Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի անդամները վարչապետին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներ, մասնավորապես, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Կոթի և Բարեկամավան կատարած այցի մանրամասները, արձանագրված խնդիրներն ու տեղի բնակիչներին հուզող հարցերը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է այդ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական տարբեր ծրագրերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին սեղմ ժամկետներում ներկայացնել հնչեցված խնդիրների լուծման առաջարկություններ: