«ՄՌՈՒԹԸ ԿԱԽ» ԿՆՈՋ ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը, ով «Դեպք մետրոյում» ներկայացման շրջանակում կերտում է վախկոտ տղայի կերպար, որի միջոցով ի հայտ է գալիս հանրության շրջանում տիրող անտարբերությունն իր իսկ նկատմամբ կատարվող ոտնձգությունների հանդեպ, այն կարծիքին է, որ այդ երեւույթի դեմն առնելու միակ ելքը համախմբվելու մեջ է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մեր հասարակության շրջանում եւս ակնհայտ է այս խնդիրը: Դերասանն անդրադարձել է նաեւ իր կերտած բացասական կերպարներին եւ տվել աղջիկ երկրպագուներին հետաքրքրող հարցի պատասխանը:

-Ռոմա՛ն, մի քանի ամիս առաջ Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացում էի դիտում եւ նկատեցի, որ դահլիճում բավական մեծ թվով ազատ տեղեր կան: Փաստորեն, մայր թատրոնը դահլիճ լցնելու խնդիր ունի…
-Եկավ մի ժամանակ, որ, իսկապես, այդ խնդիրը կար, բայց այդ պահն անցավ: Ես նկատել եմ, որ մեծ թվով հանդիսատես ներկա է լինում հատկապես Հայոց ցեղասպանության թեմատիկայով ներկայացումներին:
-Ի դեպ, որքանով հիշում եմ՝ Դուք նկարահանվելու էիք թուրք-գերմանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմում, կերտելու էիք հայ երիտասարդի կերպար, ով կնոջ եւ երեխայի հետ մեկնում է Թուրքիա՝ այնտեղ աշխատելու նպատակով: Անգամ ստիպված էիք թուրքերեն սովորել: Այս ֆիլմը Հայոց ցեղասպանության թեմային առնչվո՞ւմ էր:
-Ո՛չ, ցեղասպանության մասին չէր ֆիլմը, սակայն հայրենասիրական բնույթ ուներ: Դրա նկարահանումները հետաձգվեցին… Ի դեպ, կարծում եմ՝ հայաստանյան մշակութային կյանքում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բավարար աշխատանքներ չեն տարվում: Այս թեման լայն շրջանակներին հասցնելու լավագույն միջոցներից մեկը ֆիլմն է, բայց, որքանով հետեւում եմ մշակութային կյանքին, հայաստանյան հատվածն այս առումով պասիվ է:
-Նկարահանվել են ֆիլմեր, որոնք ներկայացվելու են անգամ միջազգային ասպարեզում…
-Որոշ բաներ արվում են, բայց ոչ այնպես, ինչպես հարկն է:
-Ռոմա՛ն, Դուք հանդիսատեսի համակրանքին արժանացած «Դեպք մետրոյում» ներկայացման շրջանակում խաղում եք վախկոտ տղայի դեր, ով վախի մթնոլորտում ձեւավորված հանրության անդամ է: Մենք տեսնում ենք կերպարների, որոնք անտարբեր են իրենց իսկ հանդեպ կատարվող ոտնձգությունների նկատմամբ: Ինքներդ այսօր հասարակության շրջանում տեսնո՞ւմ եք այդ խնդիրը:
-Իմ կերպարի պես մարդանց ե՛ւ շրջապատումս, ե՛ւ դրանից դուրս շատ եմ հանդիպել: Սա այն տեսակն է, որ վախենում է պայքարել այդ ոտնձգությունների դեմ, ի սրտե ուզում է օգնել ընկերոջը, սակայն ինչ-որ բան նրան ետ է պահում կամ մտածում է՝ ինչու գլխացավանքի մեջ ընկնի: Իսկ այդ անտարբերությունն էլ ավելի մեծ խնդիրների է հանգեցնում: Այն հնարավար կլինի «կոտրել», եթե հանրությունը համախմբվի: Գաղտնիք չէ, որ մեր հասարակությանը եւս պակասում է այս միասնականությունը: Դրա վառ օրինակը երկրում բռնկվող ցույցերն ու բողոքի ակցիաներն են: Դրանց մասնակցում է, օրինակ, 1000 հոգի, ի սրտե ցանկություն ունի մասնակցելու էլի մի ստվար զանգված, սակայն, չգիտես ինչու, խուսափում է: Վերջում այդ 1000 հոգուց մնում է 10-ը…
-Ի դեպ, Դուք արվեստի ոլորտի այն մարդկանցից եք, ովքեր չեն խուսափում անձամբ ներկայանալ հասարակության շարքեր, նրանց հետ պայքարի դուրս գալ: Հիշում ենք, օրինակ, «Free car» ակցիան, որին մասնակցում էիք նաեւ Դուք: Անհրաժեշտության դեպքում էլի կկանգնե՞ք հանրության կողքին, թե՞ Ձեզ էլ, ինչպես շատ արվեստագետների, հոգնեցրել են այդ գործընթացները:
-Ո՛չ, ինձ դա երբեք չի հոգնեցնի, եթե պետք լինի, էլի կկանգնեմ հանրության կողքին: Եթե ուզում ես, որ երկրում, քաղաքում ամեն բան լինի, դու էլ պետք է քո չափով դրա համար պայքարին մասնակից լինես:
-Թեեւ կյանքում, ինչպես Ձեր ընկերներն են փաստում, Դուք բավական բարի եք, ձեռք մեկնող, սակայն հաճախ ներկայանում եք ճիշտ հակառակ դերերով: Երբեմն անգամ Ձեզ ասոցացնում են այդ ինքնահավան կերպարների հետ, չե՞ք նեղսրտում:
-Ո՛չ, բացարձակ վատ չեմ զգում: Առհասարակ, այդ «վատ» կերպարներն առանձնակի էնտուզիազմով եմ խաղում եւ ուրախանում եմ, որ դրանք նման ազդեցություն են ունենում (ծիծաղում է):
-Աղջիկ երկրպագուները մեզ չեն ների, եթե չհարցնենք՝ ի՞նչ հատկանիշներով օժտված կին եք տեսնում եւ ինչպիսի՞ կնոջ չեք հանդուրժի Ձեր կողքին:
-Դժվար է միանշանակ նշել, միայն կասեմ, որ «մռութը կախ» կնոջ իմ կողքին չէի հանդուրժի… (ծիծաղում է):

 

 

 

 

«ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է

Օրերս քաղաքացիների շրջանում եւ զանգվածային լրատվական միջոցներով ահազանգ հնչեց այն մասին, որ Երեւանի «Դվին» հյուրանոցում քանդման աշխատանքներ են սկսվել: Ու թեեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը շտապեց հերքել այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ հյուրանոցում պարզապես ամրացման աշխատանքներ են տարվում, քաղաքացիները շարունակում են այն կարծիքին մնալ, որ «Դվին»-ի ճակատագիրը վտանգված է:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կրկնեց գլխավոր ճարտարապետին. «Իսկապես, այնտեղ քանդման աշխատանքներ տեղի չեն ունենում: Բանն այն է, որ անհրաժեշտություն կա շենքը համապատասխանեցնել սեյսմոկայուն հատուկ նորմատիվներին, տարվում են աշխատանքներ, որպեսզի պարզեն՝ որ հատվածներն են կոռոզիայի ենթարկվել: Կարծես թե այս անգամ ցանկանում են կառույցն ամբողջացնել»,-մեկնաբանեց նա:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ովքեր են շենքի սեփականատերերը. «Կարեւորն այն է, որ նրանք ունեն ծրագիր, որը գտնվում է հսկողության տակ: Կարծում եմ՝ նրանք հյուրանոցի ճարտարապետներից Աշոտ Ալեքսանյանի հետ նույնպես կաշխատեն այն չափով, ինչ չափով հարմար կգտնեն»,-ասաց նա:
Իսկ ահա «Դվին» հյուրանոցի ճարտարապետական խմբի անդամ Աշոտ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն եւս տեղեկություններ են հասել այն մասին, որ հյուրանոցը քանդում են: «Ինձ հետ ոչ ոք ոչինչ չի համաձայնեցրել, ես խոսեցի գլխավոր ճարտարապետի հետ, նա ասաց, որ ուրբաթ օրը հարցը պետք է դնեն քննարկման: Ես էլ հարցրի՝ իսկ չէ՞ր կարելի հարցը դնել քննարկման հյուրանոցը քանդելուց առաջ: Ո՞վ է ինչ-որ մեկին իրավունք տվել քանդել հյուրանոցը, այն էլ՝ պետական մրցանակի արժանացած նախագծով, իսկ նա կմկմաց… Այն, որ «Դվին»-ում տարվող աշխատանքները ճարտարապետի հետ չեն համաձայնեցվել, դա վերին աստիճանի լկտիության դրսեւորում է»,-նկատեց ճարտարապետը:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանն էլ հակված է այն կարծիքին, որ հյուրանոցն իսկապես քանդում են. «Չեմ բացառում, որ այս կառույցն էլ կարժանանա, օրինակ, «Կուկուռուզնիկի» ճակատագրին: Չգիտեմ՝ ինչ է պետք անել, որպեսզի այս բարբարոսներից պրծնենք: Ես մի մեղավոր եմ տեսնում՝ Տարոն Մարգարյանին, ավագանին այսօր ոչ մի խնդիր չի լուծում: Ուստի, կարծում եմ, քաղաքացիական ակտիվություն է պետք դրսեւորել»,-մեզ հետ զրույցը եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի ժամկետները դեռեւս հստակ չեն: Պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊ տնօրեն Փարավոն Միրզոյանն ազատվել էր աշխատանքից, քանի որ լրացել էր նրա 65-ամյակը, եւ ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը:

 

ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՍԵՐԻԱԼՈՒՄ
Դերասան, հումորիստ Արմուշը՝ Արման Խաչատրյանը, իրեն փորձել է նոր ժանրում եւ նկարահանվել է հեռուստասերիալում: Նա ներկայանում է USArmenia-ով հեռարձակվող «Բախտաբեր» հեռուստանովելում: «Սերիալում նկարահանվելու առաջին փորձս է, որոշեցի ոճային փոփոխության գնալ: Ուզեցի փորձել ինձ, քանի որ եթե հումորային ժանրում կարող ես իրավիճակը չափազանցնել, հասցնել գրոտեսկի, ապա դրամատիկ տեսարանում պետք է ավելի «կենդանի» խաղաս ու ներկայացնես այն, ինչ կա»,-ESem.am-ին ասել է Արմուշը՝ նշելով, որ սկզբնական փուլում անցումը մի փոքր բարդ է եղել իր համար:
Նշենք, որ ԱՄՆ-ում ցուցադրվել է հեռուստասերիալի միայն առաջին սերիան: Արմուշը հայտնել է, որ հաջորդ մասերի ցուցադրությունը կվերսկսվի փետրվարի 12-ից:




Լրահոս