ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԱՆԳՈՏՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ՋՐԱԳԻԾ ԵՆ ՓՈԽՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ահազանգ է ստանում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից: Վերջիններիս պատմելով՝ այս օրերին Օհանավանի գերեզմանոցի հարակից տարածքում մեծ թվով ժանգոտված եւ օգտագործված խողովակներ են լցված: Մտահոգված բնակիչների խոսքով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մտադիր է Սաղմոսավան-Օհանավան ջրագծի խոշոր չափի խողովակները փոխել փոքր, բայց օգտագործված եւ ժանգոտված խողովակներով: Բնակիչները վստահեցնում են, որ այս ամենն արվում է Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի համար, քանի որ փոքր չափի խողովակների ջուրը կհոսի դեպի Աշտարակ քաղաք, իսկ մեծ չափի խողովակներինը՝ դեպի ՀԷԿ:

Հիշեցնենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա, նախատեսվում էր ՀԷԿ կառուցել: Սակայն հարեւանությամբ գտնվող յոթ գյուղերի բնակիչները դեմ են այդ ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ համոզված են՝ դրանից հետո իրենք պարզապես ոռոգման ջուր չեն ունենա, եւ գյուղերի եկամտի միակ աղբյուրը հանդիսացող այգիներն ուղղակի կչորանան: Գյուղերի բնակիչները պահանջում էին դադարեցնել Ապարանի ջրամբարի ՀԷԿ-ի կառուցումը: Որոշ ժամանակ առաջ նրանք այս պատճառով նույնիսկ փակեցին Աշտարակ-Երեւան ճանապարհը: Արդյունքում՝ ժամանակավորապես դադարեցվեցին ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:
Աշտարակ քաղաքի մտահոգված բնակիչները պնդում են, որ «Հայջրմուղկոյուղի»-ն փորձում է Սաղմոսավան-Օհանավան ջրագիծը փոխել: Նրանց կարծիքով՝ ընկերությունն այս կերպ փորձում է ՀԷԿ-ին տալ մեծ քանակությամբ ջուր, ինչի արդյունքում կտուժեն Աշտարակի բնակիչները: «Ժողովուրդ»-ը դժգոհող բնակիչներից տեղեկացավ, որ Օհանավան համայնքի գերեզմանոցի հարակից տարածքում ժանգոտված, օգտագործված երկաթե խողովակներ են լցված: Նրանց խոսքով՝ հենց այս խողովակներով է փորձ արվում բնակիչներից «գաղտնի փոխել» Սաղմոսավան-Օհանավան ջրագիծը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են պատկանում համայնքի գերեզմանոցի մոտ լցված երկաթե խողովակները: «Մեր տարածքում շինարարություն չի ընթանում: Իսկ խողովակներն ընդամենը մեր տարածքի ճանապարհի վրա են: Իմ տեղեկություններով՝ այդ շինաշխատանքներն ընթանում են Սաղմոսավանի տարածքում: Խոսում են, որ «Հայջրմուղկոյուղի»-ին է փոխում ջրի խողովակները: Հավանաբար, Աշտարակ գնացող ջրագիծն են փոխում»,- ներկայացրեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը անհայտ ծագման խողովակների շուրջ հետաքրքրվեց նաեւ Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանից, ով վրդոված նկատեց. «Ես նամակ եմ ուղարկել ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե՝ պահանջով, որ նույն աշխատանքները դադարեցնեն, մինչեւ թույլտվություն չունենան: ՀԷԿ-ի կառուցման մասին խոսակցություններն ավարտվել են: Սա ՀԷԿ-ի հետ կապ չունի: Իսկ այս խողովակների փոփոխության մասին ես տեղյակ չեմ: Կոնկրետ ովքեր են ցանկանում ջրագծի խողովակները փոխել` նույնպես տեղյակ չեմ: Ես պահանջել եմ, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն: Իմ վարչական տարածքում գործեր են անում, բայց ես տեղյակ չեմ: Գրել եմ, որ գան, հանդիպենք, տեսնենք, թե ինչ են ցանկանում անել: Հավանաբար, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է որոշել՝ ինչ-որ գործողություններ անել` առանց ինձ տեղյակ պահելու»:
Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անհիմն է համարում այն մտավախությունը, որ այս խողովակները փոխելով՝ Աշտարակ քաղաքում խմելու ջրի խնդիր կառաջանա. «Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: ՀԷԿ չի կառուցվի այնքան ժամանակ, մինչեւ չլինեն համապատասխան փաստաթղթերը, ուսումնասիրությունները: Նաեւ պետք է լինի համապատասխան բնապահպանական թույլտվություն: Իսկ «Հայջրմուղկոյուղի»-ն որեւէ կերպ չի կարող կապ ունենալ ՀԷԿ-ի հետ»,-լրացրեց մարզպետը, ով տեղյակ չէր Օհանավանի գերեզմանոցի մոտ լցված խողովակներից:
Ի վերջո, ո՞ւմ են պատկանում այս ժանգոտված, օգտագործված խողովակները, որոնք տեւական ժամանակ է, ինչ լցված են Օհանավանի գերեզմանոցի մոտ: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, որտեղից փոխանցեցին. «Այս պահին բոլոր աշխատանքները դադարեցված են: Մենք պատրաստ ենք մեկնաբանելու, բայց ոչ հիմա»: Ահա, այսպիսի խորհրդավոր պատասխան: «Ժողովուրդը» անհամբեր կսպասի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մեկնաբանությանն ու այն կներկայացնի ստանալուն պես:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՃԱՄՓՈՐԴՈՒՄ Է

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե հայրենի օրենսդիրները 2013թ. որքան են ծախսել գործուղումների վրա: ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տվյալները ներկայացնելուց հետո այսօր կանդրադառնանք իր պատգամավորական գործունեությամբ ոչ այնքան աչքի ընկնող ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին: Մինչ վերջինիս մասին տվյալներ ներկայացնելը, ընդգծենք, որ ՀՀԿ կանանց շրջանում գործուղումներ մեկնելու համար մշտապես կռիվներ են լինում:

Նրանք մշտապես իրար «տակ են փորում» եւ փորձում արժանանալ գործուղման մեկնելու պատվին: 2013թ. ընթացքում երիտասարդ պատգամավոր Ն. Կարապետյանը գործուղման է մեկնել 4 անգամ, իսկ 2014-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում` 3 անգամ: Այս տարի նա 3 անգամ մեկնել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ): 2013թ. նա վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել երկու անգամ: 2013թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Կարապետյանը գտնվել է Արցախում եւ մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարությանը: Սեպտեմբերի 8-11-ը նա ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու նպատակով մեկնել է Փարիզ:
Այդ նպատակով պետբյուջեից տրամադրվել է 456 հազար դրամ: Սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Ն. Կարապետյանը կրկին ԵԽԽՎ-ի աշխատանքներին մասնակցելու համար մեկնել է Ստրասբուրգ: Վեհաժողովի հայ մասնակիցների համար ձեռք է բերվել 5 բիզնես կարգի եւ 9 էկոնոմ կարգի տոմս: Այս տոմսերի արժեքը կազմել է 7 մլն 499 հազար 068 դրամ: Իսկ հոկտեմբերի 23-27-ը ՀՀԿ-ական պատգամավորուհին գտնվել է Սանկտ Պետերբուրգում եւ մասնակցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
Երկու անդամից բաղկացած հայաստանյան պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար պետբյուջեից տրամադրվել է 400 հազար դրամ, որից Ն. Կարապետյանի ավիատոմսի համար` 200 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ պատգամավորը շատ քիչ է հանդես գալիս հարցերով կամ ելույթներ ունենում: Սա այն տարբերակն է, երբ պատգամավորն ավելի շատ ինքնաթիռից ինքնաթիռ է տեղափոխվում, քան թե խորհրդարանում զբաղվում պատգամավորական գործունեությամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի հատվածում, սարսափելի ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի-Երեւան եւ Հոռոմ-Գուսանագյուղ ճանապարհների խաչմերուկում: Բախվել էին Երեւան-Գյումրի ուղերթի «Գազել» միկրոավտոբուսը եւ «Կամազ» բեռնատարը: Միկրոավտոբուսը հրդեհվել էր, ինչի արդյունքում զոհվել էր 7 հոգի: Մարզի վարորդներից շատերի խոսքով` Գյումրի-Երեւան ճանապարհի այդ հատվածը մշտապես վթարավտանգ է եղել:
Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նաեւ Գյումրու «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ»-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` ընդգծելով, որ այդ խաչմերուկն արդեն 30-40 տարի է՝ ողբերգական հռչակ ունի: Ըստ նրա` Գյումրի-Երեւան ճանապարհն այդ հատվածում արագընթաց է, մեքենաներն անցնում են մոտ 100 կմ/ժամ արագությամբ, իսկ այդ ճանապարհին խաչվող, Արթիկի եւ Հոռոմի կողմերից եկող մեքենաները փորձում են նույնպես արագ հատել եւ անցնել խաչմերուկը: «Ամեն տարի ականատես ենք լինում վթարների հենց այդ հատվածում: Կարելի է ասել, որ անցած 40 տարում մոտ 80-100 հոգի մարդ է զոհվել այդ խաչմերուկում տեղի ունեցած վթարների պատճառով:
Իսկ անցած երեք տարիներին, ինչ Հայաստանի ճանապարհները «կահավորվել» են եւ շարունակում են «կահավորվել» տեսախցիկներով եւ արագաչափերով, ճանապարհատրանսպորտային պատահարներում զոհվել է 280-400 հոգի (տարեկան), դրան նախորդած 3 տարիներին էլ վիճակագրությունը նույնն է: Այդ տեխնիկական նորամուծությունները կա՛մ չնչին ազդեցություն ունեն, կա՛մ բոլորովին չունեն, պատճառը երեւի այն է, որ այդ սարքավորումները բոլորովին այլ տրամաբանությամբ եւ շահագրգռվածությամբ են դասավորվել:
Ոստիկանությունն ինչ էլ փորձի բացատրել, խոշոր հաշվով չի կարողանում խնդիրը լուծել, այս զոհերն ու ՃՏՊ-ներն իրենց համար մնում են վիճակագրություն: Ոստիկանությանը բյուջետային հատկացումների տարեկան 14 տոկոսանոց աճը որեւէ կերպ չի նվազեցնում այդ եւ այլ դեպքերի թիվը: Չկա համակարգային մոտեցում ճանապարհային անվտանգության ապահովման գործում, չկա հայեցակարգ եւ, մանավանդ, այդ խնդիրների լուծման համար իշխանությունը որեւէ կերպ չի կապվում վարորդների հետ, լսում նրանց մոտեցումները, առաջարկությունները` նման դեպքերի համակարգային կանխարգելման միջոցների համար»:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 




Լրահոս