Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղը Հայաստանի անկախանալուց հետո խմելու ջրի մեծ խնդիր ունի: Խորհրդային տարիներին Սարիգյուղը Ջողազի ջրամբարի մոտից խմելու ջուր էր ստանում: 1990-ական թվականների երկրորդ կեսին Ջողազի ջրամբարի պատվարի տակ գտնվող աղբյուրից փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ կառուցված միկրո-ՀԷԿ-ի միջոցով Սարիգյուղը եւ Սեւքարը ջուր ստացան, սակայն շուտով փոքր ՀԷԿ-ը դադարեց գործել:
Այնուհետեւ Սարիգյուղում խմելու ջրագծի կառուցման ծրագիր իրականացվեց, սակայն գործը կիսատ մնաց: 2004 թվականից Սարիգյուղ համայնքը ղեկավարող Կոմիտաս Էլլարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս գյուղի բնակչությունը խմելու ջուր է ստանում գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, իսկ Սարիգյուղի հին աղբյուրը չի գործում: Համայնքի միակ ծորակի մոտ հաճախ կարելի է տեսնել ջրի հերթի կանգնած մարդկանց: Սարիգյուղի բնակիչներն իրենց բակերում ջրի ցիստեռներ ունեն, որտեղ հավաքված անձրեւաջրերն օգտագործում են կենցաղային նպատակներով: Սարիգյուղցիներից նրանք, ովքեր անձնական օգտագործման ավտոմեքենա ունեն, դրանց մեջ մշտապես ջրի տարաներ են պահում, որպեսզի Իջեւանի տարածաշրջանի աղբյուրներից դրանք լցնեն:
Ռուսաստանում բնակվող սարիգյուղցի Հենրիկ Եգանյանն իր միջոցներով գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին հուշարձան է կառուցել, որի հուշաղբյուրը, սակայն, ջրազուրկ Է: Գյուղապետ Էլլարյանն ասաց, որ ջրի խնդիրը փոքր-ինչ լուծելու համար նախատեսում են առաջիկայում գյուղից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհի եզրին գտնվող խորքային հորից ջուր մղել Սարիգյուղ: Դա պետք է արվի համայնքի սուղ բյուջեի միջոցներով: Կ. Էլլարյանի խոսքերով` եթե հաջողվի պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի մեջ ներառել այդ գործը, մեծ աջակցություն կլինի համայնքին: Նա հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանի Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի ֆինանսավորմամբ իրականացնել Սարիգյուղից դեպի Իջեւան տանող ճանապարհին, Սարիգյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանի մոտ խորքային հորեր փորելու եւ դրանց ջուրը Սարիգյուղ մղելու ծրագիրը: Գյուղապետի խոսքերով` այդ ծրագիրը փետրվարի վերջին կքննարկվի Հայաստանի Կառավարությունում եւ հավանության արժանանալու դեպքում կիրականացվի 2016թ.:
1154 բնակիչ ունեցող, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին 6 զոհ տված Սարիգյուղը խմելու ջրի բազմաչարչար հարցը լուծելու համար Հայաստանի Կառավարության աջակցության կարիքն ունի: Օգնություն, որը տարիներ շարունակ չի ցուցաբերվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ