինչ առավելություններ ստանալ ասպարեզում: Այդ «թայֆաների» անդամ չլինելը Ձեզ ինչի՞ց է զրկում:
-Կապերից, հովանավորչությունից, հեշտ գումար աշխատելուց: Կան նման խմբավորումներ, որոնց կազմում միշտ նույն դեմքերն են: Որոշներին հրավիրում են որեւէ պետական միջոցառման ելույթ ունենալու, «մինուս»-ով կամ «պլյուս»-ով մեկ երգ երգելու համար վճարում են բավական բարձր գումար: Ինձ շատ հազվադեպ են հրավիրում նման միջոցառումների, երբ գնում էլ եմ, տեսնում եմ, թե այդտեղ ելույթ ունեցողների գործը որքա՜ն հեշտ է, երբեմն նախանձում եմ նրանց…
-Ձեր արվեստն ինդիվիդուալիստական է, ուստի դեմ է կոլեկտիվ մտածողությանը. գուցե ա՞յդ է պատճառը, որ Դուք այսօր փոքր-ինչ մեկուսացված եք ընդհանուրից, կարծես մի կողմ եք քաշվել…
-Այդ կոլեկտիվ մտածողությունը, կարծում եմ, սկիզբ առավ 93-94 թվականներին: Հիշում եմ` մի օր անցնում էի Երգի պետական թատրոնի կողքով, հանկարծ ականջովս ընկավ Հենդելի «Հալելուիա»-ն` երգչախմբի կատարմամբ, մտա, տեսա՝ Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ երգիչները կանգնած երգում են, այնքան սիրուն էր, այն օրերի գորշության մեջ հատկապես: Ես մտա այդ խմբի մեջ, սկսեցի երգել: Եվ հիշում եմ, որ երբ նոր երգեր էին գրվում, խմբով նստում էինք, ու բոլոր անդամներն ինչ-որ առաջարկություններ էին անում, կարծիքներ էին հայտնում, թե տվյալ երգի մեջ ինչն է լավ եւ ինչը վատ: Երբ հերթը հասավ իմ երգին, ես ասացի, որ չեմ ուզում` այն քննարկվի, Արթուր Գրիգորիչն ասաց, որ իրենց մոտ այդպես է ընդունված, բայց ես պնդեցի, որ չեմ ուզում` իմ երգի վերաբերյալ կոլեկտիվ որոշում կայացվի: Այդ ընդհանուր քննարկումները բերում էին նրան, որ երգարվեստում հաստատվում էր միանման ոճ, ուստի ես ասացի, որ գնում եմ, եւ այդտեղից սկսվեց իմ առանձնացումը: Բայց ես չեմ ասում, թե ես եմ ճիշտը կամ լավը, պարզապես այն, ինչ արել եմ, ուզեցել եմ ինքս անել…
-Եվ վերջում`այս շրջանում Ձեր մտահոգություններից մեկի մասին. գիտենք, որ Ձեր հոր` ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի «Գաղթ» կտավի մշտական ցուցադրության համար տեղ եք փնտրում, բայց այդպես էլ չեք գտնում…
-Այո՛, այդ նկարը, որը հայրս ներկայացրել է 1980-ին, արժանացել է «Տարվա լավագույն գեղանկարչական աշխատանք» մրցանակին: Արդեն տասը տարի է` այդ գործը փակված էր արվեստանոցում, հիմա Գաֆեսճյան թանգարանը վերցրել է ժամանակավոր ցուցադրության: Մեր թանգարանները համաձայն են պահել այն իրենց պահոցներում, բայց դա իմաստ չունի. ես ուզում եմ, որ այն մշտական ցուցադրության հանվի: Պաշտոնյաներն ու մշակույթի նախարարության ներկայացուցիչները, կարծում եմ, չեն էլ տեսել այդ նկարը, բայց ես դեռ հույս ունեմ, որ այն կգտնի իր արժանի տեղը:

 

 

 

 
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ԿԵՂԾ ԼԱՅՔԵՐ ԼՑՆԵԼՈՒ» ՄԵՋ

«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է հայ աստղերի կողմից սոցցանցերում եւ «Յութուբ»-ում իրենց էջերի, նյութերի համար կեղծ հավանություններ եւ բաժանորդներ հավաքելու միտումին: Նրանց մի մասի կեղծիքն այդպես էլ հնարավոր չէ բացահայտել, քանի որ վերջիններս իրականում ունեն մեծ թվով երկրպագուներ եւ «նկարած թվերը», նրանց պարզաբանմամբ, հենց դրա հետեւանքն են: Սակայն նրանց կողքին կան աստղեր, որոնք այդքան էլ մեծ ճանաչում չունեն, եւ երբ նրանք են սոցցանցերում, միկրոբլոգներում եւ այլ օնլայն հարթակներում բաժանորդների կամ էջերի հավանությունների մեծ քանակ ապահովում, այդ հանգամանքն աննկատ չի մնում:

Վերջերս համացանցում քննարկման առիթ դարձավ երգիչ Վարդան Սարգսյանի «Ինստագրամ»-ի հետեւորդների եւ հավաքած «լայքեր»-ի քանակը: ոմանք երգչին մեղադրեցին հատուկ ծրագրերի միջամտությանը դիմելու, «կեղծ լայքեր լցնելու» մեջ` հավելելով, որ Վարդանն ուշադրության պակաս ունի:
«Ես այնքան զբաղված եմ, որ չեմ էլ կարող ժամանակ հատկացնել նման ծրագրերի: Ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է «Ինստագրամ»-ի իմ էջը, թող զննեն ու քննեն, իսկ ես խոստանում եմ աշխարհի տարբեր երկրներից նոր լուսանկարներ տեղադրել: Եթե բոլորն այդպես ուշադիր կերպով հետեւում են իմ էջին, ուրեմն առավել եւս ես ուշադրության պակաս չունեմ, հուսով եմ` այս խոսակցություններից հետո բաժանորդներիս թիվն ավելի կմեծանա: Իսկ եթե ինձ «գտել են» ինչ-որ ծրագրերում, թող հրապարակեն այդ նկարները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Նա նաեւ հավելեց, որ կան ծրագրեր, որոնց միջոցով իրական մարդիկ կարող են հավանել հարյուրավոր նկարներ. «Այդտեղ կեղծիք չկա, պարզապես դա նկարները մեծ թվով մարդկանց հասցնելու մի ձեւ է: Եթե նկարներդ լավն են, դրանք կարող են հետաքրքրել շատերին, եւ վերջիններս, հնարավոր է, սկսեն քեզ հետեւել: Բայց դրա համար ժամեր եւ օրեր են պետք, որը ես չունեմ: Եթե ունենայի, հաստատ կմասնակցեի նման ծրագրերի, քանի որ կուզեի, որ աշխարհի տարբեր երկրներում տեսնեին նկարներս եւ հավանեին»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
Օպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, հայտնի հումորիստ Գեւորգ Մինասյանը սրտի կաթված է ստացել: NEWS.am-ի փոխանցմամբ` օրերս հայտնի դերասանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` կայուն ծանր վիճակում:
Սիրված հումորիստի` ինքն իր մասին հետեւյալ գրառումը երեկ լայնորեն շրջանառվում էր համացանցում. «Ես` Գեւորգ Մինասյանս, ծնվել եմ անզգույշ, 1964-ին, առավել լավ պայմաններում: Երբ ցանկացել եմ, կերել եմ պաղպաղակ ու չալաղաջ, առավել եւս` քշել եմ հեծանիվ ու այլ մանր-մունր քշվող առարկաներ: Իմ կյանքի ընթացքը դժվար է նկարագրել, քանզի գեւորգաբաններն իրենք չեն մտաբերում: Ունեցել եմ բարի կամք եւ թուլություն արդարության նկատմամբ, ինչպես Աշոտ Երկաթը, Պողպատը (մանավանդ կոփվելուց եւ այլն): Դրա համար էլ ուսում եմ առել դպրոցում, կոնսերվատորիայում եւ, իհարկե, ասպիրանտուրայում: Եղել եմ օպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, ուսուցիչ, տնօրեն… Էլ որն ասեմ… Հիմա սովորեցնում եմ եւ աշխատում… ինքս ինձ վրա…»:

 

ANATHEMA-Ն` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայտնի Anathema ռոք խումբը երեկ ժամանել է Երեւան` մասնակցելու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախատեսված համերգին: Վինսեն եւ Դենիել Կավանաների հետ եկել է վոկալիստ Լի Դուգլասը:
Նշենք, որ Anathema-ն Paradise Lost եւ My Dying Bride ռոք խմբերի հետ համարվում է դեթ/դում մետալ ոճի հիմնադիրներից մեկը:

 

«ՓԱԽՈՒՍՏ ԲԱՆՏԻՑ»-Ը ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Աշխարհահռչակ «Փախուստ բանտից» հեռուստասերիալը կարող է նոր շարունակություն ստանալ: DailyMail-ի փոխանցմամբ` սերիալի դերասանները` Վենթվորթ Միլլերը ու Դոմինիկ Պուրցելը, համաձայնել են նկարահանվել «Փախուստ բանտից» հեռուստանովելի նոր եթերաշրջանում: FOX ընկերությունը նպատակ ունի նոր եթերաշրջանում թողարկել 12 սերիա: Հիշեցնենք, որ հեռուստանովելը լայն տարածում գտավ 2005 թվականին, երբ մեծ էկրաններ բարձրացան դրա առաջին եթերաշրջանի սերիաները: 2006 թվականին հեռուստանովելը «People՚s Choice» մրցանակաբաշխությունում դրամատիկ հեռուստասերիալների անվանակարգում արժանացավ լավագույնի տիտղոսին:




Լրահոս