Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ 2015 թվականին քաղաքական և տնտեսական դաշտում անկումներ են սպասվում:
«Սպասենք 2015-ին և կտեսնենք, թե ինչպիսին կլինեն քաղաքական ուժերի գործողությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը՝ խոսելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի գործողությունների մասին:
«2015 թվականը կլինի նաև մեր պահանջատիրության տարին: Պատրաստվում եմ նախագիծ ներկայացնել խորհրդարան: Եկել է մի շրջան, որ մենք պետք է գիտակցենք, որ ՀՀ-ն ոչ միայն այն տարածքն է, որտեղ ապրում ենք, այլ ունենք հայրենիք, որի վերադարձման և այնտեղ պետականություն ունենալու վերաբերյալ մենք ունենք պահանջ, և որը պետք է սպասարկվի հայ ժողովրդի կողմից»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս անդրադարձավ նաև ՀՅԴ կուսակցության գործողություններին՝ ասելով. «Չնայած նրան, որ Դաշնակցությունը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթին, այդուհանդերձ, ՀՅԴ-ն հիմնականում սպասարկում է մեր պահանջատիրությունը և այդ դաշտում համագործակցություն տեղի կունենա: Եթե հայտարարում են, թե Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցումը պայմանավորված է մեր անվտանգությամբ, դրանք լոկ հայտարարություններ են՝ ապահովագրելու իրենց դավաճանությունը: Մինչդեռ, հենց անվտանգությունը գալիս է նրանից, երբ դու ինքնուրույն ես և անկախ»: