Եթե հղիությունն ընդհատվեր, մոր կյանքին վտանգ կսպառնար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արատավոր երեխաներ միշտ են ծնվել, ծնվում են և դեռ կծնվեն, այդ պատճառով վերջերս «Մալաթիա» ԲԿ-ում առանց ձեռքերի և ոտքի թաթի երեխայի ծնունդը պետք չէ շատ քննարկել և երևույթն արտասովոր համարել:

Armlur.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ հավելելով. «Եթե հղիությունն ընդհատվեր, ներարգանդային փուլում գտնվող երեխան սպանվեր, երեխայի մայրն էլ վարի գնար ու նրա կյանքին էլ վտանգ սպառնար, այդ ժամանակ ի՞նչ պետք է արվեր. անընդհատ պետք է խոսեին պտղի և մոր մահվան, կամ բժիշկների անօրինական քայլի՞ մասին»:

Բժշկի խոսքով՝ հասուն տարիքում կնոջ հղիության ընդհատումը վտանգում է նաև մոր կյանքը՝ հետագայում չբերության վտանգ առաջացնելով: Ինչ վերաբերում է նրան, որ ծնողները հրաժարվել են երեխայից, Նիկոլայ Դալլաքյանը գնահատեց, որ դա ծնողների իրավունքն է, իսկ վերջիններս օրենքով սահմանված կարգով երեխային իրենց են հանձնել: Հետագայում համապատասխան ժամանակահտվածում բուժօգնություն ստանալուց հետո արարտավոր երեխան կտեղափոխվի մանկատներից մեկը:

Armlur.am-ին բժիշկը հայտնեց, որ երեխան առողջական այլ խնդիրներ չունի, նրա մոտ ամեն բան կարգին է: Երբ մեծանա, նրան կպրոթեզավորեն, և ամեն բան լավ կլինի:

«Պետք չէ սին հայտարարություններ տարածել, թե երեխայի ծնողները տեղյակ չեն եղել պտղի արատների մասին»,- եզրափակեց բժիշկը:

Արդյոք ծնողներն իսկապես չե՞ն իմացել խնդրի մասին, «Մալաթիա» ԲԿ-ից այդպես էլ պարզել չհաջողվեց:

Ի դեպ, տեղեկացնենք, որ օրերս Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, անդրադառնալով այս դեպքին, նշել էր.«Արատավոր երեխա է ծնվել, ինչն արտառոց դեպք է, որը պահանջում է համապատասխան քննարկում: Առողջապահության նախարարությունում այս շաբաթվա ընթացքում այդ քննարկումը ծավալվելու է, և վերլուծություններ կարվեն»:




Լրահոս