Քրոջ «պատիվը պաշտպանած» գյուղապետի եղբորորդին դեռևս կալանքի տակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի եղբորորդին` Սմբատը, սպանություն կատարելու մեղադրանքով 7 տարի շարունակ հետախուզվելուց հետո հայտնաբերվել և կալանավորվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ գործը տարիներ առաջ հարուցված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն ազգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով։ Սմբատ Գրիգորյանը ներկայումս նախնական կալանքի տակ է, իսկ նախաքննությունը շարունակվում է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ թեպետ դեպքը տեղի է ունեցել 7 տարի առաջ, իսկ միակ մեղադրյալը երկու ամիս առաջ հայտնաբերվել և կալանավորվել է, այդուհանդերձ, նախաքննությունը դեռևս շարունակվում է: Հետաքրքիր է նաև այն, որ քրեական գործը հարուցվել է 112 հոդվածի համապատասխան մասի հատկանիշներով: Թե ինչու մեղադրանքը 104-ով չի առաջադրվել, կարծում ենք, հետագայում պարզ կլինի:

Հիշեցնենք, որ Սմբատը 2007 թվականի փետրվարի 18-ին Բալահովիտի 20-ամյա բնակիչ Սերյոժա Մկրտչյանին դանակի 5 հարվածով սպանել էր ու հորեղբոր միջնորդությամբ փախել երկրից: Իսկ Սմբատի հայրը` Կորյուն Գրիգորյանը, ավելի վաղ Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման որդի չունի, իր միակ որդին ամուսնացած է և ապրում է Աբովյանում: Մինչդեռ սպանվածի հարազատները շարունակում էին պնդել, որ հենց գյուղապետի եղբորորդին է եղել դանակահարողը, որի նկատմամբ անգամ հետախուզում չէր հայտարարվում:

«Կամոն գյուղապետ էր, ձեռքը խփում էր դրա ուսին ու ասում էր` չվախենաս, ձեռքդ ոնց կտրում ա, կտրի, ինչ անես, տեր եմ: Դրանից առաջ էլ մի 7-8 անգամ մարդկանց դանակահարել էր, ու տենց էլ գործը փակվեց: Ի՞նչ օրենք է, ի՞նչ արդարություն: Մարդասպան թաքցնողը երկրորդ անգամ նորից գյուղապետ դարձավ»,-Armlur.am-ի հետ զրույցում ասել էր սպանված Սերյոժայի հայրը՝ Վահան Մկրտչյանը՝ հայտնելով, որ երկար բողոքելուց հետո միայն այս տարվա մարտի 8-ին Սմբատի նկատմամբ հետախուզում հայտարարվեց»:

Շրջանառվող լուրերի համաձայն` Սերյոժան սիրահարված է եղել գյուղապետի եղբորորդու դստերը` Սմբատի քրոջը, ինչը վերջինիս պատանի եղբորը, մեղմ ասած, այնքան էլ դուր չի եկել: Վրեժ լուծելու համար մեկ այլ դրվագով ականատեսն ենք դառնում ամենաթողության արդյունքին: Ինչպես մեզ հայտնել էր Սերյոժայի հայրը, սպանության օրը` երեկոյան, Սերյոժան իր ընկերոջ՝ Գառնիկի հետ քայլել է գյուղի փողոցներում: Այդ պահին Սմբատ Գրիգորյանն իր մեքենայով հեռահար լույսեր է արձակել տղաների ուղղությամբ, ինչից Գառնիկի աչքերը կկոցվել են: Սմբատն այդ պահին որոշել է արձագանքել` ասելով, թե «ախպեր, բա խի՞ ես թարս նայում»: Եվ … հետևել է սպասելի շարունակությունը. տղաներն իրար չեն հասկացել:

Տաթև Հարությունյան




Լրահոս