ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆԿԵՐ ՀՐԱՆՏԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ էր ունեցել Հալեպում՝ ՀՅԴ 124-ամյակի միջոցառմանը: Հ. Մարգարյանն անդրադարձ էր կատարել նաեւ սահմանադրական բարեփոխումներին ու նշել, որ այն մեծ դերակատարում ունի հայ ժողովրդի համար:

«Նոր Սահմանադրության ընդունումով է, որ երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ, իսկ թե որքանով այդ իշխանությունը կարտահայտի ժողովրդի կամքը, արդեն հաջորդ քայլն է, որի մասին մենք պետք է մտածենք: Իսկ առայժմ եկեք ընդունենք, որ ներքաղաքական եւ հասարակական հակադրությունների ներդաշնակման եւ ժողովրդի ներուժի ճիշտ կազմակերպման համար նախեւառաջ անհրաժեշտ է կառավարման խորհրդարանական համակարգի որդեգրումը»,-հայտարարել է Մարգարյանը:
Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի.«Նոր Սահմանադրությունն է, որ պետք է երաշխավորի երկրում ստվերային իշխանության բացառումը, տնտեսական լինի այն թե քաղաքական, առճակատման մթնոլորտի ու «գունավոր հեղափոխությունների» բացառումը… Չէի կամենա, բայց ստիպված եմ անդրադառնալ նրանց, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը: Ես ցավով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Իրենք իսկ լուրջ չեն վերաբերում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից»:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՎՍԴՀԿ ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
-Տիկի՛ն Սարգսյան, ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ սահմանադրական փոփոխության ընդունումով մեր երկրում մենատիրությունը, անձի իշխանությունը պետք է փոխարինվի հավաքական իշխանությամբ: Ինչո՞ւ են Հայաստանի ընդդիմադիր ուժերը հակառակ հայտարարություններով հանդես գալիս:
-Ճիշտն ասած՝ զարմացած չեմ Հրանտ Մարգարյանի նման մեկնաբանությամբ, ավելին՝ երբ ասում է, թե մեզ անհրաժեշտ է, ապա ասեմ, որ հավանաբար դաշնակցությանն է խիստ անհրաժեշտ: Բայց դրան զուգահեռ չեմ կարող չհիշեցնել պարոն Մարգարյանին, որ դաշնակցությունում ունեին նախապայմաններ, իսկ այդ նախապայմանների մասով այսօր ոչինչ չի ասվում: Հետեւաբար ես ունեմ իմ հստակ կարծիքը, թե ինչու է Հրանտ Մարգարյանը նման տեսակետ արտահայտում, բայց ձեռնպահ կմնամ հնչեցնելուց: Իսկ ինչ վերաբերում է նրա մտքին, թե դրա արդյունքում կարող է ժողովրդի կյանքը փոխվել, ապա ընկեր Հրանտին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում ոչինչ չի կարող փոխվել, եթե չկա քաղաքական կամք: Ներկայիս գործող Սահմանադրությունը նույն իշխանության կողմից ամեն օր ոտնահարվում է: Պետք է նորից ասեմ, որ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների փաթեթը մի բան է ընդամենն ակնկալում, այն է՝ Սերժ Սարգյանի կողմից վերարտադրել սեփական իշխանությունը: Հետեւաբար, Հրանտ Մարգարյանը, մեղմ ասած, անկեղծ չէ իր տեսակետի մեջ:
-Բայց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը ցավում է նրանց համար, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխություններին, քանի որ, ըստ Հ. Մարգարյանի, այդ կերպ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով:
-Ես Հրանտ Մարգարյանին առաջարկում եմ փողոց դուրս գալ ու հարցում անցկացնել, արդյո՞ք կգտնվի մի քաղաքացի… գոնե քաղաքացիների մեկ տոկոսը, որը կասի, թե մեզ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, ու այդ փոփոխությունների հետ կապված նրանք ակնկալիքներ ունեն: Հետեւաբար, ապակողմնորոշման մասին խոսելը ես կարծում եմ, որ քաղաքական նպատակ է հետապնդում: Չեմ ուզում ավելին ասել, բայց պետք է նշեմ, որ ապակողմնորոշում է Հանրապետական կուսակցությունը, իսկ նրան աջակցում է Հրանտ Մարգարյանը, որովհետեւ չեմ ցանկանում խոսել ամբողջ Դաշնակցության անունից: Իրականությունը սա է, որին շատ լավ քաջատեղյակ է մեր ժողովուրդը:
-Իսկ գուցե ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հաջողվի՞ ժողովրդին ապացուցել, որ լավագույնը ՀՀ-ի համար սահմանադրական բարեփոխումներն են: Նման հայտարարությունները չե՞ն կարող փոխել ժողովրդի մտածելակերպը:
-Չեմ կարծում: Եթե ԱԺ-ի առնվազն 4 խմբակցությունները չեն աջակցում այդ նախաձեռնությանը, ուրեմն Դաշնակցությունը թող չմտածի, որ ամենախելոքն իրենք են ու միայն իրենք են հասկանում՝ ինչ է անհրաժեշտ Հայաստան երկրին, որպեսզի բարեփոխումներ լինեն, ու զարգացում լինի: Կարծում եմ, որ մյուս խմբակցությունները ոչ պակաս մտահոգ են երկրի ճակատագրով եւ ոչ պակաս են անհանգստանում, թե իրականում Սերժ Սարգսյանն ինչ նպատակ է հետապնդում: Կարծում եմ, որ ժողովուրդն արդեն ինքը հասկացել է, թե իր համար որն է լավ, որն է վատ: Ու չեմ կարծում, որ այսքանից հետո ժողովրդին կարելի է ապակողմնորոշել, հայ ժողովուրդն ինքը գիտի, թե ումից ինչ է ուզում, եւ ինչն է նրա պահանջը: Մտածելակերպ փոխել այլեւս անհնար է, մարդիկ բոլորին լավ գիտեն, գիտեն, թե իրականությունը որն է:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՃՇՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ

Երեկ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ էր հրավիրել: Այն կայացել է 30 րոպե ուշացումով, քանի որ Սերժ Սարգսյանը ուշացել է: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը:

Նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ու ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Վերջիններս խոսելով Հայաստանում արձանագրված գնաճի մասին՝ փոխանակ լուծումներ տան հարցերին, ՀՀ քաղաքացիներին խորհուրդ են տվել այս օրերին թանկացած ապրանքներից «չօգտվել»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ չի հավատում, թե ավտոգազալցակայաններում գազի գինը 230 դրամ է. «Ճիշտ չեք ասում, ես համարյա բոլոր տեղերը մարդիկ եմ ուղարկել, եւ ճշտել ենք, որ այն մեծ մասամբ 200 դրամ է, որոշ տեղերում էլ՝ 210 դրամ: Ձեր նշած գինը որեւէ տեղ չկար»: Իսկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը մտահոգ է Հայաստանի շուկայի թանկացումներից: Ըստ նրա՝ գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է վերահսկել, եւ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հետեւում է դրան. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, այդ առումով ինքը տարօրինակ քայլ չի կատարել՝ խանութներ այցելելով»:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նաեւ ասել է, որ իր կարծիքով ժողովուրդը չպետք է ձու գներ, երբ այն արժեր 150 դրամ. «Ես կարծում եմ` այդ պահին պետք չէր ձու գնել ուղղակի: Կարո՞ղ են լինել չարաշահումներ: Իհարկե, բայց դա չի նշանակում, որ պետությունը ի վիճակի է կամ կարող է փոխհատուցել վնասները: Պետությունն ունի իր գործիքակազմը եւ պետք է կյանքի կոչի դրանք: Ինչքանով է այն արդյունավետ, պետք է գնահատեք դուք: Բայց սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անհատ կարող է գալ եւ ասել` փոխհատուցի՛ր իմ վնասները»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս նշեց, որ ինքը մտահոգ է տիրող իրավիճակի համար, բայց դա չի կարող բողոքի ակցիայի վերածվել. «Ես բողոքի ձայն չունեմ, ես իմ աշխատանքով եմ խնդիրները լուծում»:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Բելառուսի փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը միության անդամ չի դառնա, նշել է, որ ԼՂՀ-ն դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս չէ:
«Մենք ամբիոններից էլ բազմիցս հայտարարել ենք, որ, այո՛, ԼՂՀ-ն դե յուրե ՀՀ-ի մաս չէ, դե ֆակտո ազատ է: Մեր նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է, ԼՂՀ-ի կամքն էլ է միջազգային ճանաչման հասնելը: Ուստի, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂՀ-ն դե յուրե Հայաստանի Հանրապետության մաս է, ուրեմն մոլորության մեջ է»,-նշել է Շարմազանովը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ նրա կնոջ՝ Լարիսա Միքայելյանի միջեւ առաջացած դատական վեճը լուծվել է: Ամուսիններով որոշել են հաշտություն կնքել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր՝ նախկին պատգամավորը սեպտեմբերի 16-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել իր կնոջ` Լարիսա Միքայելյանի հետ կնքված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը»: Ինչպես պարզեցինք՝ դատարանում պատգամավորն ու իր կինը հաշտության համաձայնության են եկել եւ հայտնել են, որ իրենց կողմից ստորագրված եւ վավերացված «ամուսնական գույքի բաժանման պայմանագիրը» առոչինչ գործարք է: Դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ, հաշվի առնելով կողմերի պնդումը, գործի վարույթը կարճել է` կողմերի հաշտություն կնքելու հիմքով:

 

«ԹԵՐԱՖԼՅՈՒ» ՉԽՄԵԼ
Հայաստանի ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ դեկտեմբերի 18-ի հրամանով դադարեցվել է «Թերաֆլյու» (խնձորի եւ դարչինի համով ներքին ընդունման դեղափոշի) դեղի՝ միայն F1855 սերիայի խմբաքանակի շրջանառությունը: Հանրապետության տարածքում գործող դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ են հավաքվել նշված սերիայի առկա բոլոր խմբաքանակները: Երեկ «Ժողովուրդ»-ը առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ նշված խմբաքանակը դուրս է հանվել շրջանառությունից դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրության համաձայն: Ըստ որի՝ արտադրողը՝ ֆրանսիական «Ֆամար օրլեանս» դեղագործական ընկերությունը, դեղի բաղադրության անհամապատասխանության դեպքեր է գրանցել Մոլդովայում: Պարզվել է, որ «Թերաֆլյու» դեղի այդ սերիայի խմբաքանակում բացակայում է դեղի հիմնական նյութը՝ հակաբորբոքային, ջերմ իջեցնող եւ ցավազրկող պարացետամոլը:

 

ԴՐԱՄՆ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է
Դրամի փոխարժեքը փոխանակման կետերում եւ բանկերում երեկ շարունակեց բարձրանալ: Օրվա վերջին բանկերը եւ փոխանակման կետերը դոլարը գնում էին 430-ից 435 դրամով, իսկ վաճառում էին 465-ից 470 դրամով: Ի դեպ, երեկ եւս ԿԲ-ն վաճառքի էր հանել 4 միլիոն դոլար, սակայն այն չէր վաճառվել` պահանջարկ չլինելու պատճառով: Այն բանից հետո, երբ ԿԲ-ն սկսեց սակարկություններով դոլար վաճառել, բնական հարց ծագեց, իսկ որքան երկար կբավարարեն Հայաստանի պահուստները՝ այդ կերպ արժույթի շուկան կայուն պահելու համար: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ԿԲ-ից տրված պատասխանում մասնավորապես նշված է. «Կենտրոնական բանկը պահուստների անբավարարության խնդիր չի տեսնում, քանի որ ԿԲ որդեգրած նոր մոտեցումը ենթադրում է արտարժույթի վաճառքների նվազող ծավալ եւ ընդամենը մինչեւ տարեվերջ ընկած ժամանակաշրջանում: Այդ իսկ պատճառով այս նոր մոտեցումը էականորեն չի ազդելու պահուստների մակարդակի վրա»,- նշված է ԿԲ-ից «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում:




Լրահոս