Մանկավարժ Լուսինե Ղազարյանի սպանությունից անցել է 2 տարի: Քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ սպանության գործի քննությունը կասեցվել է՝ սպանություն կատարողին չբացահայտելու հիմքով:
Armlur.am-ը կապ հաստատեց սպանված մանկավարժի քրոջ՝ Մարի Ղազարյանի հետ՝ իմանալու՝ արդյոք իրենց հաջողվել է մանրամասներ իմանալ դեպքից, և պարզեցինք, որ Մարին տեղյակ չէր, որ հարուցված քրեական գործը կասեցվել է:
Ավելին, նա նշեց, որ պարբերաբար հետաքրքրվել է ոստիկանությունից, թե ինչ ընթացքում է քննությունը, սակայն այնտեղից իրեն հայտնել են, որ պետք է դիմել ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ էլ Մարի Ղազարյանին հրաժարվել են ընդունել՝ պատճառաբանելով, թե նորաստեղծ մարմին է, դեռ չեն կարող ընդունելություն կազմակերպել:
Մեզ հետ զրույցի ընթացքում Մարի Ղազարյանը զանգահարեց եղբորը՝ Սերգեյին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ գիտի քրգործի կասեցման վերաբերյալ: Պարզվեց՝ եղբայրը տեղյակ էր:
Տեղեկացնենք, որ այս գործի մասով լուրեր էին շրջանառվում, որ սպանության շարժառիթը եղել է բնակարանային խնդիրը: Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք այդպես է, սպանվածի քույրը՝ Մարի Ղազարյանը, հարցով պատասխանեց. «Այսինքն ի՞նձ են մեղադրում: Մենք այնքան սիրով քույրեր ենք եղել: Միշտ իրար հետ ենք եղել: Լավ էլի, ամոթ է»: Շտապեցինք պարզաբանել, որ մենք ոչ թե իրեն նկատի ունեինք, այլ շրջանառվող լուրերի մասին ունեցած տեղեկությունն էինք ընդամենը փորձում ճշտել: Այստեղ սպանվածի քույրը վստահեցրեց. «Ես հետևողականորեն հետաքրքրվում եմ, որպեսզի իմանամ՝ ում ձեռքի գործն է սա»:
Նշենք, որ հեռախոսազրույցից րոպեներ անց Armlur.am-ի խմբագրություն զանգահարեց Լուսինե Ղազարյանի եղբայրը՝ պահանջելով չխառնվել այս գործին: Սպանված մանկավարժի եղբայրը տարօրինակ ագրեսիվությամբ փորձեց արգելել մեզ ընդհանրապես լուսաբանել նշված գործը՝ տպավորություն թողնելով, որ հարազատներն այնքան էլ շահագրգռված չեն իրենց քրոջ սպանության գործի մասին բարձրաձայնելու հարցում:
Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս առեղծվածային սպանությանը, և պարզվել էր, որ սպանությունից որոշ ժամանակ անց հանցագործները թալանել են նաև ուսուցչուհու բնակարանը:
Դասվար Լուսինե Ղազարյանին հարևաններն ու գործընկերները միայն դրական գնահատականներով էին բնութագրում և նշում էին, որ Լուսինեի սպանությունը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, քանի որ այնպիսի անձնավորություն էր, ով թշնամիներ չէր կարող ունենալ. նրան բոլորը սիրում էին և իրենց բարեկամն էին համարում: «Բարոյապես առաքինի, հրաշալի մանկավարժ էր, հոգևոր մեծ արժեքների տեր, ավանդապաշտ, ամենադրական հատկանիշներով օժտված: Հարգված էր և՛ ուսուցչական կոլեկտիվի կողմից, և՛ հասարակության»,- այսպես էին բնութագրում Լուսինեին հարևաններն ու գործընկերները:
Ինչևէ, Արաբկիրի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների 20 տարվա մանկավարժն այլևս չկա, իսկ հանցագործը ազատության մեջ է և միգուցե փնտրում է իր հաջորդ զոհին:
Լուսինե Ղազարյանը հոր մահից հետո միայնակ էր ապրում, ամուսնացած չէր: Թերևս վախենալով մենակությունից կամ պարզապես չցանկանալով մենակ մնալ՝ ուսուցչուհուն ընկերակցում է քրոջ որդին՝ Դավիթը: Մորաքրոջ սպանության օրը, սակայն, վերջինս դուրս է գալիս բնակարանից: Ինչպես ավելի վաղ «Ժողովուրդ»-ին հայտնել էր սպանվածի քույրը, Լուսինեն զանգահարել է իրեն ու ասել, թե տղան գնում է տուն, թող դիմավորի նրան:
Ավելի ուշ, երբ Լուսինեն չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին, Մարին և հարևանները կոտրել են դուռն ու ներս մտել՝ Լուսինեին հայտնաբերելով անկողնու վրա ընկած: Դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր. Լուսինեին խեղդամահ էին արել:
Տաթև Հարությունյան