Քիչ առաջ «Միդիա Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանն Armlur.am-ին հայտնեց, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ԱՄՆ օդուժը գնդակոծել է Սինջարի արվարձանը: Սրանից անմիջապես հետո եզդիական ջոկատները՝ Կասմ Շաշոյի ղեկավարությամբ և քրդական Պեշմարգա զինված ուժերի օգնությամբ, անցել են հարձակման:
«Այսօր արդեն գրաված է Սինջար քաղաքը: Թեպետ մի քանի տեղերում շրջափակում դեռևս կա, սակայն զինյալները որոշել են այսօր վերջացնել ազատագրումը, որպեսզի վաղը՝ եզդիների ազգային տոնին ուրախ լուր հայտնեն աշխարհով սփռված ողջ ազգին»,- ազաց մեր զրուցակցը՝ նշելով, որ քրդերը փախչում են այն արագությամբ, որ նույնիսկ իրենց սպանվածների դիակները չեն հավաքում:
Հիշեցնենք, որ եզդիաբնակ Շանգալի մարզի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը օգոստոսի 1-ի երեկոյան Շանգալի գյուղերից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա պատրաստվում էին ներխուժում իրականացնել:
Քրդական փեշմարգայի զինյալները եզդիներին վստահեցնում էին, որ իրենք շատ արագ կոչնչացնեն ահաբեկիչներին և կհեռացնեն այդ հատվածից, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Եզդիների մոտ խուճապ սկսվեց այն ժամանակ, երբ նույն գիշերը` ժամը 12-ի կողմերը, փեշմարգայի շարասյուները սկսեցին դուրս գալ Շենգալից: Եզդիները փորձեցին կանխել, ինքնապաշտպանվելու համար զենք պահանջել, բայց քուրդ զինյալները կանխել փորձողներից 4-ին գնդակահարեցին: Քրդական զինված ջոկատները օգոստոսի 2-ի գիշերը` ժամը 3-ին, արդեն լքել և անպաշտպան էին թողել եզդիներին: