«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Գյումրիում ստեղծված լարված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իրավապահները. նրանք պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկած չառաջանար, որ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանելու մեջ կասկածվող ՌԴ զինված ուժերի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ է պատասխանատվության ենթարկվելու:
ՀՀ իրավապահները՝ մասնավորապես ՀՀ ոստիկանությունը, պարտավոր էր թույլ չտալ, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեին Պերմյակովին հայտնաբերելու նպատակով կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները պետք է մեկ խնդիր լուծեին` ապահովել, որ իրենց զորամասից եւս մեկ զինվոր զենքով դուրս չգա ու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա: ՀՀ իրավապահները ոճրագործության մեջ կասկածվողին ամեն գնով իրենց ուժերով հայտնաբերելու փոխարեն թույլ են տվել, որ ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցեն օպերատիվ-հետախուզական գործողություններին, ինչի արդյունքում Պերմյակովը հայտնվել է նրանց ձեռքում:
ՀՀ քաղաքացիներն արդարացի կասկածներ ունեն, որ նա կարող է խուսափել ՀՀ արդարադատությունից, եւ երեկ բողոքի ինքնաբուխ ցույց էին կազմակերպել Գյումրիում: Եթե ՀՀ իրավապահներն իրենց բարձունքի վրա գտնվեին, ապա ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ստիպված չէր լինի հատուկ հայտարարել, որ Հայաստանում կատարված ոճրագործության մեջ մեղադրվող անձն անպայման Հայաստանում կդատապարտվի:
Ի դեպ, Կոստանյանը դեռ պետք է կարողանա կյանքի կոչել իր խոստումը, ինչը ենթադրում է, որ ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը պետք է համաձայնի Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահներին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: