ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի հակառակ նախորդ օրվա, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երեկ խորհրդարան էին եկել ակնհայտ  մարտական տրամադրությամբ: Ընդ որում` ԲՀԿ-ն ողջ կազմով, ներառյալ նաեւ նրանց թիկնապահները:Համենայնդեպս, լրագրողներն ուրիշ բացատրություն չգտան, թե ովքեր են ակնհայտորեն ատլետիկ կազմվածքով տղաներն ու սափրագլուխները: Սա, անշուշտ,  հոգեբանական հնարք էր երկու կողմերի համար էլ:  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը իրեն մոտեցող լրագրողներին հայտարարում էր` «Մեր դիրքորոշումները չեն փոխվել, մեր պատասխանը սպառիչ է լինելու»:  Քանի որ այս նախադասության տակ ամեն ինչ կարելի էր հասկանալ,  բոլորը փորձում էին վերհիշել, թե որն էր ԲՀԿ-ի վերջին դիրքորոշումը: Մինչ սպասողական դրությունը շարունակվում էր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր պատասխանում, թե ինչ կնշանակեր Կոալիցիոն ուժերի միջեւ համագործակցության նոր ծրագիրը, որն արդեն ստացել էր կոալիցիոն նոր հուշագիր անվանումը: Այն երեկ առավոտվա դրությամբ ստորագրելու պատրաստակամություն էր հայտնել ՕԵԿ-ը, իսկ կստորագրի՞ այն ԲՀԿ-ն, թե՞ ոչ, կախված էր այս կազմով կոալիցիայի հետագա գործունեության պատրաստակամությունից: Ինչպես պարզվեց ոչ պաշտոնական մեկնաբանություններից, փաստաթուղթը, որը փետրվարի 9-ի երեկոյան հաստատվել էր գործկոմի նիստում եւ դեռեւս չէր հրապարակվում,  մեկ հիմնական կետ էր պարունակում:  Որ «ելնելով վերոգրյալից»` կոալիցիան համաձայնել է 2013-ի նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նշենք, որ լրագրողների հետ միասին սպասողական դրության մեջ գտնվող հանրապետականների մեծ մասն այն կարծիքին էր, որ Գագիկ Ծառուկյանի պատասխանը լինելու է «ոչ»-ը: Իսկ մինչ այդ Գալուստ Սահակյանը սովորության համաձայն մեկնաբանում էր, թե իր հայտարարածը սովորական փաստաթուղթ է. «Որովհետեւ ընտրություններին մեկ տարի է մնացել. բոլորն էլ «պրագնոզներ» են անում, բոլորն էլ քննարկումներ են անում, պիտի մասնակցեն ընտրություններին, ինչ ծավալներով: Նման քննարկումներ կարող են անցկացվել նաեւ ՀԱԿ-ում, «Ժառանգությունում»,- ասաց Գալուստ Սահակյանը:  Օրվա երկրորդ կեսը եւս անցավ  Գագիկ Ծառուկյանի պատասխանին սպասելով: Նախ ճշգրտվեց, որ նա Մոսկվայից  ոչ թե երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ էր վերադառնալու, այլ վերադարձել էր դրա նախօրեին եւ այստեղ Երեւանում նստած սպասում էր, թե ինչ կասի Ռուսաստանը: Հետո հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն նիստ է անում, իսկ ամբողջ ընթացքում զանազան իրարարմերժ  լուրեր էին հասնում` դուրս է գալիս, դուրս չի գալիս: Այսինքն` Մոսկվայից ասել են, որ դուրս գա: Նշենք նաեւ, որ այս իրարանցումը սկսելուց առաջ, ավելի ճիշտ` դրա սկզբում Գագիկ Ծառուկյանը Կոնյակի գործարանում հավաքելով իր ակտիվին, նշել էր, որ մոռացեք առաջին տեղը, պայքարելու ենք երկրորդ տեղի համար: Արդեն կեսգիշերի մոտ նախնական տեղեկություններով հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը հավաքն  անցկացրել է  շրջապատում` չորս-հինգ հոգու հետ եւ որ նրանց ասվել է, թե անկախ Մոսկվայի ցուցումներից, ընտրվելու է Սերժ Սարգսյանի հետ կոմպրոմիսային տարբերակ:  Որպես փոխզիջում կարող է դիտվել, որ կոալիցիոն հուշագրի  վերը նշված կետ-պարտադրանքը նախկինի նման իմպերատիվ չլինի: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ հայտարարված վերջնագրի մի քանի օրվա ընթացքում էլ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը իրար հետ հանդիպել են:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս