100 տարի է` ոսկի են փնտրում. Տավուշի լեգենդներն ու դառը իրականությունը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ընթացքում ահազանգ է հնչեցվել այն մասին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հնագույն հուշարձանները վտանգի տակ են: Բերդի հնավայրերում իրականացված գիտարշավի ղեկավար Բորիս Գասպարյանը նշել է, որ Տավուշի Բերդի (Ցլիկ Ամրամի բերդ) տարածքում, որտեղ կան նաեւ քարայրներ, թաքնված է հնագիտական մեծարժեք ներուժ, սակայն դրանք այսօր վտանգված են, քանի որ տարածքում առկա են գանձագողերի բազմաթիվ հետքեր: Բանն այն է, որ տեղացիների շրջանում շշուկներ են պտտվում, թե իբր այդ քարայրներում թաքնված են Ցլիկ Ամրամի ոսկիները, ուստի որոշ մարդիկ պայթեցնում են քարայրների միջանցքները, որպեսզի գտնեն գանձերը:

Շխմուրադի վանքը (12-13-րդ դար)
Շխմուրադի վանքը (12-13-րդ դար)

Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գանձերի մասին այդ լեգենդները մարզում վաղուց են պտտվում. «Այդտեղ ո՛չ ոսկի կա, ո՛չ բան, դա 100 տարվա լեգենդ է: Բերդում 2004-2005 թթ. եղել են գանձագողեր, այդ մի քանի հոգուն ես հանձնեցի իրավապահներին: Բայց վերջին տարիներին այդ տեսակ դեպքեր չեն արձանագրվել: Տարածքում պահապան ունենք, համագործակցում ենք քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ»:

Խորանաշատը (13-րդ դար)
Խորանաշատը (13-րդ դար)

Պարոն Մուրադյանը, սակայն, խնդրեց ՀՀ մշակույթի նախարարությանը ուշադրություն դարձնել մարզի այս եւ մի շարք այլ հուշարձանների վրա, որոնք, ի դեպ, ներառված են ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Նույն Ցլիկ Ամրամի բերդը, նրա խոսքով, ոչ մի անգամ չի ամրակայվել եւ հիմա քամու, ձյան, անձրեւի պատճառով վնասներ է կրում, դրանից քարեր են պոկվում-ընկնում:
Պարոն Մուրադյանն ամենաշատը մտահոգված է Շխմուրատի (12-13-րդ դար) ճակատագրով. «Այս վանքի փլման վտանգը բավական մեծ է, նախարարությունից եկել-նայել են, բայց գործնականում որեւէ տեղաշարժ չկա»,-ափսոսանքով նշեց նա:

Կապտավանքը (13-րդ դար)
Կապտավանքը (13-րդ դար)

Վտանգվածների շարքում հաջորդը Խորանաշատ վանքն է (13-րդ դար), որը գտնվում է սահմանային գոտում, ինչպես նաեւ Կապտավանքը (13-րդ դար). «Բոլոր վանքերի համար էլ նախարարությանը դիմել ենք, բայց թվակվածներից ոչ մեկի ամրակայմանը պետական միջոցներ չեն ուղղվել, իսկ բարերարներն էլ քիչ են»,-ասաց պարոն Մուրադյանը: Նա նաեւ պատմեց, որ բարերարի ֆինանսավորմամբ Մայրիվանքի (նաեւ՝ Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի) համար ապակուց տանիք է դրվել, իրենց ուժերով քիչ թե շատ վերականգնել են Արծվաբերդի Զորավոր եկեղեցին, սակայն այս բոլոր գործընթացներին պետությունը կրկին չի «խառնվել»:

Պարոն Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվեց իր մեկ այլ մտահոգությամբ եւս. «Հայտնի է, որ Տավուշի մարզը մեծ սահմանային գոտի ունի, այդ հատվածում, շատ դամբարանադաշտեր կան ընկած, եւ, օրինակ, խրամատներ փորելու ժամանակ մեծ թվով պատմական արժեքավոր նյութեր են հայտնաբերվում, օրինակ` խեցեղեն: Դրանց մի մասը հանձնվում է տեղական թանգարանին (Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարան), բայց շատ նյութեր այդպես էլ չենք կարողանում ձեռք բերել, այդ տարածքում անվտանգության հարց կա, չենք կարող ամեն րոպե այնտեղ ներկա լինել: Գտնողները պետք է բարեխիղճ լինեն` հանձնեն, բայց ոչ բոլորն են դա անում, մտահոգություն ունենք, հանկարծ նյութերը սրա-նրա ձեռքը չընկնեն ու հայտնվեն սեւ շուկայում»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս