Պետք է մերկացնենք թուրքական սուտը, որ անհարմարավետության զգացողություն առաջացնենք Էրդողանի հրավերն ընդունող երկրների համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համազգային սուգի այս օրերին կարծես թե լիարժեք չգտնահատվեց եւ չվերլուծվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին մասնակցելու նպատակով աշխարհի 102 երկրների ղեկավարներին, այդ թվում եւ` Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելու մասին:

Ինչպես էլ որ գնահատենք` ցինիզմ, մառազմ, պատմությունը խեղաթյուրելու անամոթ փորձ, միեւնույն է` իր այդ հրավերով Թուրքիայի նախագահը «ձիով քայլ» կատարեց: Կասկածից դուրս է, որ ապրիլի 24-ին հրավիրված երկրների ղեկավարների զգալի մասը կանգնելու է չափազանց ասիմետրիկ երկընտրանքի առջեւ` մի կողմում ունենալով տնտեսական, քաղաքական եւ ռազմական կապերն ազդեցիկ Թուրքիայի հետ, մյուս կողմում՝ բարոյական ինչ-ինչ անորոշ պարտավորություններ փոքրիկ, խնդրաշատ Հայաստանի առջեւ: Եվ եթե անգամ այդ պետությունների մի մասի ղեկավարներն այնուամենայնիվ չկարողանան հաղթահարել բարոյական, արժեհամակարգային տաբուներն ու մեկնեն Թուրքիա, լավագույն դեպքում նրանք ապրիլի 24-ին չեն այցելի նաեւ Հայաստան` չփչացնոլու համար Թուրքիայի հետ hարաբերությունները:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» լրջորեն վնասեց Ցեղասպանության հարյուրամյակի համաշխարհային հիշատակման գործին, եւ անկախ այն բանից` արդյոք կարելի էր հաշվարկել Թուրքիայի այս հակա քայլը /ի վերջո, Ս. Սարգսյանի թիմը շատ է սիրում հպարտանալ, որ նա քաղաքական շախմատի մեծ վարպետ է/, արդեն հիմա կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը լինելու է Սերժ Սարգսյանի հերթական շռնդալից ձախողումը:

Այն փոքր-ինչ մեղմելու, հնարավոր է` անգամ կանխելու միակ ձեւը կարող է լինել համահայկական բոլոր ռեսուրսների օգտագործմամբ ամենօրյա քարզչությունն առ այն, որ Թուրքիան հերթական անգամ խեղաթյուրում է պատմական իրողությունները` Գալիպոլիի ճակատամարտի օրը հարմարեցնելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան: Նման քարոզչություն, որը, ինչպես ասում են, պետք է արվեր դեռ երեկվանից, մենք դեռեւս չենք տեսնում: Խոսքը համակարգված եւ համատարած քարոզչության մասին է, որում պետք է ներգրավված լինեն Հայաստանի բոլոր դեսպանատներն ու սփյուռքյան կազմակերպությունները: Մենք պետք է այնպիսի թափով եւ այնպիսի անընդհատությամբ մերկացնենք թուրքական սուտը, որ այդպիսով գոնե անհարմարավետության զգացողություն առաջացնենք Էրդողանի հրավերն ընդունող երկրների իշխանությունների համար: Հակառակ դեպքում մենք հերթական անգամ ստիպված ենք լինելու արդեն ոչ այնքան հպարտ մենության մեջ բավարարվել հարյուրամյա ինքնասփոփանքի մաշված խոսքերով, թե, միեւնույն է, աշխարհը գիտի՝ ինչ է կատարվել իրականում, եւ ճշմարտությունը, ի վերջո, հաղթանակելու է:




Լրահոս