Ուշիի Սուրբ Սարգիս վանքը քանդվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշին Հայաստանի հին ու նշանավոր բնակավայրերից է: Նրա պատմական անցյալը՝ իր հարուստ մշակութային արժեքներով, գալիս է դարերի խորքից: Այն բնակեցված է եղել դեռևս 4000 տարի առաջ, և հանդիսացել է խոշոր քաղաքատեղի: Բնակավայրը առաջին անգամ հիշատակվում է Ուրարտական սեպագրերում: Պատմական Ուշին գտնվել է ներկայիս գյուղի հարավարևմտյան մասում, փոքրիկ բարձրունքի վրա՝ «ի ստորոտս Արագածու»:

Ըստ «Յասմաւուրքի» հին ավանդության, 5-րդ դարում լուսահոգի Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման (Համիա) քաղաքից այստեղ է տեղափոխել և ամփոփել Սարգիս զորավարի նշխարները, որոնց վրա էլ կառուցվել է եկեղեցին: Այդ առաքելությունը ունեցել է կարևոր նշանակություն և կատարվել է մեծ շուքով ու բազմությամբ, որի վկայությունն է Մաշտոցի կողմից նրա «պատուով» տեղափոխումը նախ՝ Կարբի, ապա և Ուշի: Սուրբ Սարգիս զորավարի մասունքները Ուշի տեղափոխելով, Մաշտոցը ձգտել է ոչ միայն քրիստոնեական նոր կենտրոն հիմնադրել, այլև կրթության նոր օջախ՝ հայագիր դպրոց հիմնել: Եվ հավանաբար այդ ժամանակներից էլ Ուշիում սկսել է գործել եկեղեցական դպրոցը, որի հիմնադիրն էլ կարելի է Մաշտոցին համարել:

13-րդ դարում, Զաքարյանների տիրապետության ժամանակ, երբ սելջուկ-թուրքերից ազատագրվել է Արարատյան երկիրը, Արագածոտնի կուսակալ Վաչուտյան իշխանները տեղում նոր եկեղեցիներ են հիմնել, հինը՝ վերանորոգել և այն վերածել են խոշոր վանական համալիրի: Այդ նշանավոր համալիրը իր մեջ ներառում է Սբ. Սարգսի մատուռ-դամբարանը (կառուցվել է 5-7-րդ դդ., վերանորոգվել՝ 11-12-րդ դդ. և գուցե 17-րդ դ.), գլխավոր եկեղեցին (13-րդ դ.), գավիթը (1264թ.), պարիսպը (հիմնականում՝ 17-րդ դ.), վանական, բնակելի, տնտեսական և արտադրական շինությունները (13-17-րդ դդ.):
Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում հանդիսացել է խոշոր մշակութային կենտրոն: Այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պարունակել են պատմական, աշխարհագրական, բնագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական երկեր: Չափազանց մեծ է եղել Տեր Համազասպի գործունեությունը, ով վանքն ու դպրոցը առաջնորդել է 13-րդ դարի երկրորդ կեսում: Նա 1264թ. վանական համալիրում վերանորոգումներ է կատարել, որոնք վնասվել էին ուժգին երկրաշարժից: 13-րդ դարում հիշատակվում են նաև Հոռոմ երեցը, Տեր Հովհաննեսը և ուրիշներ: Այդ շրջանում վանքին մեծ թվով նվիրատվություններ են կատարել: Իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը արձանագրություններից մեկում նշել է, որ «եկեղէցիս զարդարեցի զսուրբ նշխարքս արծաթով» և նվիրեցի Երևանում՝ իմ դրամագին Դապաղենց այգին: 1303թ. ոմն Սահակ՝ ամուսնու՝ Խաթութի հետ վանքին նվիրել է Փարպիից մի այգի, 1329թ. Հոռոմ երեցը ամուսնու՝ Ուլուխաթունի հետ իրենց «Հազարմանի» այգին և Արենի գյուղի առվի հողը, Տեր Հուսեփը՝ Օշականի իր սեփական այգին և այլն:

1310թ. գրիչ Սարկավագ մոնոզոնը (ճգնավոր), որը գործել է Ուշիին մոտ Հովհաննավանքում, «ազատազարմ իշխանուհի» Մամախաթունի պատվերով ընդօրինակել է ձեռագիր «Աւետարան», որը իշխանուհին ընծայել է Սբ. Սարգիս վանքին: Ձեռագիրը ընդօրինակվել է նաև Սբ. Սարգիս վանքի առաջնորդ, րաբբունապետ (դպրապետ, ուսուցչապետ) Պետրոս վարդապետ Ուշեցու հաստատակամ ջանքերով և օգնությամբ: Վերջինիս գրիչը անվանել է «երջանիկ և ընտրեալ րաբունոյն»: Նա միաժամանակ տեղի դպրոցի դպրապետն էր: Պետրոսի անունը փորագրված է եկեղեցու ավագ խորանի բեմառէջքի քանդակազարդ քարերի վրա, որպես «րաբունայպետ»: Անշուշտ, այդ «յոյժ ի տագնապ ժամանակ» պահպանել վանքն ու դպրոցը, և միաժամանակ վերանորոգումներ կատարելը, վկայում է Պետրոս վարդապետի մեծ բանիմացության, պատասխանատվության ու նվիրվածության մասին:
Ուշիի վանքը սերտ փոխհարաբերություններ է ունեցել շրջակա խոշոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի և Մուղնիի հետ: Փոխանակվել, ընդօրինակվել ու նվիրաբերվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, որոնց շնորհիվ ատեղծվել է հարուստ մատենադարան:

1443թ. Ուշիի վանքում ձեռագիր է ընդօրինակել Կարապետ աբեղան, որը հիշատակարանում նշել է հայր Բարսեղ վարդապետին, Հովհաննես փակակալին և սպասավոր Մովսեսին: Հետագա՝ 16-րդ դարում, վանքը հավանաբար ամայացել է և չի հիշատակվում:

Ուշիի վանքն ու դպրոցը նորից սկսել է ծաղկել 17-րդ դարի երկրորդ կեսում, հանրահռչակ Ոսկան Երևանցու շնորհիվ: Հ. Շահխաթունյանցը նշել է, որ «Ոսկան վարդապետը եկաւ աստ աշակերտօքն իւրովք»: Նա Ուշիի վանքն ու դպրոցն առաջնորդել է 1654-1662թթ., իսկ մինչ այդ տեղի առաջնորդ է եղել Միքայել եպիսկոպոս Քանաքեռցին, որի մասին հիացմունքով է գրել պատմիչ Զաքարիա Քանաքեռցին: Առաջնորդ է եղել նաև Մարտիրոս վարդապետ Ղազարավանցին, որը մահացել է 1648թ. և թաղվել է Էջմիածնի միաբանության գերեզմանոցում:

Ոսկան վարդապետը 1654թ. այցելելով Ուշի, անմիջապես ձեռնամուխ է եղել ավերված վանական համալիրը վերանորոգելուն: Այդ առթիվ ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին գրել է. «Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով: Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր տանիքները քանդված ու ավերված էին:…Ոսկան վարդապետը մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի խիստ ամուր պարիսպ քաշեց: Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց»: Անշուշտ, նա նաև դպրոցն է վերաբացել ու հանդիսացել է նրա դպրապետը: Երկու տարի անց, տեղում, Ոսկան Երևանցին շարունակել ու ավարտել է Եվդոկիայում ու Ադրիանուպոլսում իր ընդօրինակած ձեռագիր «Ժողովածուն»:

Այդ ժամանակ Ուշիի դպրոցում գործել են նաև ծերունի Տեր Պետրոսը, բանասեր Տեր Կարապետը, հոգաբարձու Կարապետը, ավագ սարկավագ Մկրտիչ Աշտարակեցին և շատ ուրիշներ: 1657թ. Ուշիի վանք է եկել Կարապետ Անդրիանացին, տեղում բազմացրել, ընդօրինակել ձեռագրեր ու հիշատակարաններից մեկում բարի ակնածանքով նշել է «ամէնիմաստ րաբունապետ» Ոսկան Երևանցուն, մեծագույն թարգմանչին, որը ուսուցանել է իրեն: Նա հիշատակել է նաև տեղի դպրոցի հոգաբարձու, տնտես ու խոհարար, ծերունի Կարապետ Կարբեցուն: Հարկ է նշել, որ Էջմիածնի միաբանության գերեզմանոցում՝ մի համեստ տապանաքարին գրված է. «Այս է տապան տնտես Կարապետին, թվին ՌՃԺ (1661)», որը կարծում ենք Կարապետ Կարբեցու տապանաքարն է:

1660թ. Հովհաննավանքից Ուշի է եկել Զաքարիա Քանաքեռցին և շարունակել է կազմել իր պատմագրքերի ժողովածուն, որի մեջ ամփոփված էին Փավստոս Բուզանդի, Կիրակոս Գանձակեցու, Թովմա Մեծոփեցու պատմական երկերը և Հակոբ Ղրիմեցու տոմարագիտությունը: Ձեռագրի հիշատակարանում Զաքարիան Ոսկան Երևանցուն անվանել է մեծ հռետոր և քաջ փիլիսոփա:

Ուշիի դպրոցի նշանավոր գործիչներից էր նաև Մկրտիչ Աշտարակեցին, որը 1658-1662թթ. ընթացքում տեղում բազմացրել է Թովմա Իտալացու «Քերականութիւնը», Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան», Հովհաննես Երզնկացու «Յաղագս երկնային շարժման», Վարդան Արևելցու «Աշխարհացոյցը», Ներսես Շնորհալու «Հանելուկները», Պորփյուրի և Գրիգոր Կեսարացու գործերը:
Աստիճանաբար Ուշիի վանքի համբավն այնքան է մեծացել, որ այն անվանվել է «սրօբէաճեմ և քրօբէազարդ» տաճար:

1662թ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ Ոսկան Երևանցին Ուշիից մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու համար: Նա իր եղբոր՝ Ավետիսի միջոցով, որը հայտնի վաճառական է եղել և գործել Ամստերդամում, ստանձնել է տեղի Սբ. Էջմիածնի և Սբ. Սարգսի անվան (անվանվել է Ուշիի մեծահռչակ վանքի անունով), տպարանի (հիմնադրվել էր Մատթևոս Ծարեցու կողմից) տնօրինությունը և արդեն 1668թ. ավարտել Աստվածաշնչի տպագրությունը: Հետաքրքիր է, որ ստացվող եկամուտը պետք է բաժանվեր Էջմիածնի, Երուսաղեմի և Ուշիի վանքերին:

1672թ. Ուշի է այցելել Զաքարիա Ագուլեցին և հիշատակել վանքի տեղապահ Պողոս Երևանցուն, որը փոխարինել էր Ոսկան Երևանցուն:

1691թ. տեղի առաջնորդը եղել է Մինաս վարդապետը, որը վանքին նվիրել է Օշականից մի այգի և «բազում օժիտ եւ պարգեւս»: Հետաքրքիր է, որ այդ այգին 1735թ. դեռևս գոյություն է ունեցել և հիշատակվում է: Վանքի վերջին առաջնորդներից է եղել Սարգիս վարդապետ Ղազարավանցին, որը մահացել է 1715թ.:
Հետագայում Ուշիի վանքը շարունակել է գոյությունը մինչև 18-րդ դարի կեսերը և աստիճանաբար լքվել ու ամայացել: 1735թ. այն դեռ գործել է, երբ այստեղ է այցելել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը:
1827թ. Ուշիի վանքը ենթարկվել է ուժգին ու սոսկալի երկրաշարժի, որի ժամանակ հիմնահատակ կործանվել են համալիրի շինությունները: Երկրաշարժից հետո Ուշի այցելելով, Հովհաննես Շահխաթունյանցը տրտմությամբ է նկարագրել ավերակները: 1912թ. հնագետ Խաչիկ Դադյանը միջոցներ է ձեռք առել վանքը վերանորոգելու համար, սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել:

Ուշիի ներկայիս բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Մեծ եղեռնից հետո: Վանից գաղթած Դարմո Գրիգորյանը 1960թ. Մաշտոցի անվան մատենադարանին է հանձնել 17-րդ դարի մի ձեռագիր «Աւետարան»:

2010թ. մայիսի 5-ին Ուշիի միջնակարգ դպրոցը անվանվել է Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության և արվեստի նախարար, հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի անունով: Այդ օրը դպրոցում վերաբացվել է Լևոն Շանթի անվան հանդիսությունների սրահը և Համաստեղի անվան գրադարանը:

Կազմակերպված միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, որը երկար տարիներ բնակվում է Ուշիում: Անվանի կոմպոզիտորը կատարել է տասնամյակներ առաջ տեղում գրված իր հայտնի «Երազ իմ երկիր հայրենի…» երգը, որը ՀՀ Զինված ուժերի օրհներգն է:
Ուշիի Սբ. Սարգիս վանքը սպասում է վերանորոգման:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող




Լրահոս