Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում անհիմն է համարել Միության հասցեին ուղղված «Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հայերի անունից» նամակում հնչող մեղադրանքները, որը նաև Միության ղեկավարության հրաժարականի պահանջ է պարունակում։

«Ենթադրելով, որ ստորագրածների թվում են նաև մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք անխախտորեն հարգում ենք, Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում հետևյալ բացատրություններ տալ.

1. Մենք խորապես ցավում ենք Գյումրիի ընտանիքի դաժան սպանության առիթով, և ընտանիքի 6 անդամների թաղման հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, հրապարակել ենք Միության հայտարարությունը։ Այն տեղակայված է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքում. www.sarinfo.org և հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում։ Միությունը նաև այլ ակցիաներ է անցկացրել, այդ թվում՝ ծաղիկներ է դրել, հավաքել Միությանը կից «Շիրակ» համայնքի ներկայացուցիչներին և այլ կազմակերպություններից մեր ընկերներին, ռուսական լրատվամիջոցներին հայտարարություններ տվել Միության ներկայացուցիչների բացատրություններով և այլն։

Նամակի անանուն հեղինակներին և այլ գործիչներին կոչ ենք անում զերծ մնալ էժան հեղինակություն ձեռք բերելու փորձերից՝ օգտվելով Գյումրիի ողբերգությունից։

2. Հաղորդում ենք բոլոր նրանց, ովքեր իրապես հետաքրքրվում են մեր միության գործունեությամբ, այլ ոչ թե զբաղված են անանուն գրություններ հրապարակելով, որ Ռուսաստանի հայերի միության կայքն ամեն օր թարմացվում է Միության անցկացրած բոլոր միջոցառումների մասին տեքստային, ֆոտո- և վիդեո- տեղեկություններով ՝ մշակութային-լուսավորչականից և բարեգործությունից մինչև հասարակական-քաղաքական։ Այնտեղ կարելի է գտնել մեր լրատվական արխիվները՝ սկսած 2006թ.-ից։

3. և վերջապես, մենք ստիպված ենք հիասթափեցնել նամակի անանուն հեղինակներին. Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է և ըստ կանոնակարգի՝ ղեկավար կազմն ընտրվում է Միության անդամների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության գործնականում բոլոր սուբյեկտներում գործող տարածաշրջանային բաժանմունքները»,-նշվում է հայտարարությունում։




Լրահոս