«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանն ասաց, որ իր հոր դեմ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական գործողություններն անօրինական են: Նրա կարծիքով քրեական գործի հատկանիշներով հորը ձերբակալելու գործը շինծու է:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության երեկվա տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
«Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորի ձերբակալման մանրամասները պարզելու նպատակով երեկ այցելեց նրան պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիր: Ինչպես պարզեցինք Հակոբ Հակոբյանի որդուց` Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ Աշոտ Զաքարյանը ներկայացրել է, որ 2014թ. 9 ամիսների ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի ակտի գումարը կազմել է 428.5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած այս ակտը նախկին պատգամավորն անհիմն էր համարել եւ փորձել դատարանի միջոցով հասնել արդարության: Եւ այդ օրվանից հետո սկսվել են ճնշումները:
«Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները: Ամեն ինչ անում են, որ մենք դատարանով չկարողանանք առաջ գնալ եւ մեր շահերը պաշտպանել: Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձ տվե՞լ է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է: Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են: Մարդիկ ասել են, որ Հակոբյանը մեզ լավ է վերաբերվում, մեր աշխատավարձը ժամանակին տալիս է: Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորն անօրինական են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Հակոբյանի որդին:
Իսկ ի՞նչ եք կարծում՝ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո արդյո՞ք Հակոբյանին նաեւ կկալանավորեն, հետաքրքրվեցինք Արմեն Հակոբյանից: «Չեմ կարող հստակ ասել, բայց իրենց գործողությունները տանում են դրան: Նշեմ, որ քննիչները հորս բացարձակ քննության չեն կանչել, ծանուցագիր չեն ներկայացրել, որ այսպիսի խնդիր կա, նա մասնակից չի եղել քննչական աշխատանքներին: Եկել, հորս դրսում ձերբակալել, տարել են»:
Մեր զրուցակիցը չբացառեց նաեւ այն տարբերակը, որ միգուցե իր հոր անակնկալ ձերբակալումը պայմանավորված է նրա կողմից արված այն հայտարարության հետ, որ պատրաստվում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ֆիլմ նկարել: «Կարող է՝ այդ տարբերակն էլ լինի»,- ասաց նա:
Արմենի խոսքով՝ երեկ ինքը տեսել է Հակոբ Հակոբյանին եւ առաջին հերթին հետաքրքրվել նրա առողջական վիճակով, քանի որ արյան բարձր ճնշում ունի: Պարզվում է՝ ձերբակալման ժամանակ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Արմեն Հակոբյանը ահա թե ինչ պատմեց. «Իմ հորը Էջմիածնում են բերման ենթարկել, հայրս երեք անգամ վատացել է, շտապօգնություն են կանչել ու հետո տեղափոխել Երեւան: Ամեն ինչ անօրինական է, հիմա հայրս արդեն պաշտպան ունի, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում»:
Այսպիսով՝ եթե Հակոբ Հակոբյանը բավարարի ՀՀ ֆինանսների նախարարության առաջ քաշած պայմանները, եթե նաեւ հոկտեմբերի 27-ի մասին իր հեղինակած ֆիլմի մասին մոռանա՝ հրաժարվելով այդ գործը գլուխ բերելուց, ուրեմն նրան ազատ կարձակեն, իսկ եթե համառի, չի բացառվում, որ կալանավորեն: Այսօր երեկոյան նոր հայտնի կդառնա՝ ինչ ճակատագիր է սպասվում Հակոբյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԿԼՅՈՒՉՆԻԿՆԵՐՈՎ»
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը հավաքել էր Հայաստանի բոլոր բանտերի ղեկավարներին եւ շատ լրագրողներից թաքուն ինչ-որ հարցեր էր քննարկում: Սակայն հանդիպումից մանրամասներ մեզ հայտնի չեն, քանի որ ՀՀ գլխավոր «կլյուչնչիկը» հարկ չէր համարել մեզ հրավիրել:
Հետեւելով պաշտոնական լրահոսին՝ հասկանալի դարձավ, որ ինչ-որ թվերի մասին են խոսել՝ ներկայացնելով, որ, օրինակ, նախորդ տարի 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության: Դե, իհարկե, սա տիտանական աշխատանք է. փաստորեն թափանցիկ, պրոֆեսիոնալ պաշտոնյայի իմիջ ունեցող Արթուր Օսիկյանը երբեմն-երբեմն պատժում է բանտերի աշխատակիցներին, որոնք տարատեսակ ծառայություններ են մատուցում կալանավորներին: Սակայն, ցավոք, իրականությունը դրանից չի փոխվում: Կալանավայրերում ազատազրկման դատապարտված քաղաքացիների ընտանիքի անդամները շարունակում են բանտում գտնվողներին սնունդով ապահովել, որ սովից չմահանան, այդ «տուլիկը» տեղ հասցնելու համար «մաղարիչներ» են շարունակվում տրվել, ինչպես ավանդաբար եւ այսպես շարունակ:
Այսինքն՝ որքան էլ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանն իր «կլյուչնիկ» ենթակաների հետ դեմքի ինտելեկտուալ արտահայտությամբ փորձի իրավիճակին դրական բնորոշիչներով գնահատականներ տալ, միեւնույն է՝ իրականում ոչինչ չի փոխվել կալանավայրերի գործունեության մեջ:
Ավելին՝ հենց նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման եւ հաշվառման պարտականությունը խախտելու մասով: Այսինքն՝ հոգեմետ դեղեր էին անհետացել կալանավայրերի հիվանդանոցից: Եւ ի՞նչ, իհարկե, ոչ մի պատիժ: Դեռ 2012-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր Արամ Խաչատրյանի լիազորությունները, սակայն ավելի ուշ կրկին վերադարձրեց նույն պաշտոնին:
Էլ չենք խոսում բանտերում կալանավորների նկատմամբ առկա անմարդկային վերաբերմունքի մասին: Դեռ նախորդ տարի, այս անգամ՝ մայիսի 21-ին, «Կոշ» ՔԿՀ-ում մահացել էր դատապարտյալ, 46-ամյա Արտավազդ Գոհարյանը: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արտավազդի բերանից արյուն էր եկել, եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Աշտարակի բժշկական կենտրոնում Արտավազդին հետազոտել եւ ասել էին, թե որեւէ լուրջ խնդիր չկա: «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել էին կալանավայր, որտեղ հաջորդ օրն Արտավազդը մահացել էր:
Այսքանից հետո, թերեւս, հասկանալի է, որ Օսիկյանը պետք է բանտերին առնչվող քննարկումները «տնավարի» մթնոլորտում անցկացներ:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՉԵՆ ՀԱՄԱԿՐՈՒՄ
Ռուսական aif.ru լրատվական կայքի` Վ. Պերմյակովին ՀՀ դատարանին հանձնելու մասին հարցին ի պատասխան` ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել է. «Հանձնել զինվորին չի կարելի, քանի որ առաջին հանցագործությունը, որ նա կատարել է մինչ մարդասպանությունը, դասալքությունն է: Սակայն դատը տեղի կունենա Հայաստանում` մեր ռազմաբազայի տարածքում: Այն բաց կլինի հայկական մամուլի ու հանրության համար, խոստացվել է նաեւ հեռարձակել դատական գործընթացը մեծ էկրաններին։ Չկա հանցագործին պաշտպանելու ոչ մի ցանկություն։ Ես, օրինակ, իմ ձեռքերով նրան պատառ-պատառ կանեի, եւ դժվար թե Ռուսաստանում որեւէ մեկը նրան համակրի»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ
Yerkir.am-ի տեղեկություններով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից հետո պաշտոնանկ են արվել ինստիտուտի զորքերի ծառայության կազմակերպման գծով տեղակալ, գնդապետ Արմեն Մզիկյանը եւ ինստիտուտի մեկ այլ տեղակալ, շտաբի պետ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանը հաստատել էր ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրաժարականը: Կուրսանտի սպանության գործով մեղադրյալներից մեկի հայրը, որը նույնպես ինստիտուտի պետի տեղակալներից էր, արդեն ազատվել է պաշտոնից: Կուրսանտի սպանության վարկածներից մեկի համաձայն` համակուրսեցիները ցանկացել են իրենց ենթարկեցնել Հայկազին, սակայն դա նրանց չի հաջողվել: Աղբյուրի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ ինստիտուտում բոլորը քնած են եղել: Վիճաբանության ընթացքում համակուրսեցիները դաժանորեն ծեծել են Հայկազին, ապա բարձով խեղդել: Գործով մեղադրյալները հրաժարվում են իրենց առաջադրված մեղադրանքից, այսպես ասած` «չոր ատկազ են կանգնում»:
ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ. «Մենք նախատեսում ենք շուտով այցելել տարածաշրջան եւ բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաեւ նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»: