Հայ-ամերիկյան համագործակցության արդյունքոմ նկարահանվել է «Նոր տանը մենակ» անունը կրող առաջին հայկական երգիծական մարտաֆիլմը, որի թրեյլերն արդեն հայտնվել է համացանցում: Ֆիլմն իր շուրջ հավաքել է դերասաններ Լեւոն Հարությունյանին, Գրիգոր Դանիելյանին, Ռիչարդ Մադլենյանին, Արեգ Գալոյանին, Կրո Գասպարյանին, Օֆելյա Զաքարյանին եւ այլոց: Այստեղ հանդիսատեսը Ռիչարդին, օրինակ, կտեսնի մաֆիայի պարագլխի, Գրիգորին՝ նրա «աջ թեւ»-ի, Արեգին՝ նոր տանը մենակ մնացած պատանի հերոսի կերպարներում:
«Պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անսպառ հումոր ունեցող այս դերասանները հավաքվեն մեկ վայրում»,-«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նկատեց ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք վերջինս մտավախություն չի ունեցել, որ իր ֆիլմը կասոցացնեն ամերիկյան հայտնի «Տանը միայնակ»-ի հետ, ռեժիսորը պատասխանեց. «Ֆիլմերի մեջ սյուժեի նմանություն կա այնքանով, որ դրանց գլխավոր գործողությունները տեղի են ունենում տանը»:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Հիմալայներում: Այն ունի բարոյահոգեբանական, դաստիարակչական նշանակություն. «Մարդիկ, ովքեր ընչաքաղց են ու չար, պետք է ուշ թե շուտ զգան, թե ինչ բան է անկումը, եւ հակառակը՝ արդար կյանքով ապրողը՝ ի դեմ Արեգի դերակատարի, պետք է ճաշակի հաղթանակի համը»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Աննա Բաբաջանյան