ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՈՒ Է Ս. ՕՀԱՆՅԱՆԸ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարեւոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու վերաբերյալ:

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք՝ բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք եւ որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-նշել էր Ս. Օհանյանը:

Նախարարը հավելել էր, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ. «Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ԼՂՀ-ում ընդունել «նախահարձակ» լինելու մասին ՀՀ ՊՆ նախարարի հայտարարությունը:

-Տիկի՛ն Գալստյան, տոնական օրերին սահմանի վրա լարվածությունը մեծ էր, ու կարելի է ասել՝ գրեթե ամեն օր կրակոցներ էին հնչում: Այս օրերին ինչպիսի՞ իրավիճակ է դիրքերում:

-Իրավիճակը լարված է, բայց մերոնք էլ զգոն են, մերոնք պատրաստ են հակահարվածի, դա անընդհատ զգացվում է, երբ իրենք պրովոկացիոն բաներ են անում:

-Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ ու կոչ արեց լինել նախահարձակ: Մինչեւ այսօր, անգամ օգոստոսյան լարվածության օրերին, երբեւէ նման հայտարարություն չէր հնչել, ինչո՞ւ է այժմ նման հայտարարություն արվում, ի՞նչ է փոխվել:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց նման բան վաղուց էր ասված, ու մշտապես մեզ մոտ այդպես է եղել: Բայց մենք մեր խոսքի տերն ենք, եթե որոշվել է հրադադարը պաշտպանել, ապա մենք այդպես ենք անում, բայց ամեն մի ոտնձգությանը մենք կրկնակի, եռակի, չգիտեմ՝ հնգապատիկ պատասխան ենք տալիս… ու շարունակվելու է պատասխան տրվել, դա սկզբունք է մեզ համար: Մենք միշտ էլ այդ հայտարարության դրույթներով շարժվել ենք, միշտ էլ այդպես է եղել՝ առնվազն 20 տարի:

-Բայց հակառակորդին նույն կերպ արձագանքելու հրահանգը մշտապես նեքին կարգով է եղել, ինչո՞ւ է այժմ նման հայտարարություն հնչում հրապարակային ձեւով, ընդ որում` ոչ թե արձագանքելու, այլ արդեն նախահարձակ լինելու: Կարելի՞ է եզրակացնել, որ այսօր պատերազմի վերսկսման վտանգ կա:

-Չէ: Ուղղակի ես չեմ կարող Ձեր այդ հարցին պատասխանել, չգիտեմ, թե ինչու է պաշտպանության նախարարը դա ասել: Միայն կարող եմ նշել, որ այն, ինչի մասին որ նա բարձրաձայնել է,  պաշտպանության բանակը միշտ էլ դրանով է ուղղորդվել, դա միշտ էլ եղել է մեր սկզբունքը: Ոչ մի բան չի փոխվել, ամառվա սրությունը, որ կար, այժմ էլ այդ նույնն են անում: Ամառվա ամիսներից հետո իրենք նորից են սկսել ականանետից  ու ավելի խոշոր զենքով խփել, իսկ նման բան առաջ չէին անում: Բայց ջհանդամին խփեն, իրենք ինչով որ խփում են, նույնով էլ մենք կարող ենք իրենց պատասխանել: Ոչ մի հրամանատարի համար հաճելի չի, որ հայկական ընտանիքը նոր տարվա օրով երիտասարդի դիակ ունենա, ու երեւի դա է պատճառը… Ես որեւէ այլ բան չեմ կարող ասել: Մենք միշտ էլ հակառակորդին պատասխան տվել ենք ու հիմա էլ տալիս ենք:

-Իսկ այդ ինտենսիվ կրակոցները հնարավո՞ր է՝ մի որոշ ժամանակ հետո վերածվեն պատերազմի, որովհետեւ հակառակորդն արդեն սկսել է կրակել գյուղերի վրա, ու կարելի է ասել՝ ամեն օր:

-Չեմ տեսնում նման բան, որովհետեւ իրենք համարժեք ու մի բան էլ ավելի պատասխան են ստանում: Կարող եմ նաեւ մի բան նշել, որ մենք ամեն վայրկյան պատրաստ ենք պատերազմի, բայց ես չեմ կարծում, որ պատերազմը կսկսեն: Իրենք կորցնելու շատ բան ունեն, մենք գիտենք՝ ոնց ենք իրենց մայրիկը լացացնելու… Մեր մայրիկները շատ են լացել: Բայց այս պահին ես խուճապային որեւէ բան չեմ տեսնում, ոնց կար, այդպես էլ մնացել է, ու ես չեմ հասկանում, թե այդ խուճապը որտեղի՞ց է: Ես կարծում եմ, որ իրավիճակն այս պահին հսկողության տակ է:

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ «ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

 Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունում տարվա վերջին այս հարցի հետ կապված քննարկումներ են եղել, որտեղ նշվել է, որ ապրիլի վերջին այդ հարցի հետ կապված զարգացումներ կլինեն: Ըստ ՀՀԿ-ականների՝ իրենք այդ ժամանակահատվածում ակտիվ գործունեություն են ծավալելու սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու  ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմ էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո Ա. Սաղաթելյանը նշել էր. «Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ եւ քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի հայեցակարգի վերաբերյալ ՀՀ նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տարեվերջյան քննարկման ընթացքում ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին վստահեցրել են, որ 2015 թվականի ընթացքում իրենք կսկսեն շատ լուրջ քարոզչություն իրականացնել ու բոլորին համոզել, որ ՀՀ-ի համար այսօրվա դրությամբ ամենակարեւորը սահմանադրական բարեփոխումներն են: ՀՀԿ-ականները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցնում էին, որ այս պահի դրությամբ Ս. Սարգսյանի միակ նպատակը Սահմանադրության փոփոխությունն է: Ըստ մեր զրուցակիցների՝ Ս. Սարգսյանն այդ հարցում շատ լուրջ է տրամադրված: Իսկ այդ բարեփոխումների համար, ՀՀԿ-ականների գնահատմամբ, լուրջ խոչընդոտներ  չկան, քանի որ քաղաքական կուսակցությունների գերակշիռ մասը, ի վերջո, «ինքնակամ» կհամաձայնի գնալ այդ փոփոխություններին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տարեվերջյան միջոցառումները նպատակ են ունեցել ՀՀԿ-ականներին իրար «գլխի» հավաքել ու նրանց տեղեկացնել, որ 2015 թվականին իրենք «առաքելություն» ունեն իրագործելու՝ ի դեմս սահմանադրական բարեփոխումների:

Ու դա է եղել պատճառը, որ գրեթե բոլոր քեֆ-ուրախություններին մասնակցել են ՀՀԿ-ի կարկառուն, ակտիվ ներկայացուցիչները, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչներին հատ-հատ պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել, ոգեւորել նրանց եւ հատուկ շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար: Դա արվել է  մեկ նպատակով. առաջիկայում նրանք պետք է ավելի ակտիվ աշխատեն, քանի որ, ըստ ՀՀԿ-ականների, Սերժ Սարգսյանը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿՓՈՐՁԵՆ ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ

Երեկ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտից ինքը լինելու է Գյումրիում: «Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսնենք ու հնարավորություն կունենանք հետեւելու թե՛ ամբողջ ընթացակարգին եւ թե՛ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը»: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն ռուս զինվորականին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել: Ու երբ երեկ Գյումրիում եւ Երեւանում բողոքի ակցիան մեծ աղմուկ բարձրացրեց, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գ. Կոստանյանին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել եւ հրահանգել միջոցներ ձեռնարկել՝ մարդկանց զայրույթը մեղմելու համար: Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը Կոստանյանին հատուկ հանձնարարականներ է տվել իրավիճակի մասով, եւ այսօր Գյումրիում որոշակի գործընթացներ տեղի կունենան:

 

ԸՆԴՀԱՏԵԼ Է ԱՅՑԸ

Գյումրիում տեղի ունեցած զազրելի սպանության առիթով, ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ: Պարզվում է՝ այդ շտապ հայտարարությունը նա արել էր հեռավոր ԱՄՆ-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը ԱՄՆ-ում է գտնվում դեռեւս հունվարի 3-ից, որտեղ նախատեսված էր ստորագրել Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր: Սակայն Գյումրու քաղաքապետն ընդհատել է այցը եւ չսպասելով փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ շտապ վերադառնում է Հայաստան՝ գյումրեցիների կողքը:

 

 

ՍՊԱՆԵԼ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ

Ստեփանավան քաղաքի բնակիչ 25-ամյա Արեն Հարությունյանին, որը դեռեւս 2014թ. հուլիսի 4-ից անհետացել էր, պարզվում է՝ սպանել են, իսկ դին` թաքցրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղայի սպանության համար կա կալանավորված անձ, որը, սակայն, չի հայտնում, թե որտեղ է սպանել եւ թաքցրել երիտասարդի դին: Մեր տեղեկություններով՝  ոստիկաններն այս օրերին փորձում են հայտնաբերել սպանված երիտասարդի դին` հարազատներին հանձնելու համար: Հիշեցնենք, որ մինչեւ անհետանալը, Արեն Հարությունյանը «Արիչոկ» մականունով Արա Հախվերդյանի սպանության կասկածով յոթ ամիս գտնվել է կալանքի տակ, իսկ ազատ արձակվելուց հետո անհետացել է:

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼ ԿԱ

2014թ. դեկտեմբերի 18-ին Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Լիանայի ինքնասպանության գործով մեղադրյալ կա: Մեր տեղեկություններով՝ պարզվել է նաեւ, որ աղջիկը 4 ամսական հղի է եղել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Լիանան ինքնասպան է եղել իր ծննդյան օրը, ամուսնացած չէր եւ ապրում էր հոր, տատիկի եւ քրոջ հետ:

 

 




Լրահոս