«Եռանկյունի», «Խաթաբալա», «Հնձան», «Ժայռը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», այս բոլոր ֆիլմերը, որոնք հրաշալի ծանոթ են հայ հանդիսատեսին, միավորում է մեկ անուն՝ Սերգեյ Իսրայելյան: Կինոօպերատորի սրատես աչքը, «կադրի զգացողությունը», լույսի ու ստվերի ներդաշնակ համադրումները թույլ են տվել ստանալ կինոնկարներ, որոնք իրենց արժանի տեղն ունեն «Հայֆիլմ»-ի պատմության մեջ: Սական, պրոֆեսիոնալ մասնագետ լինելուց բացի, Սերգեյ Իսրայելյանը եզակի էր նաեւ իր մարդկային տեսակով:
Այդ մասին է փաստում «Խաթաբալա» ֆիլմում Մասիսյանցի դերակատար Վրեժ Հակոբյանը: «Մի քանի դերասաններով մեկնել էինք Թիֆլիս՝ «Խաթաբալա»-ում նկարահանվելու համար, ինքնաթիռը որոշ ժամանակով ուշացավ, իսկ օպերատորը հրապարակում մեզ էր սպասում: Երբ արդեն իջել էինք, իմ ձեռքին մի մեծ դիպլոմատ կար, Սերգեյ Իսրայելյանը նայեց-նայեց, ասաց՝ ա՛յ տղա, էդ դիպլոմատով ոնց որ գինեկոլոգ լինես, հեչ դերասանի տեսք չունես, բոլորս ծիծաղեցինք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց Վրեժ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Սերգեյ Իսրայելյանն անգամ զայրանալիս էր հետաքրքիր. «Երբ Թիֆլիսում էինք, հիշում եմ՝ «Խաթաբալա»-ի նկարահանումների ժամանակ ես, Սոսը, Ֆրունզը գնացինք քաղաքի նկուղային հով մի գինետուն, լավ խմեցինք ու երբ դուրս եկանք այդ շոգ եղանակին, թերեւս ջերմաստիճանի տատանումից երեսներս կապույտ գույն էին դարձել: Հենց Սերգեյ Իսրայելյանը մեզ տեսավ, ասաց՝ ես ձեզ չեմ նկարելու, էս ինչ ա ձեր վիճակը: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ հենց զայրանում էր, սկսում էր ռուսերեն խոսել, իբր թե՝ օտար լեզու էր, չէինք հասկանա…»,-ծիծաղելով պատմեց Վ.Հակոբյանը:
Դերասան Գուժ Մանուկյանը եւս, ով օպերատորի հետ առիթ է ունեցել աշխատել «Նահապետ» ֆիլմում, փաստում է, որ Սերգեյ Իսրայելյանն անչափ կենսասեր մարդ էր. «Ֆիլմում մի տեսարան կար, երբ երեք ընկերներով նստած խոսում ենք ու բոլորով ծիծաղում: Այդ պահին աչքներս ընկավ օպերատորին, մեկ էլ տեսնենք՝ տեսախցիկը թողած ինքն էլ է ծիծաղում, ասում էր՝ այնքան վարակիչ էր ձեր ծիծաղը, որ չկարողացա ինձ պահել»,-վերհիշեց նա:
Հենց կյանքի հանդեպ ունեցած սերն էլ օպերատորին դրդեց մեծ գործեր ստեղծել, մնայուն կադրեր, արժեքավոր ֆիլմեր, որոնց մասին հետագայում պետք է խոսեին գալիք սերունդները;
Փետրվարի 11-ին լրացավ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի 78-ամյակը:
Աննա Բաբաջանյան