ԵՌՅԱԿԻ ՍԻՐՏՆ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ
Ինչպես եւ սպասվում էր՝ երեկ տեղի ունեցած հանրահավաքում ոչ իշխանական եռյակի առաջնորդները ձեռնպահ մնացին հրաժարականի կոնկրետ պահանջ եւ ժամկետ նշելուց: Բայց, ի տարբերություն նախորդ հանրահավաքի, այս անգամ արդեն ակնարկեցին, թե ինչ են ուզում ստանալ իշխանություններից: Այսպես՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է «սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Իսկ թե ինչպես պետք է այդ նպատակն իրագործեն, նա, տակտիկական նկատառումներից ելնելով, չասաց: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, գործնականում շարունակելով Տեր-Պետրոսյանի միտքը, մի փոքր առաջ գնալով, կոչով դիմեց իշխանություններին. «…գալ քաղաքական համաձայնության, կիսել իշխանությունը, ստեղծել ժամանակավոր կառավարություն: Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը պետք է հրաժարական տան»: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ երեկվա հիմնական բանախոսը, ամփոփեց իշխանություններից իրենց ակնկալիքները. «…ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների»: Այսինքն՝ ոչ իշխանական եռյակը ցանկանում է իշխանություններից ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ Ծառուկյանի՝ եթե իշխանությունները մերժեն իրենց. «…ապա մենք փողոցում ու հրապարակներում կանգնած կպարտադրենք իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ»:
Հ.Գ. Ընդամենը երկու օրից լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցը: Հանրահավաքի բանախոսներից եւ ոչ մեկը իր խոսքում հոկտեմբերի 27-ի մասին չհիշատակեց, այդ թվում եւ՝ Կարեն Դեմիրճյանի որդին:
ԵՎրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրերը ՍԴ-ում քննարկելու օրը դեռ հայտնի չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՍԴ-ից: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ծրագրել են հատուկ ԵՏՄ համաձայնագրերը քննարկելու նպատակով նոյեմբերի 17-ին եւ 18 ԱԺ արտահերթ նիստեր հրավիրել: Ուստի ենթադրվում է, որ սահմանադրական դատարանը մինչեւ նոյեմբերի սկիզբը արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ի դեպ, նշենք, որ ՍԴ-ն միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը, որպես կանոն, քննում է գրավոր ընթացակարգով, սակայն, բացառիկ դեպքերում, փաստաթղթի կարեւորությունը հաշվի առնելով՝ քննարկումը կարող է տեղի ունենալ նաեւ բանավոր ընթացակարգով: Բայց դժվար թե ՍԴ-ն որոշի ԵՏՄ-ի համաձայնագրերը բանավոր ընթացակարգով քննարկել, ավելին՝ ակնկալվում է, որ ՍԴ-ում կփորձեն այդ փաստաթղթերը հնարավորինս աննկատ կերպով «անցկացնել»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակում, երբ քննարկվել է հնարավոր նստացույցը կազմակերպելու հարցը, ԲՀԿ-ի գործարար պատգամավորները Գագիկ Ծառուկյանին առաջարկել են մի փոքր «կրեատիվ» տարբերակ ընտրել` նախկինում կազմակերպված նստացույցերից տարբերվելու համար: Ոչ իշխանական օլիգարխներն առաջարկել են նստացույցը կազմակերպել ոչ թե վրաններով, այլ նստարան-աթոռներով: Մի քանի գործարարներ ասել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Ազատության հրապարակ բերել, ասենք, հինգ հազար աթոռ, շարել այնտեղ, որպեսզի մարդիկ նստեն, ինչի արդյունքում նստացույցը կլինի բառիս բուն իմաստով: Բացառված չէ, որ եթե հաջորդ հանրահավաքում, այնուամենայնիվ, որոշվի նստացույց կազմակերպել, հենց այս տարբերակը կկիրառվի: Նշենք, որ երեկ, չնայած եռյակի մյուս լիդերների ցանկությանը, Ծառուկյանը հայտարարեց, թե չի լինելու նստացույց՝ այդ հարցն էլ թողնելով «հաջորդ դասին»:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն դրույթները, ըստ որոնց՝ տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն իրենց շրջանառությունն ամբողջությամբ փաստաթղթերով պետք է հիմնավորեն: Փոքր եւ միջին ձեռներեցների՝ այս մոտեցման դեմ բարձրացրած բողոքի ալիքից հետո ՀՀ կառավարությունը որոշեց փոխել ՇՀՄ օրենքը: Համապատասխան նախագիծն ուղարկեց ԱԺ, որպեսզի այն առաջնահերթության կարգով քննարկվի, սակայն անցած քառօրյայում այն չքննարկվեց: Արդյունքում՝ տնտեսական հարաբերություններում ստեղծվել է անօրեն իրավիճակ: Ձեռներեցության համար կարեւորագույն օրենքներից մեկը, չնայած ուժի մեջ է, բայց չի գործում, որովհետեւ կառավարությունն ընդունել է, որ դրանում կա սխալ, հին տարբերակն էլ չի կարող կիրառվել, քանի որ ուժը կորցրել է: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց, թե. «Խնդիրները կլուծվեն, օրենքը կգործի իր ողջ ծավալով»:
ԱՆՋՂԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մինչ ոչ իշխանական եռյակի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարում էր ԵՏՄ-ի դեմ խոսելու վնասակարության մասին, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը պաշտոնապես հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ գործելու է մաքսակետ: «Ռեգնում»-ի փոխանցմամբ` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք լուծվել է Հայաստանի եւ ԼՂՀ սահմանին մաքսավորների ներկայության հարցը, Բելյանինովը պատասխանել է. «Ռուսաստանը մտադիր չէ խառնվելու Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանային անցակետի աշխատանքին: Առաջիկայում չենք նախատեսում… Ես վերջերս Հայաստանում ներկայացուցիչ եմ նշանակել, առաջիկայում նա կգնա Հայաստան: Ամենայն հավանականությամբ, նա կայցելի սահման, սակայն հայ մաքսավորների գործերին չենք պատրաստվում միջամտել»:
Իհարկե, դատելով ռուս պաշտոնյայի ձեւակերպումներից` կարելի է ենթադրել, որ մաքսակետի հարցում գործելու է «անունը կա, ամանումը` ոչ» տարբերակը: Գրեթե այնպես, ինչպես որ հիմա է: Չէ որ ներկայումս էլ կարծես թե Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանին կա անցակետանման մի բան, որը, սակայն, գրեթե երբեք որեւէ գործառույթ չի իրականացնում: Համենայն դեպս մինչ օրս Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ բոլոր փոխադրումներն իրականացվում են առանց որեւէ ստուգման կամ մաքսային ընթացակարգի: Սակայն քաղաքականության մեջ, առավել եւս` ստանձնած միջազգային պարտավորությունների դեպքում, նման հեղհեղուկ լուծումները շատ վտանգավոր են, քանզի կարող են որոշակի գործոնների ճնշման ներքո ենթարկվել փոփոխությունների եւ բերվել պայմանագրով ստանձնած պարտավորությունների՝ հարյուր տոկոսով կատարմանը:
Ընդ որում, հենց նույն Բելյանինովի խոսքում էլ հնչում է «առաջիկայում չենք պատրաստվում» ձեւակերպումը, որը խոսում է զուտ այս պահի քաղաքական պայմանավորվածության մասին: Թե մինչեւ երբ եւ ինչ չափով կգործի այդ քաղաքական պայմանավորվածությունը, դժվար է ասել: Եվ ուրեմն` այս հարցը դամոկլյան սրի նման այլեւս կախված է մնալու Ղարաբաղի տնտեսության գլխին:
Առաջիկայում մեկ այլ դամոկլյան սուր էլ կախվելու է հայոց լեզվի գլխին, քանզի նույն Բելյանինովը երեկվա ասուլիսում ընդգծել է. «Այսօր գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է: Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մաքսային միությունում մենք ռուսերենն ենք գործածում՝ որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, գործածվում է հայերենը»: Այսպիսով` անորոշ օգուտների հեռանկարն անգամ չտեսած` մեր առջեւ արդեն իսկ բացվում են հայոց լեզվի վտանգման եւ Ղարաբաղի հետ սահմանազատման մռայլ եվրատնտեսական հեռանկարները: Եվ այս ամենը` Լ. Տեր-Պետրոսյանի անջղաձիգ քաջալերման ներքո: