«Ինքը պիտի ասի՝ զակազչիկն ով ա». Կարո Կարապետյանը ցուցմունք է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի Մասիսի նստավայրում սկսվել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի մասով դատական քննությունը` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք: 2009 թվականի հոկտեմբերի 05-ին` ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Դեպքի վայրում է եղել նաև Կ. Կարապետյանի վարորդը` Օնիկ Հովհաննիսյանը, ով, զգալով Զադոյանի սպառնալիքների լրջությունը, հորդորել է նրան դադարեցնել կրակոցները:

Զադոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Մեղադրող Մուշեղյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Իսկ ամբաստանյալն ասաց, որ իրեն մեղադրանքի էությունը հասկանալի է, սակայն իրականությանը չի համապատասխանում: Նախագահողը ներկայացրեց առաջադրված մեղադրանքները՝ ըստ հոդվածների, և ամբաստանյալը պատասխանեց. «Սպանության սպառնալիքներ տալու մեջ մեղավոր չեմ ճանաչում, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ չեմ ճանաչում, իսկ առողջությանը վնաս հասցնելու մասով եղել է միայն ինքնապաշտպանությունից ելնելով»:

Կողմերին լսելուց հետո դատարանը որոշեց սկզբում լսել տուժող Կարո Կարապետանին, վկաներին, վերջում` ամբաստանյալին: «Հայաստանում տենց տղա չկա, որ իմ վրա ձեռք բարձրացնի, յանի տղա գտնվավ: Ասում ա` իշխանությունն ա իմ կողքը կանգնած, ինքը ընդդիմություն ա: Պիտի ասեր ինձ՝ զակազչիկն ով ա: Ինքը վախից շռել էր տակը, վրից հոտ էր գալիս արդեն: Սաղ Եվրոպայում հազար անգամ դատված ա էղել: Ասել ա՝ եթե Կարոն ինձնից փող ուզեր, ես իրան կխփեմ գլխից:

Եվրոպաներում  նենց տղեքի եմ խփել, իրան խի պիտի չկարանամ խփեմ: Էս ամեն ինչի շարժառիթն էն ա էղել, որ ինքը չի ուզել իմ փողը տա: Դրա համար էլ ուզում էր ինձ խփեր: Ինքը չի ապրի, մինչև չասի՝ զակազչիկն ովա: Իրավապահ մարմինը ես եմ իմ համար»,- ասաց տուժող Կարո Կարապետյանը:

Նիստը շարունակվում է:




Լրահոս