«Աստված ինձ ստեղծել ա, որ ես քեզ օգնեմ». 20.000 դոլար կաշառք վերցրած դատավորը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է Հատուկ Քննչական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից  խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Սեյրան Կարապետյանի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն այս դեպքին արդեն անդրադարձել էր և որոշ մանրամասներ ներկայացնել: Մասնավորապես` տեսանյութ, որում երևում է` ինչպես է դատավոր Խաչատուր Խաչատրյանը կաշառք վերցնում և խոստանում այցելուի հարցերը լուծել: «Ես կամ, որ քեզ օգնեմ»,- ասում է դատավորը:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 27-ին Արդարադատության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացքում քննարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու մասին համաձայնություն տալու՝ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցը:




Լրահոս