ԻՆՉՊԵՍ ՀԱՐԻՐ Է ԲՐԵԺՆԵՎԻ ՀԵՏՆՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզ ընթացակարգով մրցույթ է հայտարարել մեդալի, շքանշանի եւ կրծքանշանի տուփերի հերթական խմբաքանակները ձեռք բերելու նպատակով: Ըստ այդմ, նախատեսվում է ձեռք բերել 1000 հատ մեդալի տուփ, 500 հատ շքանշանի տուփ եւ 200 հատ կրծքանշանի տուփ: Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է երեկ, իսկ տուփերը նախատեսվում է ձեռք բերել մինչեւ դեկտեմբերի վերջը: Այլ կերպ ասած՝ նախագահականում Ամանորի են պատրաստվում: Չնայած մեկ տարվա կտրվածքով եթե դիտարկենք, այդքան տուփերը բավական շատ են` օրը չորս հատ մեդալ, շքանշան եւ կրծքանշան պետք է բաժանեն, որ սպառվի: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, Բրեժնեւի պես մեդալներ բաժանելով, օր է անցկացնում՝ կարծելով, թե երկիր է կառավարում, ու զարմանում են, որ չի ստացվում:

 

 

 

 

ՀՀ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կհաստատի վարկային հերթական համաձայնագիրը: Այս անգամ վարկը ՀՀ Կառավարությանը տրամադրելու է եվրոպական KFW բանկը` 75 միլիոն եվրոյի չափով: Վարկային միջոցները նախատեսվում է ծախսել հայկական եւ վրացական էներգահամակարգերը միացնելու ծրագիրն իրագործելու համար: Նախատեսվում է, որ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով հնարավոր կլինի ապահովել Հայաստանից դեպի Վրաստան էլէներգիայի արտահանում: Հաշվի առնելով, որ բարձր լարման նոր հոսանքագիծը ձգվելու է մինչեւ Հրազդան, ուստի ենթադրվում է, որ դրանով արտահանվելու է «Հրազդան ՋԷԿ»-ի արտադրված էլէներգիան: «Հրազդան ՋԷԿ»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսներին: Այսինքն՝ այս դեպքում էլ, ուզենք թե չուզենք, ստացվում է, որ պետական վարկային միջոցները ծախսվելու են մեկի` ռուսական մասնավոր ընկերության արտադրանքի իրացման խնդիրը լուծելու համար:

 

 

 

 

ՀՀ ԱԺ-ում երեկ շարունակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, եւ այլեւս ակնհայտ է, որ այդ փաստաթղթին դեմ քվեարկող պատգամավորների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չի հասնի: Մինչ այս հնչած տեսակետներից պարզ է, որ պայմանագրին ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից դեմ կքվեարկեն չորսը՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: Սերժ Սարգսյանի՝ մեկ գիշերում կայացրած որոշմանը սատարում են ինչպես ՀՀԿ-ականները, այնպես էլ ոչ իշխանական ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, որոնք խոսքով իշխանություններին իբր դեմ են, բայց գործով ամեն կերպ աջակցում են, ինչպես նաեւ՝ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը եւս որոշել է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրին դեմ քվեարկել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Դուք ինչո՞ւ եք որոշել դեմ քվեարկել, Ռուստամ Գասպարյանը պատասխանել է. «Վաղը (այսօր, խմբ.) Ազգային ժողովում կբացատրեմ. հիմա զբաղված եմ»:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի զեկույցի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր մոտ երկու տասնյակ ուղղություններով քննություն անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես քրեական գործ է հարուցվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գործունեության հետ կապված` գազաֆիկացման շինարարական աշխատանքներում թույլ տված խախտումների մասով: Այս ծրագրին մենք անդրադարձել էինք: Վարկային միջոցներով դեռեւս 2012-ին Արագածոտնի մարզի 12 գյուղեր փաստաթղթերով գազաֆիկացվել են, սակայն բնակիչները մինչ օրս գազ չունեն: Ի դեպ, ՎՊ զեկույցը դեռեւս այս տարվա ապրիլից ընդգրկված է ՀՀ Աժ-ի օրակարգում, իսկ թե երբ այն կքննարկվի, դեռեւս հայտնի չէ: Առաջիկա քառօրյայում այն դժվար թե քննարկվի: Իսկ գարնանային նստաշրջանի օրակարգ տեղափոխվելու դեպքում զավեշտ կստացվի, քանի որ այդ ժամանակ արդեն ԱԺ-ն կստանա ՎՊ-ի հաջորդ՝ 2014-ի գործունեության զեկույցը:

 

 

 

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Թեեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հրաժարվեց մեկ ժամ կամ մի քիչ ավելի պակաս ժամանակ տրամադրել թվարկելու, թե որ ապրանքներն են առաջիկայում թանկանալու մեր երկրում, այնուամենայնիվ, դրամի միքանիօրյա արժեզրկման գործընթացն արդեն հուշում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները մեր երկրի՝ առանց այդ էլ խոցելի տնտեսությունը պարզապես տանում են կործանման: Առաջիկա օրերից սկսած մի քանի ամիս շարունակ Հայաստանում գրեթե ամեն ինչ թանկանալու է՝ անգամ օծանելիքը: Ստիպված ենք լինելու օգտագործել ԵՏՄ անդամ երկրների արտադրած օծանելիքը, օրինակ՝ «Красная Москва», ու հարդարման պարագաները: Հավանաբար կվերադառնանք նաեւ հին ավանդույթներին, երբ «տակից» ֆրանսիական օծանելիք կամ բուլղարական ներքնաշորեր էին վաճառվում այս կամ այն առեւտրականի տանը:
Ու քանի որ ՀՀ գործող իշխանության ջանքերով մեր երկրում ապրանքաների մեծ մասը ներկրվում է, այլ ոչ արտադրվում տեղում, ուստի ներքին շուկան ինքնաբավ չէ, դրա համար էլ արտարժույթի՝ հատկապես դոլարի ցանկացած ցատկ իր անդառնալի հետեւանքներն է թողնում մեր տնտեսության վրա՝ ուղիղ հասնելով ՀՀ քաղաքացիների գրպանին: Եւ այս իրավիճակում արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ ԵՏՄ անդամագրմամբ առաջիկայում որակյալ ապրանքների քանակը կպակասի: Բանն այն է, որ սպասվելիք շեշտակի գնաճի արդյունքում ընկնելու է գնողունակությունը: Այսինքն՝ ընդհանուր աղքատացումը մեր երկրում ուղղակի անխուսափելի է, եւ այսօրվա 32.5 տոկոս ցուցանիշին դեռ երանի կտանք:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել բացի այն սուր քննադատությունից, թե «էշի քուռակ են այն պատգամավորները, որոնք կքվեարկեն ԵՏՄ պայմանագրի օգտին»: Որեւէ մասնագիտական միտք, խելամիտ առաջարկ՝ իրավիճակից դուրս գալու մասով, չեն հնչում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կամ այլընտրանքային ուժերի ներկայացուցիչների շուրթերից: Որեւէ մեկը փաստարկված չի բացատրում, թե ինչ այլընտրանք ուներ Հայաստանը ԵՏՄ չգնալու մասով, եւ այդ այլընտրանքն ինչ լուսավոր ապագա էր մեզ խոստանում:
Մնում է՝ այս համընդհանուր անպատասխանատվության մթնոլորտում կանխատեսել, որ դրամի արժեզրկման պայմաններում Հայաստանը թերեւս պետք է արտարժույթով վարկ վերցնի: Իսկ ո՞վ է տալու այդ վարկը: Ռուսաստանի Դաշնությունը գուցե ԵՏՄ պայմանագրի ստորագրումից հետո համաձայնի ֆինանսական հոսք ապահովել դեպի մեր երկիր, սակայն ոչ արտարժույթով: Իսկ ռուբլիով վերցրած վարկը որեւէ դրական ազդեցություն չի կարող ունենալ մեր երկրի համար: Հետեւաբար անհրաժեշտ է վարկ վերցնել դոլարով կամ եվրոյով, որպեսզի դրամի արժեզրկումը գոնե հնարավոր լինի որոշ ժամանակով կանգնեցնել՝ կայունացնելով տնտեսական վիճակը: Իսկ ինչո՞ւ վարկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ այսօր որեւէ այլ երկիր կհամաձայնի մեզ հենց այնպես գումար տալ: Անցան «գրանտակերության» «երանելի ժամանակները»:




Լրահոս