«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից անցել է 3 օր, եւ մինչ օրս այս չարաբաստիկ սպանությունից մի շարք հանգամանքներ այդպես էլ անհասկանալի են մնում հասարակության համար:
Հիշեցնենք, որ նշված օրը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Մյասնիկյան փողոցի թիվ 188 տուն եւ Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին քնած վիճակում գնդակահարել:
Ամուսիններ 1961 թ. ծնված Սերյոժա եւ 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանները, դուստրը՝ 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, որդին՝ 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, նրա կինը՝ 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը եւ նրանց դուստրը` 2,5-ամյա Հասմիկ Ավետիսյանը տեղում մահացել էին:
Իսկ ընտանիքի 7-րդ անդամի` 1-ամյա Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար բժիշկները դեռ պայքարում են:
Ինչո՞ւ հենց Ավետիսյանների բնակարան
Ըստ պաշտոնական տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 03:00-ի սահմաններում, իսկ թաղամասում աղմուկը բարձրացել է առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ հարեւանն է առավոտյան մտել Ավետիսյանների բնակարան եւ տեսել նրանց անշնչացած մարմինները: Անմիջապես զանգահարել է շտապօգնություն եւ հայտնել, թե հարեւանի ընտանիքը գազի արտահոսքից թունավորվել է: Մի փոքր անց շտապօգնության բժիշկներն են պարզել, որ ոչ թե գազից են թունավորվել Ավետիսյանները, այլ գնդակահարվել են քնած ժամանակ:
Ինչպե՞ս է Վալերին ներխուժել Ավետիսյանների բնակարան: Ըստ լուրերի՝ բնակարանի դռան մոտ եղել է միայն տանտիրուհու դին, որն էլ հիմք է տալիս մտածելու, թե նա է զինվորականի առաջ բացել դուռը: Պարզվում է՝ գյումրեցիները գիտեին, որ Ավետիսյանները տան բակի դարպասները փակելու սովորություն չեն ունեցել:
Ռուս զինվորականը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ փախուստի է դիմել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել:
Ճանապարհին Պերմյակովը ներխուժել է Ավետիսյանների տուն՝ իբրեւ թե ջուր խմելու:Երբ ընտանիքի անդամները տեսել են իրեն, վախեցել է, որ իր մասին կպատմեն զորամասի ղեկավարությանը, դրա համար նրանց սպանել է:
Տեղեկացնենք, որ ռուսական ռազմաբազայից մինչեւ Ավետիսյանների բնակարան 5 կմ է, մոտ 1 ժամ է հարկավոր ոտքով այնտեղ հասնելու համար: Ավելին՝ մինչ սպանվածների բնակարանը մի շարք նմանատիպ բնակարաններ ու խանութներ կան, որտեղից ռուս զինվորականը կարող էր ջուր խնդրել եւ հագեցնել ծարավը: Բացի այդ՝ Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բակում՝ դարպասներից ներս, երկու առանձնատուն կա, սակայն ռուս զինվորականը շրջանցել է նշված հասցեի առաջին, աջ կողմում գտնվող տունը եւ 30 մետր քայլել է դեպի խորք, որպեսզի հենց Ավետիսյանների ընտանիքից ջուր խնդրի: Բայց արդյունքում անհասկանալի հանգամանքներում սպանել է մեծից փոքր բոլորին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: