Ուժային կառույցների աշխատողները խանգարո՞ւմ են դժգոհ գյուղապետերին մասնակցել բողոքի ակցիաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում բողոքի ակցիա է: Կարբի և Ուշի համայնքների բնակիչները հավաքվել են օհանավանցիների հետ և պահանջում են չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Գյուղացիները հայտարարում են, որ պատրաստվում են հասնել Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնել նաև մայրաքաղաքում:

Armlur.am-ը փորձեց կապ հաստատել նշված համայնքների ղեկավարների հետ, սակայն` ապարդյուն: Բոլորի հեռախոսներն անջատված են:

Armlur.am-ը զրուցեց Ուշի համայնքի գլխավոր հաշվապահ Սենիկ Խաչատրյանի հետ, ով նախ իր դժգոհությունը հայտնեց սպասվող թանկացումներից, ապա շեշտեց, որ այդուհանդերձ, որպես գյուղապետարանի աշխատակից, չի կարող երևալ բողոքավորների շրջանում. «Իհարկե, շատ վատ է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Բոլորս ենք դրան դեմ: Մարդիկ ինքնակամ դուրս են եկել փողոց, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Ուրիշ ի՞նչ պետք է անեին: Ուղղակի այնտեղ ուժային կառույցների ներկայացուցիչներ կան, դրա պատճառով չենք ուզում, որ գյուղապետն այդ կողմերում երևա: Պետք չի: Թե չէ բոլորս էլ դեմ ենք: Բայց մեր ձեռքից ի՞նչ է գալիս»:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ հաճախ են լինում: Մի շարք համայնքներում և քաղաքներում արդեն իսկ բողոքի ալիք է բարձրացրել, սակայն` ապարդյուն: Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ էլեկտրաէներգիան կթանկանա 7 դրամով:




Լրահոս