Սա պատահական միջադեպ չէր. Գագիկ Գինոսյանը՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» ավանդական երգի-պարի խումբն այս տարվա հետ կապված մի շարք ծրագրեր ունի: Խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ընդամենը մի քանի օրից մեկնելու է Պերմ՝ տեղի հայ համայնքի հետ վարպետության դասեր անցկացնելու նպատակով: «Ժողովուրդ»-ը նրա հետ զրուցել է Հայաստանում ազգային մշակույթի զարգացման նախադրյալների, վերջերս Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության եւ դրան հետեւած իրադարձությունների մասին:

-2014-ից Հայաստանի 13 դպրոցներում անցկացվում են ազգային երգի եւ պարի դասեր: Փորձարարական այս ծրագիրն ի՞նչ փուլում է, եւ 2015-ին ի՞նչ առաջընթաց կարելի է ակնկալել:

-Ուսումնական տարվա հաջորդ տարեսկզբին, ենթադրաբար, Հայաստանի եւս 100 դպրոց կմիանա ծրագրին, հույս կա, որ այդ դպրոցների քանակն աստիճանաբար կմեծանա:

Մեր երկրում կարելի է հանդիպել, այսպես կոչված` «բարձր հովանու» ներքո կազմակերպվող տարատեսակ համերգների, այնինչ ազգային մշակույթը, կարծես թե, նույն ակտիվությամբ չի հովանավորվում…

-Առհասարակ, ազգային մշակույթը հովանավորության, պետական ուշադրության կարիք ունի: Թերեւս իշխանությունները դրա մեջ շոուի տարր չեն տեսնում կամ, գուցե, բարձր մշակույթ չեն տեսնում, չգիտեմ…Մինչդեռ հարկավոր է առաջին հերթին ներդրումներ կատարել հենց ազգային մշակույթը զարգացնելու ուղղությամբ: Հուսով եմ՝ շուտով սառույցը կկոտրվի:

-Կարծես թե մեր պետությունը դեռ չի եկել նաեւ այն գիտակցությանը, որ հարկավոր է ավելի շատ ֆինանսավորում հատկացնել ազգային մշակույթը աշխարհին ներկայացնելու համար…

-Այդ ֆինանսավորման կարիքն, իսկապես, կա: Բացի այդ՝ պետությունը պետք է ֆինանսավորի այն խմբերին, որոնք ազգային մշակույթը լավագույնս կներկայացնեն արտերկրում եւ բարձր կպահեն մեր երկրի պատիվը, եւ ոչ թե հովանավորի պատահական խմբերի եւ անիմաստ ծախսեր անի:

-Դուք հաճախ եք նշում, որ մեզ մոտ անհրաժեշտ է զարգացնել վերկուսակցական մտավորականության գաղափարը, ի՞նչ եք կարծում՝ այսօր մտավորականի խոսքը լսելի՞ է հանրությանը, եւ ի՞նչ է պակասում դրա համար:

-Եթե մտավորականն ամբիոն ունենա իր տեսակետներն արտահայտելու համար եւ եթե իրոք մտավորական է, ժողովուրդն ականջալուր կլինի հենց նրան, քան թե, օրինակ, ինչ-ինչ անհայտ ուժերի: Պարզապես մտավորականներին հաճախ զրկում ենք այդ ամբիոններից:

-Այդ մտավորականության ձայնը պետք է որ լսելի լիներ նաեւ վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության եւ դրան հետեւած իրադարձությունների ընթացքում, մինչդեռ…

-Կարծում եմ, երբ հիմա առանց այդ էլ իրավիճակը բավական լարված է, սադրիչ հայտարարությունները ոչ մեկին լավ բանի չեն դրդելու:

-Ինչ սադրիչ հայտարարությունների մասին է խոսքը, ցուցարարներն ընդամենը պահանջում էին, որ հանցագործը դատվի Հայաստանում: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-Բնականաբար, միակ ճշմարիտ տարբերակը դա է: Ի վերջո, Պերմյակովը մարտի ընթացքում գերի ընկած զինվոր չէ, որին պետք է վերադարձնել հայրենիք, նա հերթական մարդասպան է եւ մի ամբողջ ընտանիքի է սպանել: Նրա հրեշային արարքի նկատմամբ ադեկվատ մոտեցում է պետք ցուցաբերել: Սա, կարծում եմ, երկու պետությունների ղեկավարների լուծելու խնդիրն է:

-ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ասուլիսը ոմանք որպես աճպարարություն որակեցին՝ նկատելով, որ նա խոսում է հանելուկներով: Դատախազի պարզաբանումները ցուցարարների սրտով չէին, նրանք չեն հավատում, որ Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում:

-Կարծում եմ՝ այս սպանության դեպքն, առհասարակ, լի է հանելուկներով: Մեր դատախազի համար դեռ կան հանելուկներ, թերեւս ինչ-որ բաներ դեռ կբացահայտվեն, եւ հստակ պատասխաններ կհնչեն:

-Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այս ողբերգական դեպքի կապակցությամբ Հայաստանում չպետք է սուգ հայտարարվեր:

-Իհարկե, պետք էր. սա պատահական միջադեպ չէր…Անհրաժեշտ էր նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանին ցավակցություն հայտներ ոչ թե ՊՆ տեղակալի, այլ պետության առաջին դեմքի մակարդակով ու ներողություն խնդրեր մեզանից:

-Այս օրերին, երբ Ռուսաստանի դեմ բողոքն արտահայտելու ճանապարհին հայը հայի դեմ է դուրս եկել, ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումների արդյունքում ունենք վիրավորներ եւ ձերբակալվածներ, ի՞նչ կոչ կանեք ժողովրդին:

-Կոչ եմ անում՝ որքան էլ այս պահին դժվար է, պահել սթափությունը, ես կողմ չեմ մարդասպանին «խալաթ» հագցնելուն ու նվաստացնելուն, պետք չէ այդչափ ցածրանալ, փոխարենը հարկավոր է հստակ որոշումներ կայացնել:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը` Panarmenian-ի




Լրահոս