Այն, որ Գյումրիում կատարված աննախադեպ հանցագործությունից հետո շատերն են փորձում պղտոր ջրում ձուկ որսալ, ակնհայտ է: Ընդ որում, դա արվում է բոլոր մակարդակներում՝ ռուսական իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներից սկսած, ավարտած ադրբեջանա-թուրքական եւ ամերիկյան ուժերով: Հայաստանի իշխանություններն այս փուլում հայտնվել են բոլոր կողմերից հարվածներ ստացող միայնակ, վտիտ պատանու դերում, որը ուժ չունենալով հարվածներին հակադարձել` առավելագույնը կարողանում է արմունկներով երեսը փակել` դեմքին հարվածներ չստանալու համար:
Անկախ այն հանգամանքից, թե կատարվածը պարզապես այդ ճիվաղի ձեռքի գործն էր, կազմակերպված էր ինչ-ինչ անձնական կամ կենցաղային հողի վրա, թե դա շատ վտանգավոր եւ հեռահար նպատակներով ծրագրված սադրանք էր, ակնհայտ է մի բան՝ Հայաստանում կրքերն այդ աստիճան չէին թեժանա, եւ իրավիճակն էլ այդքան վտանգահարույց չէր դառնա, եթե ՌԴ եւ ՀՀ իրավական հարցերով եւ փոխադարձ օգնության մասին տխրահռչակ այդ համաձայնագիրը կազմված լիներ պաշտաճ ձեվով` առանց ՌԴ կամ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների:
Եթե այդ փաստաթղթում ամեն ինչ լիներ հստակ, անգամ եթե այն իմպերատիվ կերպով սահմաներ, որ ռուս զինվորականին միանշանակ պետք է հանձնել ռուսական արդարադատությանը, Գյումրիում կրքերն այդ աստիճան չէին բորբոքվի: Մարդիկ իրենց նվաստացած եւ խաբված չէին զգա, եւ վերջին օրերի զարգացումներն էլ, թերեւս, այլ կլինեին: Ասել է թե՝ եթե կատարվածը լավ կազմակերպված սադրանք էր, ապա սադրողը քաջ տեղյակ էր նաեւ օրենսդրական այս հակասությանը եւ շատ լավ հաշվարկել էր դրա խաղարկման հետեւանքները:
Այդ համաձայնագիրը, սակայն, մշակել, կազմել եւ 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրել են շատ կոնկրետ մարդիկ, այն Հայաստանի ՍԴ-ում քննարկվելուց հետո վավերացրել են ԱԺ -ում, ինչից առաջ փաստաթուղթն անցել է համապատասխան փորձաքննություններ, քննարկումներ հանձնաժողովներում եւ այլն: Միով բանիվ` քաջ հայտնի է, թե ովքեր են Հայաստանի գլխին եկած այս փորձանքի շահարկման համար հնարավորություն ստեղծողները:
Բնականաբար դա արվել է մասնագիտական հանցավոր անփութության, այլ ոչ թե դիտավորության արդյունքում, բայց ինչպես տեսանք՝ դրա հետեւանքով այսօր մենք բոլորս կանգնած ենք լրջագույն փորձության առջեւ: Ուստի այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցն առավել քան հրատապ է, թեպետ, ցավոք, ոչ իրատեսական: Անկախ դրանից, սակայն, անհրաժեշտ է, որ թեկուզ հենց այս դեպքի օրինակով ամենայն մանրամասնությամբ վերանայվեն մեզ համար կարեւորություն ներկայացնող բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ փաստաթղթերը` դրանցում առկա նման բացթողումները ժամանակին ուղղելու նպատակով: