Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե որոշվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը:
Բացի այդ՝ նա նշեց, թե նախատեսվում է ստեղծել միջազգային ինտեգրման նախարարություն՝ կապված Եվրասիական տնտեսական միության հետ:
Մանրամասները կներկայացվեն կառավարության նիստի ընթացքում: Այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կդառնա այդ միացյալ կառույցի ղեկավար, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխություններ են լինելու:
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ նաև որոշվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը վստահել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: