Ամերիկացի գիտնականները նոր սարք են ստեղծել, որի շնորհիվ կարելի է ԴՆԹ-ի գենետիկ վերլուծություն կատարել սովորական սմարթֆոնի օգնությամբ: Այդ մասին հայտարարել են Կալիֆորնիայի համալսարանի նանոհամակարգերի ինստիտուտի մասնագետները:
Սարքը, որն իրենից ներկայացնում է ֆլուորեսցենտային մանրադիտակ, ամրացվում է Windows օպերատիվ համակարգով գործող սմարթֆոնին: Սմարթֆոնի տեսախցիկի միջոցով մանրադիտակը պատրաստում է ԴՆԹ-ի մոլեկուլի հատուկ պատկերը:
Այնուհետև պատկերներն ուղարկվում են ինստիտուտի սերվերին, որտեղ էլ իրականացվում է հետազոտությունը: Հաջորդ քայլով տեղեկատվությունը կրկին ուղարկվում է սմարթֆոնին՝ հետազոտողի համար հասու տեսքով:
ԴՆԹ հետազոտությունների կլինիկական սարքավորումները շատ մեծածավալ են և թանկարժեք: Այդ պատճառով Կալիֆորնիայի գիտնականների կողմից մշակված բջջային լուծումը առանձնապես արդիական է: Այն թույլ կտա հիվանդությունների ախտորոշումներ կատարել բառացիորեն ոտքի վրա: