ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը պատրաստվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս առիթով դատապարտյալը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասվում է.
«Հարգելի՛ նախագահ, բազմիցս Ձեզ դիմել եմ հարցով, որ Հայաստանի Հանրապետությունում չկա արդարադատություն, չկա այն իրականացնող մարմին, սակայն որևէ արձագանք Ձեր կողմից չեմ ստացել: Ուստի՝ պատրաստվում եմ դիմել աշխարհի թագավոր, իմպերատոր Վլադիմիր Պուտինին:
Նշեմ, որ Հայաստանի եռագույն դրոշի ներքո հաղթանակ եմ տարել Հունաստանի Հանրապետությունում ՝ պարտության մատնելով Ադրբեջանի Հանրապետության՝ արևելյան մարզաոճին տիրապետող մարզիկին և դարձել եմ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Իմ և ընտանիքիս նկատմամբ արդարադատության ոլորտում բազմաթիվ կաշառակերություններ և անարդարություններ են իրականացվել, կաշառակերության բազմաթիվ դեպքեր են բացահայտվել:
Բազմիցս դիմել եմ Ձեզ և ՀՀ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի համապատասխան լուծում տաք և հնարավորություն ստեղծեք ինձ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում: Հարգելի՛ նախագահ, Ձեր կողմից, սակայն, ոչ մի դրական արձագանք չեմ ստացել, ուստի՝ սույն թվականի դեկտեմբերի 22-ից կարելու եմ աչքերս և բերանս, հայտարարելու եմ օրինական կարգով հացադուլ և ջրադուլ՝ «Մահ կամ ազատություն» խորագրով: Կլինեն բազմաթիվ հրապարակումներ ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ներում:
Դուք՝ որպես երկրի նախագահ, չեք վերահսկում երկրում իրականացվող անարդարությունները, և արդարացի լուծում չեք տալիս արդարություն պահանջող դատապարտյալի համար: Սրա վառ ապացույցն է այն, որ բազմաթիվ դատապարտյալներ տառապում են վաղաժամկետ պայմանական ազատվելու խնդրով, և Դուք նպատակահարմար եք գտնում ծանրամարտի ոմն չեմպիոնի, այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ազատմանը, ով նախօրեին ազատվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ անգամ չկրելով պատժի մեկ երկրորդը:
Ի դեպ, նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով՝ ապօրինաբար թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:
Պարո՛ն նախագահ, հասկանում եմ, որ շատ ծանր ու ցավագին կտանեք այն փաստը, որ ես նպատակ ունեմ դիմելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին, այդուհանդերձ, ստիպված եմ Ձեր իրական դեմքը ներկայացնել ողջ աշխարհին: Դուք, շրջանցելով ՀՀ օրենսդրությունը, խտրականություն եք դնում և անձնական կախվածության այլ հարաբերություններից ելնելով՝ շարժվում եք ծանրամարտի աշխարհի չեմպիոնի կամքով, որքան էլ դա օրենքի սահմաններից դուրս է:
Հարգելի՛ նախագահ, Դուք գործում եք ընդեմ 6000 դատապարտյալների՝ արհամարհելով նրանց: Ես դատապարտվել եմ միջին ծանրության հանցանքի համար՝ 4 տարի 8 ամիս ժամկետով: Արդեն պատիժ եմ կրում 4 տարի 5 ամիս է և լիարժեքորեն համապատասխանում եմ ազատման, ուստի՝ պահանջում եմ, որպեսզի վաղաժամկետ պայմանական ազատումը գործի համատարած, ոչ թե ծանոթ-բարեկամի համար միայն:
Հացադուլն ու ջրադուլը չի դադարեցվելու, քանի դեռ այս անօրինական կառույցը չդադարի գործել: Նկատեմ, որ այս կյանքում բոլորս ենք հանցագործ, և չի բացառվում, որ բոլորս էլ հավանական է՝ անցնենք ՔԿՀ սեղմված անիվների տակով, այդ թվում՝ ոստիկանապետերը, ովքեր ձերբակալել են մեզ:
Պահանջում եմ Ձեզ՝ որպես ՀՀ առաջին դեմք, չդնե՛ք խտրականություն և կայացնեք արդարացի որոշումներ համատարած և բոլորի համար: Պետք է օրենքը գործի թե՛ դեսպանների, թե՛ քրեական թաղային հեղինակություն վայելող դեպուտատների համար: Ես այն երկիրն եմ ընդունում և գնահատում, որում երկրի նախագահի դռան առջև կանգնած չեն մուրացկանն ու ոստիկանը»: