Առողջապահության նախարարն այցելեց ավտովթարից տուժած 14-ամյա տղային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Էդգար Սիմոնյանին:

Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը նոյեմբերի 12-ի երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել էր Երևան` վիրահատության նպատակով: Երեխան ունի զույգ բազկոսկրերի, ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ, ինչպես նաև տարբեր աստիճանի այրվածքներ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ նոյեմբերի 13-ին երեք ժամ տևած վիրահատությունը բարահաջող է անցել:

«Երեխայի մոտ կատարվել է զույգ վերջույթների ոսկրաբեկորների փակ համադրում և ամրակայում` արտաօջախային սարքի միջոցով: Կոտրվածքի հատվածը չի բացվել, այլ փակ եղանակով, ռենտգեն հսկողության հատուկ սարքով կատարվել է ոսկրաբեկորների ճիշտ համադրություն, ինչը կնպաստի ոսկրերի առավել արագ ամրակայմանը և վերականգնմանը»,- ասաց բժշկական կենտրոնի ղեկավարը:

Նախարարը զրուցեց Էդմոնի հետ` մաղթեց շուտափույտ առողջացում: Էդմոնը պատմեց, որ սովորում է 8-րդ դասարանում: Հպարտությամբ նշեց, որ գյումրեցի է և ապաքինվելուն պես ցանկանում է շարունակել ըմբշամարտի պարապմունքները:

Մասնագետների խոսքով` ստորին վերջույթների կայունացումից հետո, երկու-երեք շաբաթ անց Էդմոնը կկարողանա քայլել: Նախարարը հետաքրքրվեց նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս հիվանդների առողջական վիճակով, ինչպես նաև այցելեց նորածնային պաթոլոգիաների բաժանմունք:

Տեղեկացնենք, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից: Վիրավորներից` 47-ամյա կինը, ով ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա Էդմոն Սիմոնյանի մայրը, ում մոտ ախտորոշվել է սրունքի բաց կոտրվածք: Նրան նույնպես կվիրահատեն:

Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, ում մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ: Այսօր պատանին դուրս է գրվել հիվանդանոցից:




Լրահոս