Ինդոնեզիայի ՌՕՈւ-ի աշխատակիցները մարդու դի են գտել այն վայրում, որտեղ հայտնաբերվել էին AirAsia ավիաընկերության անհետացած Airbus օդանավի ենթադրյալ բեկորները, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով ինդոնեզական լրատվամիջոցներին, որոնք հղում են կատարում օդաչուներից մեկին:
«Ալիքների վրա օրորվել է մարդու դի: Այն բանից հետո, երբ ես ուսումնասիրեցի իմ նոութբուքի վրա լուսանկարը, հասկացա, որ դա զոհվածի դի է»,- հայտարարել է Տրի Պրաբովոն:
Հիշեցնենք` Սուրաբայայից Սինգապուր թռչող А320 աէրոբուսի հետ կապը կորել էր դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 2:17-ի սահմաններում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ օդանավում 162 մարդ է եղել, այդ թվում՝ 17 երեխա: Ուղևորների մեծ մասը ինդոնեզիացիներ, կորեացիներ, բրիտանացիներ, մալազիացիներ ու սինգապուրցիներ են: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ավստրալական AP-3C Orion օդանավը, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում Ճավա ծովում, հայտնաբերել է կասկածելի օբյեկտ կամ օբյեկտներ:
Նշենք, որ օդանավում եղել է 155 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
14:30
Փրկարարները գտել են AirAsia ավիաընկերության օդանավի զոհված 6 ուղևորի մարմինները. հայտնում է lenta.ru-ն:
Զոհերի վրա փրկարարական բաճկոններ չեն եղել:
16:00
Ինքնաթիռի վթարի գոտում արդեն հայտնաբերվել է մոտ 40 զոհի դի: ՌԾՈՒ նավաստիները դրանց մի մասը բարձրացրել են փրկարարական նավի տախտակամած:
«Հիմնվելով «Բունգ Տոմո» ռազմանավից ռադիոկապի միջոցով ստացված տեղեկությունների վրա` ջրից արդեն դուրս է բերվել 40 դի, և դրանց թիվը շարունակում է աճել»,- հայտարարել է ՌԾՈւ մամլո քարտուղար Մանահան Սիմորանգկիրը: