Կենտրոնի գոնե վերջին «կղզյակները» պետք է պահել. Լիլիթ Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մի խումբ արվեստագետներ համախմբվել էին` կոչ անելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք տարածել են «Քաղաքացիական պահանջագիր»` ուղղված Երեւանի քաղաքապետարանին:

12717587_996868233727576_8073710690701820447_n

«Մենք բարձրաձայնում ենք հազարավոր մտահոգ քաղաքացիների բողոքն ու վրդովմունքը. հանրության շահը պահանջում է պահպանել եւ վերականգնել մեր ինքնության մաս հանդիսացող մշակութային արժեքները: Մեր հստակ պահանջն է` դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումն ու որդեգրել դրանց պահպանման, խնամքի եւ մշակութային ժառանգության վերականգնման պետական քաղաքականություն»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է այդ արվեստագետների շարքը համալրած երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ:

-Տիկի՛ն Պիպոյան, Երեւանի հին շենքերից կոնկրետ որո՞նց հետ կապված հիշողություններ ունեք: Մի փոքր կպատմեք:

-Որն ասեմ… Ամբողջ կյանքս ապրել եմ կենտրոնում, իմ մանկությունն է այնտեղ անցել, այդ պատմական շենքերի կողքով վազվզել եմ, գնացել եմ երաժշտական դպրոց, դրանց մոտ մեծացել եմ, սիրահարվել եմ, կարոտել եմ: Դե, օրինակ` հրշեջների շենքը այնքա՜ն հարազատ կառույց է, այնքա՜ն եմ դրա կողքով անցել: Բացի այն, որ այս եւ մյուս շենքերը մեր հիշողություններում են, նաեւ էսթետիկական տեսանկյունից գեղեցիկ են: Ընդհանրապես, մի միտում եմ նկատել. եթե շենքը զարդարված չի, վրան կամարներ չունի, չգիտես ինչու, մեր ժողովուրդը դա ընկալում է որպես տգեղ շինություն, իսկ եթե այն զարդարված է, վրան ազգային նշաններ ունի, դա համարվում է սիրուն, բայց այդպես չէ. պարզ ճարտարապետությունն էլ ուրիշ գեղեցկություն ունի, որը մեր ժողովուրդը այնքան էլ չի ընկալում` որպես էսթետիկա, որպես արժեք:

-Դուք նաեւ ճարտարապետի մասնագիտություն ունեք, որպես ճարտարապետ` ի՞նչ բացթողումներ եք տեսնում Երեւանում:

-Երեւանում գերիշխող է թամանյանական դպրոցի նեոկլասիցիստական ազգային ոճը, որը ժամանակին հաստատվեց ու մնաց: Եվ հիմա, նույնիսկ երբ այսօրվա ճարտարապետները փորձում են նոր շենքեր կառուցել, միեւնույն է` աշխատում են այդ գիծը շարունակել: Դա, իմ կարծիքով, մի քիչ տարօրինակ է. չի կարելի 100 տարի շարունակ շահագործել այդ գաղափարը: Ես հասկանում եմ, որ հեղինակներն ուզում են չհակադրվել Թամանյանին, բայց դա ինձ համար արդեն ձանձրալի է դառնում: Քաղաքի ճարտարապետությունը կարծես կանգ է առել մի տեղում եւ առաջ չի գնում:

-Շատ է խոսվում այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնն այսօր չափազանց հագեցած է, Դուք այն «չխեղդելու» ի՞նչ տարբերակներ եք տեսնում:

-Պարզ է, որ կենտրոնը գրավիչ է, մարդիկ ձգտում են այնտեղ, բայց այդ հագեցման պրոցեսը կարելի է զսպել, որպեսզի կենտրոնում կյանքն անտանելի չդառնա, եւ մյուս կողմից չանտեսվի քաղաքի մնացած հատվածը: Կենտրոնը, իմ կարծիքով, պետք օգտագործվի ադմինիստրատիվ, գործնական նպատակներով, իսկ բնակելի շենքեր պետք է այդքան շատ չկառուցվեն. դա անհեթեթություն է, աբսուրդ: Հյուսիսային պողոտան այդ տեղում չպետք է լիներ. բնակելի շենքերում ապրող մարդիկ չեն դիմանում կենտրոնի անվերջանալի աղմուկին: Քանի որ կենտրոնը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում տուրիստների համար, պետք է պահել այնտեղի գոնե վերջին «կղզյակները», արժեքավոր շենքերի տաքուկ, թեկուզ փոքր մասշտաբը պետք է պահպանել: Իսկ դա կախված է քաղաքային իշխանությունների կամքից: Բնական է, որ եթե ֆոնդը խարխլված է, կարելի է քանդել ինչ-որ հատվածներ եւ նորը կառուցել, բայց դա այն դեպքում, երբ տվյալ շինությունը ծայրահեղ անպիտան է, իսկ եթե այն գոնե ինչ-որ չափով պիտանի է, հնի ու նորի` կողք կողքի ապրելու հանգամանքը կոնֆլիկտ չի պարունակում: Հինը պահպանելու մի շարք տարբերակներ կան, եւ դրանք շատ սիրուն ձեւով կարելի է իրականացնել:

-Ի՞նչ եք կարծում` պահանջագիրը` ուղղված քաղաքապետարանին, ի վերջո, որոշիչ կլինի՞:

-Այս պարագայում արվեստագետի դերը շատ եմ կարեւորում եւ կարծում եմ, որ խոսքը, որ մենք ասել ենք, անկախ այն բանից` ինչ քաշ կունենա որոշումների կայացման հարցում, համենայն դեպս, անտեսել դժվար կլինի, մեր ակտիվությունը գոնե ինչ-որ չափով հաշվի կառնվի, ես կարծում եմ, որ դրա հետ չեն կարող հաշվի չնստել: Մեր խոսքը գոնե կնպաստի, որ վերանայվեն մոտեցումները: Շատ եմ կարեւորում արվեստագետների հատկապես միասնական նախաձեռնությունը, ոչ այնքան անհատական: Կարծում եմ` համախմբումը կշարունակվի, եւ մեզ կմիանան այլ արվեստագետներ եւս:

Աննա Բաբաջանյան




Լրահոս