Սիսիանի մանկապարտեզում լարված վիճակ է. ծնողներն ահազանգում են, քաղաքապետարանը՝ պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում փաստացի գրանցված է 115 սան, սակայն  ամենաշատ այցելությունը, որ երբևէ գրանցվել է, եղել է այս տարվա դեկտեմբեր ամսին՝ 86 երեխա: Այս մասին Armlur.am-ին հայտնեց մանկապարտեզի տնօրեն Զվարթ Հովսեփյանը, ում խոսքով՝ երեխաների բացակայությունները կարող են կապված լինել հիվանդանալու հետ:

Զվարթ Հովսեփյանից Armlur.am-ը փորձեց ճշտել՝ ճի՞շտ են արդյոք ծնողների բարձրացրած այն հայտարարությունները, թե նախադպրոցական հաստատությունը վատ է ջեռուցվում, մսուրային խումբը միացվել է ավագ խմբին, երեխաներին բավարար քանակությամբ հաց չեն տալիս: Մանկապարտեզի տնօրենը վստահեցրեց. «Գիշեր-ցերեկ գազի վառարանը վառում է, միջանցքներում էլ է դրված: Դահլիճը տաք է, պարապմունքներ ենք անում, ինչի՞ մասին է խոսքը: Մանկապարտեզը նորմալ ջեռուցվում է»:

Տնօրենի փոխանցմամբ՝ մանկապարտեզում կա 4 խումբ, և նրանց սենյակները միանում են մեկ ընդհանուր դռնով. դուռը միշտ բաց է, և այսպես կլինի մինչև ապրիլի 1-ը: Թե ինչու մինչև այդ օրը, տնօրենը պարզաբանեց, որ այդ ժամանակվանից սկսած՝ ջեռուցելու հարց չի լինում:

«Ննջասենյակներից մեկից մահճակալները հանել ենք, փոքրերը քնում են, մեծերը՝ ոչ: Նախկինում փայտ ենք վառել, ծուխ է եղել, խտացել են իրար վրա, հիմա որ մաքուր է ամեն ինչ, վա՞տ է: Շենքը բազմահարկ է, բայց հիմա բոլորս երկրորդ հարկում ենք, ու հիմա որտե՞ղ է հեշտ ջեռուցումը»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով  մանկապարտեզի սաների ծնողների այն հայտարարությանը, թե «հացը դարձրել են մի կտոր՝ առավոտյան, մի կտոր՝ կեսօրին: Օրական ստանում են 15-16 հաց, ո՞ւր է գնում այն, եթե մեր երեխաներին տալիս են օրը երևի մի 25 գրամ հաց, նույնը՝ մյուս սննդատեսակները: Մյուս մանկապարտեզները տալիս են մեկ կոնֆետ, մեկ պեչենի, իսկ թիվ 2-րդ մանկապարտեզը՝ միայն մեկ կոնֆետ», տնօրենը հավատացրեց, որ հացի քանակի մեջ որևէ փոփոխություն չի եղել:

«Եթե հացը փչանում է, աշխատողները աղբի մեջ չեն գցում, հավաքում-տանում են: Որոշ ժամանակ առաջ էր խախտվել, հիմա նորից իր հունով գնում է: Օրվա հարց է՝ կարող է մի կտոր լինի, կարող է երկու կտոր լինի: Առավոտյան երկու կտոր ենք տալիս, կեսօրին մի կտոր, բայց մեծ: Երեխան արագ հացն ուտում է, ճաշը մնում է, երկրորդը չի ուտում: Ափսոսում ենք, հո միայն հաց տալով չի՞»,-նշեց նա և շարունակեց. «Ես որևէ ծնողի հետ երբևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, միայն մի ծնող կա, ում հետ վարձի հետ կապված խնդիր է եղել: Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը եղել, որ ծնողները նման հայտարարություն են արել: Ես Աստծուն հավատացող մարդ եմ, վերևն Աստված կա: Միգուցե այստեղ ինչ-որ միտում կա, ծնողների կողմից միտումն այնպես եմ տեսնում, որ կարող է մի ծնողի խոսեցնեն ու գրեն»:

Ինչ վերաբերում է ամսավճարների թանկացման մասին լուրերին՝ մանկապարտեզի տնօրեն Զվարթ Հովսեփյանը ասաց, թե այն արդեն երրորդ տարին է՝ 4500 դրամ է: «Մենք տնօրեններով մի անգամ մոտեցել ենք քաղաքապետին, ասել ենք՝ գոնե մի քիչ թանկացնենք խաղային կենտրոններում ինչ-ինչ բաներ ավելացնելու համար, մեր քաղաքապետը հարցրել է՝ ինչքա՞ն եք ուզում, ասել ենք՝ գոնե 5000 լինի, ու թույլ չի տվել մեզ մեր քաղաքապետը»,- եզրափակեց նախադպրոցական հաստատության տնօրենը:

Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից, սակայն մեզ հետ կապ հաստատած Կազմակերպչական բաժնի պետ Սլավիկ Դադաշյանն ասաց, որ ինքը գիտի՝ ինչի մասին ենք պատրաստվում խոսել քաղաքապետի հետ, և մեզ հետ պետք է հենց ինքն էլ խոսի: Ապա Կազմակերպչական բաժնի պետը վստահեցրեց, որ մեր կողմից բարձրացված հարցերի սկզբնաղբյուր հանդիսացող vorotan.am լրատվական կայքը հերյուրանքներ է տարածում, և մանկապարտեզում առկա վիճակը, ըստ տարածված լուրերի, իրականությանը չեն համապատասխանում:

«Անցած տարվա համեմատ՝ այս տարի սննդի վրա ծախսվող գումարը եռապատկվել է՝ 150 դրամից դարձել է 450: Ծնողների անհանգստությունն ավելորդ է: Պարզապես այն ժամանակ, երբ Սննդի անվտանգության տեսչությունը հորդորել է զերծ մնալ ավելորդ սննդատեսակներից՝ թունավորումներից խուսափելու համար, որոշ սննդատեսակներ, այդ թվում՝ մսամթերքը, մի որոշ ժամանակ չենք տալիս երեխաներին»,- ասաց Սլավիկ Դադաշյանը, և մեր հարցին՝ այդ դեպքո՞ւմ ևս պահպանվում է վարձավճարի նույն քանակությունը, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ պատճառաբանելով, թե իրականում այդ 4500 դրամը ոչ թե սննդի համար է նախատեսված, այլ՝ մանկապարտեզի այլ ծախսերը հոգալու: Իսկ սննդի մնացած ծախսերը բավարարվում են համայնքային բյուջեի միջոցներով:

«Ծնողների տված գումարը հերիքում է ընդամենը 10 օր, իսկ մնացած 25 օրը տրամադրում է քաղաքապետարանը: Հո ամեն ինչը փաթաթան չենք սարքելու: Այդ մանկապարտեզից տաք մանկապարտեզ ամբողջ ռեգիոնում չկա: Իսկ վճարումներն արվում են բանկոմատներով՝ բանկային համակարգով, մանկապարտեզի տնօրենին որևէ մեկը չի վճարում բացարձակապես»,- հավելեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով այն լուրերին, թե գումարները ծնողներից գանձում է տնօրենը: Վերջում Սլավիկ Դադաշյանը նշեց, թե Սիսիանի քաղաքապետարանն ամենադեմոկրատն է և միշտ պատրաստ է վրդովված ծնողների հետ բանակցելու:

Տեղեկացնենք, որ Սիսիանի թիվ 2 մանկապարտեզի երեխաների ծնողները, ովքեր չեն ցանկացել նշել իրենց անունները՝ պատճառաբանելով, թե ցանկացել են զերծ պահել երեխաներին հաշվեհարդարից, «Որոտան» լրատվականին են դիմել՝ հայտարարելով, թե «… հունվարի սկզբից մանկապարտեզը ցնծության մեջ էր, սնունդն՝ այնքան հարուստ, ճոխ, որ զարմանք ապրեցինք. տավարի միս, հավի միս, մածուն, կարագ, հյութեր, մի խոսքով՝ ամեն ինչ: Այդ ճոխությունը տեւեց ընդամենը երկու ամիս, այնուհետեւ քիչ-քիչ պակասեց, եւ նորից նստեցինք «կոտրած հին տաշտակի առաջ», նորից նույնը, միայն վարձը շատ՝ 4500 դրամ, որն էլ, չգիտես ինչու, շատ դեպքերում վճարում ենք տնօրենին, որը գնում-կորչում է»:

Տաթև Հարությունյան




Լրահոս