Ցեղասպանության թեման պետք է հասու դարձնել թուրք երիտասարդությանը. Արթուր Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Վարդանյանը, ի թիվս այլ հայ ռեժիսորների, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ լծվել է մեր ազգի համար կարեւորագույն այս թեմայով նոր ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքներին՝ իր առջեւ, սակայն, դնելով մեկ հիմնական խնդիր՝ Ցեղասպանության թեման հասու դարձնել թուրք երիտասարդությանը:

«Կանն»-ի կինոփառատոնի շրջանակում ցուցադրված «Կշեռք» ֆիլմի ռեժիսորը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է նաեւ հայ կինոյի մեծ բացի մասին:

-Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ պատրաստվում եք նկարահանել ֆիլմ՝ որպես թիրախային լսարան նախատեսելով թուրք երիտասարդությանը, եւ եթե չեմ սխալվում՝ Ձեր գլխավոր հերոսուհին իրական կերպար է, այո՞:

-Այո՛, թեեւ ֆիլմը նկարահանվում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, իմ հիմնական նպատակն է ստանալ համամարդկային բնույթի հոգեբանական դրամա: Գլխավոր հերոսուհին Մեծ եղեռնի ականատեսներից է եղել, ում մանկությունն անցել է գերեվարության մեջ, եւ ով ունի հոգեկան խնդիրներ: Ես՝ որպես ռեժիսոր, ձգտում եմ ցեղասպանության թեման հասու դարձնել թուրք երիտասարդությանը, որը կարող է օղակ հանդիսանալ թուրքական իշխանության եւ հասարակության միջեւ: Եթե կարելի է ինչ-որ բան փոխել, ապա դա հնարավոր է անել երիտասարդների շրջանում: Բացի այդ՝ պատրաստվում եմ ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը հասու կլինի նաեւ դրսի հանդիսատեսին:

-Այսօր Հայաստանում ի՞նչ որակի, ի՞նչ բնույթի ֆիլմերի պակաս եք տեսնում:

-Շատ եմ ուզում, որ հայկական կինոն վերածնվի: Մեզ մոտ չկան ֆիլմեր մարդու մասին: Պետք չէ հիմնվել վերամբարձ գաղափարների ու լոզունգների վրա, պարզապես հարկավոր է ներկայացնել մարդուն, ասեմ ավելին՝ այսպես կոչված՝ «փոքր մարդուն», այսինքն՝ հասարակ մարդուն, բայց իրական հերոսին: Իմ՝ Ցեղասպանության թեմատիկայով ֆիլմն էլ լինելու է հենց մարդու մասին:

-Ինչպես կինոյի ոլորտում, տեսահոլովակների դեպքում եւս նկատվում է դրսի ազդեցությունը հայկական շուկայի արտադրանքի վրա: Այս հանգամանքը կարո՞ղ է խնդրահարույց լինել, եւ Դուք ի՞նչ լուծում եք տեսնում:

-Ինքս նկարահանում եմ ժողովրդական, հայրենասիրական բնույթի տեսահոլովակներ, որոնցում արտացոլում եմ մեր ազգային ավանդույթները, սովորույթները, ներկայացնում մեր արժեքները: Եվ որպեսզի դրսի ազդեցությունից խուսափենք, պետք է նկարահանենք մեր ազգային մտածողությանը համահունչ տեսահոլովակ, լուծենք ինքներս մեզ հետ ներդաշնակվելու խնդիրը: Սա է ելքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս