Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Ելույթով հանդես եկավ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, որ ցանկացած միությանն անդամակցելուց առաջ պետք է հստակ որոշել՝ ինչ ուղղություն ենք ընտրում, և հստակ հաշվարկ, թե ինչ ենք ստանալու:
Պատգամավորի խոսքով, այստեղ երեք կարևոր գործոն կա, որի մասին շատ է խոսվում՝ անվտանգության, սահմանադրականության և ինքնիշխանության, ինչպես նաև՝ տնտեսական շահի: Խ. Քոքոբելյանն ընդգծեց.«Ոչ մեծամասնության համար շահեկան է ասել, թե Սահմանադրական դատարանի որոշումները չեն քննվում և հայտարարեց, թե պայմանագիրը հակասահմանադրական է, քանի որ անդամակցությունից հետո լինելու է տնտեսական կոմիտե, որի որոշումները նույնիսկ պետության համար քննելի չեն:
«Այս պայմանագիրը վավերացնելուց հետո Հայաստանը չի կարողանա ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեություն վարել, տեղի է ունենալու արտարժույթի սինխրոնիզացիա: Գազի համար ասում եք, թե այլընտրանք չկա, մեր քթների տակ կա, բայց չեք բանակցում: Ռուբլու արժեզրկումից հետո դուք ի՞նչ հեռանկարներ ունեք, թե ինչպիսի իրավիճակ կլիինի գործարարների մոտ», – նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքին և հետաքրքրվեց, թե արդյոք նման կերպ են իրենց անվտանգության հարցը լուծում:
«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ի՞նչ տեսանք ՀԱՊԿ-ի կողմից ուղղաթիռի դեպքի հետ կապված, կամ դրանից առաջ օգոստոսին, երբ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում» – ընդգծեց պատգամավորը: