Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Վերնիսաժի» գործով դատական քննությանը:
Ամբաստանյալներ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը, օգտնվելով իրենց սահմանադրական իրավունքից, հրաժարվեցին ցուցմունք տալ և պատասխանել կողմերի հարցերին:
Այդուհանդերձ, նախագահողն առաջարկեց հնչեցնել իրենց հարցերը, ինչից կողմերը հրաժարվեցին:
Ապա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի` որպես վկա տված ցուցմունքը, ինչին վերջինիս պաշտպան Արայիկ Ավդալյանն առարկեց: Պաշտպանի խոսքով` Վալերիկ Հովհաննիսյանը նման ցուցմունք չի տվել, նշված ցուցմունքը նրա կողմից չի գրվել, ուստի պետք է նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն: Արայիկ Ավդալյանի խոսքով` պետք է հարցաքննել Մարիա Աղամալյանին, ով ըստ նշված ցուցմունքի արձանագրության՝ ողջ ընթացքում գտնվել է իր պաշտպանյալի կողքին:
Երեմ Սարգսյանն առաջարկեց, այնուամենայնիվ, ընթերցել ցուցմունքից մի հատված, իսկ դրա` գործին կցելու թույլատրելիությունը թողնել դատարանի հայեցողությանը: Դեպքի հաջորդ օրը` մայիսի 18-ին, տրված ցուցմունքի մեջ ասվում էր. «Մինչ ինձ վրա կրակելը, ես լսել եմ կրակոցի ձայն: Չեմ հիշում` քանիսն էր: Դուռը բացեց, զենքը պահեց փորիս, կրակեց: Հետո ասաց` մեքենայի մեջ կին ու երեխա էլ կան: Մեքենայից իջնելիս զգացի կրակոց ձախ ոտքիս վրա»:
Այս ամբողջն ընթերցելուց հետո պաշտպան Երեմ Սարգսյանը հարց ուղղեց ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանին` եղե՞լ է արդյոք նման բան, թե ոչ, հարցվողը պատասխանեց. «Ես Գոռ Առաքելյանին ընդհանրապես չեմ տեսել, առաջին անգամ եմ տեսնում: Ես նման ցուցմունք չեմ տվել: Ո՛չ էլ գիտեմ` ով է եղել, ինչ է եղել, ում է կրակել»:
Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև դատակոչել վկա Վահան Հակոբյանին, ում 5 էջանոց ցուցմունքը նախաքննական մարմինը գործին չի կցել: Պաշտպանը միջնորդեց նաև դատարան հրավիրել և հարցաքննել դատաձգաբան-փորձագետ Ռուդիկ Պողոսյանին: Իսկ մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել վկա Վարդան Զոհրաբյանին` պատճառաբանելով, որ նրա նախաքննական ցուցմունքում և գործում առկա փաստերում կան էական հակասություններ:
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանը 2007 թվականին դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով` ՌԴ ՔՕ 114 հոդվածի 4 մասի հատկանիշներով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Բոլոր երեք միջնորդություններն էլ դատարանը բավարարեց:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 19-ին: