«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հնչեցրած իր ելույթում ուղղակի ազդարարեց, որ իշխանությունները սկսում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ որպես քաղաքական գործչի «ոչնչացման» գործընթացը: Այս ուղղությամբ առաջին քայլերից մեկը լինելու է 2007-ին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանին ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու հարցի լուծումը: Սարգսյանն ԱԺ-ի ուշադրութունը հրավիրեց այն փաստի վրա, որ այս գումարման՝ ԱԺ-ի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին…
Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը պետք է ընդգրկվեր ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին` փետրվարի 2-ից 5-ի քառօրյայի օրակարգում: Իշխանությունները մի փոքր ուշացել են: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում ազդարարել է. «Այս պահին շատ ավելի կարեւոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ՝ քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել»: Եթե Սերժ Սարգսյանը հավատում է իր ասածին եւ իսկապես ցանկանում է մաքրել քաղաքական դաշտը, ապա պետք է սկսի հենց իր հարազատ ՀՀԿ-ից, որի պատգամավորների մի զգալի մասը գործարարներ են, ինտելեկտով էլ չեն փայլում… Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե այս երկուսից իրականում ում խոսքն է գործ…
Հ.Գ. Այսօր Հայաստանում տոնում են «Տյառն ընդ առաջ»-ը. նորապսակները պտտվում, ապա թռչում են կրակի վրայով՝ վանելով չար ուժերին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: