Կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել և վնասը չեն փոխհատուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ «Սեար գրուպ» ՍՊԸ-ի դատական վեճը մնում է դեռ չլուծված: «Սեար գրուպ» ընկերությունը դեռեւս 2011-ին Հայաստանի մանկապարտեզներին, ծերանոցներին կարագի փոխարեն մատակարարել էր սփրեդ: ՏՄՊՊ հանձնաժողովն այդ փաստը գնահատել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ ընկերությանը տուգանել մոտ 7 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՏՄՊՊՀ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով «Սեար գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նշված մոտ 7 մլն դրամը: Հայցադիմումի վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը «Սեար գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել:

Վարչական դատարանը բավարարել էր ՏՄՊՊ հանձնաժողովի դիմումը եւ վճռել «Սեար գրուպ»-ից հօգուտ բետբյուջեի բռնագանձել մոտ 7 միլիոն դրամ: Ընկերությունը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Արդյունքում ՏՄՊՊՀ-ի հայցի հիման վրա կայացված որոշումի կատարումը «Սեար գրուպ»-ից գումար բռնագանձելու մասին, կասեցվել է: Այնուհետեւ ընկերությունը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան, եւ այժմ գործը գտնվում է ՀՀ Վճռաբեկ դատարանում: Դեռեւս հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ:

Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս 2012, 2013 թվականներին բացահայտել էր մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել էին կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել էին բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե՛ որակական եւ թե՛ գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: Նման օրինախախտում թույլ տալու մեջ մեղադրվում էին «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար գրուպ» ընկերությունները:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ էր դարձել, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1.000-1.600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը եղել է 2 անգամ ավելի թանկ:

Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը՝ տնտեսվարողները նշել էին, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից, առանց փաստաթղթերի: Այնուհետեւ հանձնաժողովը տնտեսվարողներից պահանջել էր ներկայացնել ձեռքբերված ապրանքների համապատասխանության սերտիֆիկատները, որպեսզի ի վերջո պարզի, թե մատակարարներն իրականում ինչ ապրանք են գնել եւ վաճառել: Արդյունքում պարզվել էր, որ տնտեսվարողները հիմնականում ներկայացնում էին միեւնույն սերտիֆիկատները:

Ի դեպ, նշված ընկերություններն արդեն հասցրել են մի քանի անգամ հայտնվել ոչ միայն ՏՄՊՊՀ-ի, այլեւ վերահսկիչ պալատի տեսադաշտում:

Երբ ՏՄՊՊՀ-ն 2012-ին բացահայտեց այս ընկերությունների կողմից թույլ տված խախտումները, դրանց նկատմամբ կիրառեց օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափը՝ տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով: Իսկ ահա 2013-ին հանձնաժողովը երեք ընկերություններին կրկին տուգանեց, յուրաքանչյուրին՝ 45 մլն դրամի չափով:

Սակայն ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրությանը հաջորդեցին վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումները. օրինախախտները նորից նույն երեք ընկերություններն էին: Արդեն մի քանի անգամ է, ինչ այս ընկերությունները հայտնվում են նման աղմկոտ պատմությունների մեջ: Սակայն ոլորտի պատասխանատուները բավարարվում են միայն նրանց տուգանելով, որն էլ երբեմն ընկերությունները խորամանկորեն չեն վճարում: Եւ այս անգամ էլ «Սեար գրուպ»-ն է հրաժարվում վճարել հանձնաժողովի կողմից դեռեւս 2012-ի նշանակված տուգանքը՝ յոթ մլն դրամ:

Նշենք, որ «Սեար գրուպ»-ը խոշոր ընկերություն է եւ տասնյակ ոլորտներում մասնակցել է պետգնումների մրցույթներին եւ հաղթող ճանաչվել: Պետգնումների մատակարարումների արդյունքում «Սեար-Գրուպը» բազմիցս մեղադրվել է օրինախախտումներ թույլ տալու մեջ: Ի դեպ, այս ընկերությունը գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Սեար գրուպ»-ի հիմնադիրը Յուրա Ադյանն է, որը, մեր տեղեկություներով, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք նրանից մեկնաբանություններ ստանալ, սակայն ապարդյուն. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս