ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՈՒ ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ի երեկոյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնել էին Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ծավալվող վերջին իրադարձություններին: Շաբաթ օրը վերադարձած պատգամավորները երեկ հանդիպել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ ներկայացրել իրավիճակը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ` պարզելու, թե որոնք են լինելու քեսաբահայությանն օգնելու ուղղությամբ նրանց հետագա քայլերը:

-Պարոն Մարուքյան, ականատես լինելով քեսաբահայության ներկայիս ծանր վիճակին, հետագա ինչպիսի՞ քայլեր եք ծրագրում:
-Մեր առաքելությունը փաստահավաք առաքելություն էր, որի նպատակն էր հավաքել տեղի ունեցածի մասին հնարավորինս շատ ինֆորմացիա ու այն նախ՝ տրամադրել մեր իշխանություններին, իսկ երկրորդն էլ` ինչպես տեսնում եք, սոցիալական կայքերում, միջազգային ԶԼՄ-ներով ինչ քարոզարշավ է գնում Քեսաբի հետ կապված, մեր ինֆորմացիան տարածելով` ինչ-որ կերպ կոտրել գոյություն ունեցող ինֆորմացիոն բլոկադան: Քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները զանգվածային ձեւով ոտնահարվում են այդ երկրում: Սրանք լուրջ նպատակներ են, որոնք մեր առջեւ դրված են եւ դա մենք անում ենք: Իսկ մյուս որոշումը կապված է Լաթաքիայում գտնվող մեր հայրենակիցների հետ. մենք պետք է նրանց նյութական աջակցություն ցուցաբերենք, որպեսզի նրանք կարողանան իրենց համար սնունդ, առաջնային պարագաներ ձեռք բերել, մինչեւ նրանց ճակատագիրը պարզ կլինի: Իրենք սպասում են, որ Լաթաքիայից տեղափոխվեն, երբ որ Քեսաբն ազատագրվի: Հուսանք, որ Սիրիական բանակը կկարողանա Քեսաբը հետ վերցնել ու մեր հայերը հետ կվերադառնան:
-Այս օրերին Հայաստանում ոմանք տարբեր հուզական հայտարարություններ են անում` զինված ջոկատներով Քեսաբ գնալու ու տեղի հայությանը պաշտպանելու մասին: Ըստ Ձեզ՝ այս պահին հարկավո՞ր է, որպեսզի Հայաստանը եւս «խառնվի» այդ ամենին:
-Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ տեղի բնակչությունն իրենք իրենց ինքնապաշտպանությամբ չեն զբաղված: Այսինքն՝ իրենք տարհանվել են ու իրենք էլ չեն կռվում, որ ասենք` մենք էլ գնանք իրենց հետ կռվենք: Այնտեղ այդ զինյալների հետ պատերազմում է սիրիական բանակը, հիմա թե այստեղ ինչքանով է հայերի մասնակցությունը հարկավոր, կարծում եմ` գնահատական տալ պետք չէ… որեւէ կողմին աջակցություն ցուցաբերել պետք չէ, որովհետեւ կրկին ասում եմ` դա այդ երկրի ներքին գործն է: Մարդու իրավունքների մասով, ազգային փոքրամասնությունների մասով միջամտելը բնական է, դա ներքին գործ չէ, դա պետական հարց է ու մենք պետք է այդ հարցով զբաղվենք: Ու զբաղվում ենք։
-Քեսաբից վերադառնալուց հետո հանդիպել եք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի՞նչ եք քննարկել, այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի ԱԺ նախագահը:
-Մենք այդ տեղեկատվությունը տրամադրել ենք ու այն քննարկվում է: Տարբեր ուղղություններով միջոցառումներ, գործողություններ կլինեն` կտեսնեք:
-Հնարավո՞ր է` կրկին խորհրդարանական պատվիրակություն ուղարկվի, քանի որ Ձեր նախաձեռնությամբ Քեսաբ մեկնելուց հետո ԱԺ այլ խմբակցությունների ներկայացուցիչների մոտ դժգոհության ալիք էր բարձրացել: Պատճառն այն էր, որ մեկնել էիք` առանց իրենց տեղեկացնելու:
-Դա մեր նախաձեռնությունն է եղել, ու եթե նոր մարդիկ կան, ովքեր ցանկանում են նախաձեռնել ու գնալ, թող գնան: Ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնել: Ես տեղյակ չեմ արդյոք նոր պատվիրակություն կմեկնի Քեսաբ, թե ոչ: Ես կարծում եմ, որ հնչած քննադատությունը եղել է այն պատճառով, որ մարդիկ մտածել են, թե ինչ-որ պաշտոնական պատվիրակություն կա ու իրենց չեն ընդգրկել դրա մեջ: Բայց, ինչպես տեսաք, դա այդպես չի եղել, մենք պատգամավորներով արել ենք հայտարարություն, իսկ դրանից հետո էլ որոշել ենք գնալ ու անձամբ տեղեկանալ իրավիճակին: Սա է եղել իրականում:
-Տեղեկություններ կան նաեւ, որ խմբի անդամներով այդպես էլ չեք եղել այն թեժ կետերում, որտեղ իրավիճակն իսկապես լարված է: Ինչո՞ւ:
-Այն մարդիկ, ովքեր նման բան են հայտարարում, իրենք տեղյակ չեն, թե իրականում պատգամավորները ուր են գնացել: Պատգամավորները գնացել են ամենաթեժ կետեր, որտեղ որ հնարավոր էր, որտեղ որ սիրիական ուժերը թույլ էին տալիս, որ մենք մտնեինք: Մի բան էլ հստակ է, մենք որեւէ կողմին աջակցություն չենք արտահայտել անգամ հայտարարությունների տեսքով, մենք բոլոր պաշտոնական հայտարարություններում ասել ենք, որ մենք եկել ենք հայ համայնքի, սիրիահայության խնդիրներին տեղեկանալու, հասկանալու, թե ինչ է կատարվում այդտեղ ու թե ինչով կարող ենք օգնել մեր հայրենակիցներին: Սակայն ակնհայտ փաստ է, որ եթե Սիրիայում Ասադի իշխանությունը տապալվի, այնտեղ ոչ մի հայ, ոչ մի քրիստոնյա չի կարող մնալ:
Հ.Գ. Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ այս օրերին սպանված հայեր չկան. «Հակառակը` հայերը շարունակում են գալ, եւ մենք արդեն Քեսաբի շրջանի ողջ բնակչությանը տեղավորել ենք Լաթաքիայի ակումբներում եւ դպրոցներում: Նրանք բոլորն էլ ապահովված են առաջնային անհրաժեշտության սնունդով եւ անհրաժեշտ այլ պարագաներով»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՆՈՒՆ ՔՐՈՋ ՓԵՍԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԶՐԿՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

 

Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 13-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը դիմում է ներկայացրել պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: Աբրահամյանը նշեց, որ Հարությունյանի որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այնուհետեւ ՕԵԿ-ականները հայտարարեցին, թե Խ. Հարությունյանին Սերժ Սարգսյանը նշանակել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սակայն երեկ Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն այլեւս ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր չէ:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին Երեւանում ՀԱՊԿ քարտուղարության եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի միջեւ ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր էր կնքվել: Փաստաթուղթը ստորագրել էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այնուհետեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Ակադեմիայի աշխատանքները նախատեսված է սկսել մի քանի ամսից եւ շեշտել. «Սա կլինի լուրջ վերլուծական կենտրոն»: Սակայն մինչ այսօր այդ կենտրոնը չկա, իսկ ռեկտորն էլ հրաժարվել է պաշտոնավարումից:
Արդյունքում ստացվեց, որ Խ. Հարությունյանը պատգամավորական իր մանդատը վայր դրեց նրա համար, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, դառնա պատգամավոր: Փաստորեն Լ. Դոխոլյանը հասավ իր նպատակին, իսկ Խ. Հարությունյանը դարձավ գործազուրկ: Կատարվածի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Խ. Հարությունյանի հետ:
-Ես այլեւս չեմ աշխատում, դուրս եմ եկել այդ աշխատանքից:
-Որն է պատճառը:
-Իմ կամքով դուրս եմ եկել, հրաժարվել եմ, ինձ փոխարինում է Անդրանիկ Ավետիսյանը:
-Այսինքն` ըստ Ձեզ` այդ ակադեմիան չի՞ կայանա, այդ պատճառո՞վ եք հրաժարվել:
-Չէ, այլ պատճառներ կան, այլ գործով եմ զբաղված:
-Ի՞նչ գործով:
-Բիզնեսով:
-Քաղաքականության հետ այլեւս չեք ցանկանո՞ւմ կապ ունենալ:
-Այո:
-Հնարավո՞ր է կուսակցությունից եւս դուրս գաք:
-Լավ էլի, խնդրում եմ, որ ասում եմ` հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում: Հերիք է, բավականին երկար ժամանակ է քաղաքականության մեջ եմ, հիմա այլ գործով եմ զբաղվելու:
-Բայց Դուք պատգամավորական մանդատից հրաժարվեցիք հանուն ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի աշխատանքի: Հիմա նեղացած չե՞ք Ձեր կուսակցությունից, որ նման կերպ վարվեցին Ձեզ հետ:
-Չէ նեղացած չեմ: Այո, դա էր պատճառը: Դե հիմա այլ առաջարկություններ եղան, ավելի հարմար էին: Հիմա ես այլ գործերով եմ զբաղված:
-Ըստ Ձեզ, ՀԱՊԿ ակադեմիան իսկապես լուրջ կառույց կդառնա՞, թե՞ հույսեր չկան:
-Ժամանակը ցույց կտա:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

 

ՍԳՈ ՀՐԱՎԵՐ

Բրյուսելից վերադառնալուց այնուհետ ՀՀԿ մաքսային միության կոնֆերանսն անցկացնելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին շտապել է Եվրոպա: Ավելի կոնկրետ՝ Իսպանիա: Այնտեղ նա մասնակցելու է Իսպանիայի նախկին վարչապետ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս անգամ վարչապետը մեկնել է ոչ թե չարտերային, այլ «Աէրոֆլոտ» ընկերության չվերթով, առանց ուղեկցող անձնակազմի եւ պատվիրակության:
Բայց այստեղ ուշագրավը մեկ այլ հանգամանք է. ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Տիգրան Սարգսյանին այդ սգո արարողությանը մասնակցելու համար մեկնել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով: Հավանաբար, Տ. Սարգսյանը ցանկացել է ընդգծել, որ ինքն այնքան ընդունված է օտարերկրացի պաշտոնյաների մոտ, որ հատուկ հրավիրում են մասնակցելու անգամ սգո արարողություններին: Սակայն, այդ հրավերի փաստն ընդգծելով, Տ.Սարգսյանն իրեն դրել է անհարմար դրության մեջ. սովորաբար սգո արարողություններին մարդկանց չեն հրավիրում, իսկ եթե հրավիրում են, ապա` երաժիշտներին, պատվերով լացողներին ու թամադային. այն էլ՝ հուղարկավորության օրը: Փաստենք, որ Ադոլֆո Սուարես Գոնզալեսը մահացել է մարտի 23-ին:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, սա ՀՀ վարչապետի առաջին նմանատիպ այցը չէ: Որոշ ժամանակ առաջ նա երկու օրով մեկնել էր Եվրոպական երկրներից մեկը՝ մասնակցելու իր պաշտոնակցի դստեր հարսանյաց արարողությանը, որին հրավիրված էին եղել հին Եվրոպայի ողջ իշխանական, հոգեւոր եւ արքունական վերնախավը:

 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑԸ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ էթիկայի հանձնաժողովի անդամները լսելու են «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 13.12.2013թ. N 2-2965 դիմումի վերաբերյալ պարզաբանումներ: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ ճեպազրույցում հունից դուրս էր եկել ու բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում այսօր տեղի է ունենալու «հրաշալի քառյակի» հերթական հանդիպումը: Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ քառօրյայի պատճառով, քառյակը նոր հանդիպում չէր անցկացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ հանդիպումը տեղի կունենա ՀՅԴ խմբակցության սենյակում: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, քառյակը պատրաստվում է քննարկել մինչեւ ապրիլի 28-ի ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացնելը իրենց իրականացնելիք քայլերը:




Լրահոս