ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ ՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՉՀԱՆԳՍՏԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս, սական սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ավելին, սպանությունից 4 ամիս անց` նոյեմբերի 21-ին, հանցագործները թալանել են նաեւ ուսուցչուհու բնակարանը, իսկ հարազատներն այս օրերին վախով են բացում վերջինիս բնակարանի դուռը:
Հիշեցնենք, որ Լ. Ղազարյանը տարրական դասարանների ուսուցչուհի էր, ապրում էր միայնակ, ամուսնացած չէր:
Դեպքից 6 ամիս անց «Ժողովուրդ»-ը կրկին այցելեց Կոմիտասի 30 շենք: 6-րդ բնակարանում, որտեղ ապրում էր Լուսինեն, այժմ ոչ ոք չի բնակվում: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին հարեւանները: «Միայն մեկ-մեկ իր քույրը` Մարին է գալիս գնում»,-ասացին նրանք: Հարեւանների համար ուսուցչուհու հետ կատարվածն այդպես էլ մնաց հանելուկ, եւ մինչեւ այսօր նրանք զարմացած են: Ոմանք էլ չցանկացան վերհիշել օգոստոսի 12-ի գիշերվա կատարվածը եւ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով. «Գիտեք, ամեն անգամ մեզ հարցնելով եւ մեր անունները գրելով՝ դուք մեր կյանքն եք վտանգում, քանի որ մինչեւ հիմա հանցագործը բռնված չէ»:
Այցելեցինք սպանված ուսուցչուհու քրոջ` Մարի Ղազարյանի բնակարան: Վերջինս եւս Ս. Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցում ուսուցչուհի է: Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ Դավիթը եւ Լիլիթը: Նրա խոսքով՝ ինքը եւ քույրը շատ մտերիմ են եղել: «Ամեն ժամ զանգահարում էինք, միշտ կապի մեջ էինք: Քույրս բնակարանն էր նորոգում, եւ մենք օգոստոսի 10-11-ին հարազատներով օգնում էինք նրան: Դեպքի գիշերը տղաս իր մոտ էր, իսկ հետո՝ ավելի ուշ, քույրս զանգահարեց եւ ասաց, թե Մա՛ր, տղադ գալիս է տուն, դիմավորի՛ր: Հետո ավելի ուշ զանգահարեցի քրոջս եւ տեղյակ պահեցի, որ Դավիթը հասավ տուն: Վերջ, դա եղավ մեր վերջին խոսակցությունը»,-խորը հոգոց հանելով՝ ասաց Մ. Ղազարյանը:
Վերջինիս պարզաբանմամբ՝ հարեւանները լսել են Լուսինեի բնակարանից եկող ձայները, բայց չեն հասկացել, որ դա նրա տնից է գալիս: Նրանցից ոմանք ասել են, թե տղամարդու ձայն է եղել, ոմանք էլ նշել են, թե կատվի նվվոց են լսել: «Այդ կատվի նվվոցը երեւի խեղդամահ անելիս քրոջս ձայնն է եղել: Հարեւաններն անմիջապես զանգահարել են քրոջս բնակարան, բայց նա չի պատասխանել, եւ հետո նոր մեզ են տեղյակ պահել»,-նշեց նա:
Տիկին Մարիի պատմելով` առավոտյան ժամը 6-ին Լուսինեի հարեւաններից մեկը զանգահարել է իր տղայի հեռախոսին: Մարին, տեսնելով քրոջ հարեւանուհու հեռախոսահամարը,  վախ է զգացել եւ անմիջապես զանգահարել քրոջ բջջայինին, սակայն զանգերը մնացել են անպատասխան. «Երբ հարեւանուհու համարը տեսա, միանգամից քույրս մտքովս անցավ: Արագ զանգահարեցի հարեւանին եւ հարցրեցի՝ ինչ է եղել, իրենք էլ ասացին, թե շո՛ւտ արի: Գնացինք, դուռը խփեցինք, բացող չկա, վազեցինք դուրս, դրսից բղավեցինք, բայց ապարդյուն: Արդեն ավելի ուշ դուռը ջարդեցինք, մտանք  ներս եւ տեսանք, որ նա հյուրասենյակում անկողնու վրա ընկած էր»:
Մ. Ղազարյանի խոսքով՝ ինքը երբեք իր քույրիկին մենակ չէր թողնում: Միշտ իր երեխաներից մեկը մնում էր նրա հետ: Իսկ թե ինչպես այդ գիշեր Լուսինեի միայնակ լինելու մասին իմացավ հանցագործը, հայտնի չէ:
Նա նաեւ պատմեց, որ քրոջ սպանությունից 4 ամիս անց` նոյեմբերի 21-ին, հանցագործները թալանել են խեղդամահ արված քրոջ բնակարանը. «Նոյեմբերի 21-ին հայրիկիս մահված տարին էր, ես ցանկացա մի փոքր պատրաստություն տեսնել, որ հարազատներով հավաքվենք քրոջս տանը: Գնումներ էի արել եւ թողել այնտեղ: Նոյեմբերի 21-ի առավոտյան դուռը բացեցի եւ տեսա` ամեն ինչ սրբել տարել էին: Գողը նույնիսկ գինին էր խմել»: Այդ օրվանից սկսած` տիկին Մարին միայնակ չի գնում քրոջ տուն, ավելին, սկսել է ուշ-ուշ հաճախել. «Սարսափելի վախ կա մեջս»:
Նրանից տեղեկացանք, որ միշտ հետաքրքրվում են ոստիկանությունից՝ քրոջ սպանության գործով ձերբակալված կա, թե ոչ. «Մինչ օրս ոչ մի նորություն չկա, թե ով սպանեց նրան կամ ով դրանից հետո մտավ եւ թալանեց տունը: Մենք էլ կասկածներ չունենք, ո՞ւմ կասկածենք: Քույրս թշնամիներ չուներ, բայց չեմ կասկածում, որ, միգուցե, սա նույն հանցագործի ձեռքի գործը լինի»:
Նշենք, որ դեպքից երեք օր հետո «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել էր նաեւ Ս. Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոց: Դպրոցի ուսուցիչները, ինչպես նաեւ աշակերտները, ապշած էին կատարվածից: «Բարոյապես առաքինի, հրաշալի մանկավարժ էր, հոգեւոր մեծ արժեքների տեր, ավանդապաշտ, ամենադրական հատկանիշներով օժտված: Հարգված էր ե՛ւ ուսուցչական կոլեկտիվի կողմից, ե՛ւ հասարակության»,-նշել էին նրանք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առայժմ նորություններ չկան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս