Երբ ԵՏՄ-ում կսկսի գործել միասնական արժույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում միանգամից երկու հանձնաժողով քննարկում էր ՀՀ` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց խորհրդարանում հարցը քննարկելու ժամանակ հանդես գալ հարակից զեկուցմամբ և ներկայացնել հանձնաժողովի տեսակետը:

Քննարկում տեղի ունեցավ նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Պատգամավորների հարցերին պատասխանում էր ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա ներկայացրեց բոլոր առավելություններն ու ֆինանսական պարտավորությունները, որոնք առաջանալու են ԵՏՄ անդամակցելուց հետո:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների փոխնախարարին հարցրեց, թե կառավարությունը նոր հաշվարկներ կներկայացնի՞ ԱԺ-ին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսության հետ կապված բացասական գործընթացներ են տեղի ունենում: Նա հետաքրքրվեց նաև, թե ԵՏՄ անդամակցությունը չի վնասելու Իրանի ու Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները:

Ֆինանսների փոխնախարարն արձագանքեց, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները միմյանց սերտորեն փոխկապակցված են, և  այդ պատճառով ցանկացած բացասական ազդեցություն իր հետքն է թողնում նաև Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ այդ ամենը լինում է՝ անկախ այն հանգամանքից` Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, թե` ոչ:

«Ռուսաստանի տնտեսության հետ տեղի ունեցող վերջին իրադարձությունները շատ բացասական չէի գնահատի: Մենք չենք կանխատեսում Ռուսաստանի տնտեսության անկում: Փոխարժեքի տատանումներն իսկապես ազդում են, բայց նաև հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:

Փոխնախարարի խոսքով՝ պահպանվելու են Վրաստանի ու Իրանի հետ առևտրային հարաբերությունները, առևտրային ռեժիմը, և որևէ մեծ խնդիր կամ սահմանափակումներ չկան: ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի այն  հարցին, թե ԵՏՄ-ն ունենալո՞ւ է միասնական արժույթ,  Սուրեն Կարայանն արձագանքեց, որ այդ հարցը չի քննարկվել և, ըստ երևույթին, այն կարող է քննարկվել 2020-ից հետո:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հետաքրքրվեց, թե Հայաստանը կարող է նոր սուվերեն կարգով պայմանագրեր ստորագրել, օրինակ, այլ երկրի հետ: Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանը չի կարող նման պայմանագրեր կնքել, որովհետև դա միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մասն է, և այդ պայմանագրերը պետք է հաստատվեն ԵՏՄ անդամ երկրների կողմից:




Լրահոս