Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, կալանավորվել է:
Տեղեկացնենք, որ լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ կալանավորված Արտյոմ Սեդրակյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում:
Armlur.am-ի հետ զրույցում Մհեր Սեդրակյանը, ով այս պահին գտնվում է Եվրոպայում, վստահեցրեց, որ Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետին չի ճանաչում, նրա հետ ազգակցական որևէ կապ չունի: Պատգամավորը, ով վրդովված էր տեղի ունեցածի կապակցությամբ, նշեց. «Ես այդ մարդու դեմքն էլ չեմ տեսել: Լրիվ աբսուրդ է, սուտ բաներ են»:
Նշենք, որ սա Էրեբունու անձնագրային բաժնի հետ կապված միակ աղմկալի դեպքը չէ: Դեռևս 2012 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը՝ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը:
Պատճառն այն է, որ Երևանի բնակչուհի Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, հայտնել է, որ Նաիրա Բարսեղյանն իրեն արգելել է բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել է իր վրա: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը` քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:
Արտյոմ Սեդրակյանի մասով ՀՔԾ-ն հայտնել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4500 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել: Նախաքննությունը շարունակվում է: