Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկել էին Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ: Բանն այն է, որ Ստեփանակերտում վերջին տասնամյակում քաղաքաշինական փոփոխություններ են կատարվել, որոնք իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի մեջ: Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը առաջարկել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարին և Ստեփանակերտի քաղաքապետին`ներկայացնել Ստեփանակերտի իրենց տեսլականը` նախանշելով առկա բոլոր հիմնախնդիրները և հաշվի առնելով քաղաքի հեռանկարային զարգացումը:
Լսելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարի և Ստեփանակերտի քաղաքապետի կողմից բարձրացված հարցերը` Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայում և արդիականացում, կենտրոնի գոտևորում և բեռնաթափում, և այլն, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է, որ նախարարության և «Հայնախագիծ» ինստիտուտի պատասխանատուների հետ անդրանիկ այցը Արցախ միտված է տեղում լինելով ծանոթանալ հիմնահարցերին և նպաստել դրանց լուծմանը: Այս առումով նախարարը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ստեղծումը, ապա նաև` համագործակցության հուշագրի ստորագրումը` Ստեփանակերտի քաղաքաշինական խնդիրներին և զարգացման ծրագրերին խթանելու համար: