ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ ԿՐԱԿԵԼ Է ԾԱՌԱՅԱԿԻՑ ԸՆԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին կրակել է իր ծառայակից ընկերը:

Բայց մինչ մանրամասները, ներկայացնենք պաշտոնական վարկածը. ըստ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:55-ի սահմաններում: «ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Տիգրան Սիմոնյանը»: Իսկ, ահա, մի փոքր ուշ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` (ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով):

Ինչ են պատմում հարազատները
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձոր քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Համեստ Խաչատրյանը, որը մահացած Տիգրան Սիմոնյանի մայրիկի հետ աշխատում է նույն պոլիկլինիկայում, պատմեց, որ հեռուստատեսությամբ լսել է՝ Տիգրանը մահացել է դիպուկահարի կրակոցից. «Տիգրանի մայրիկը՝ Արմանուշը, մեր պոլիկլինիկայի գինեկոլոգիայի բաժնի բուժքույրն է: Առավոտյան միշտ Արմանուշի հետ եմ աշախատանքի գնում, բայց այս առավոտ նա չկար ավտոբուսի մեջ: Եկա գործի ու տեսա, որ Արմանուշը դեռ չի եկել, եւ զանգահարեցի բջջայինին: Հեռախոսը պատասխանեց մեկ ուրիշը եւ ասաց, որ իր որդու հետ դեպք է պատահել: Մի տեսակ չէի հավատում, այնքան մեծ ցավ ապրեցի, Տիգրանը մեր աչքի առաջ է մեծացել»:
Ըստ մեր զրուցակցի՝ Տիգրանը Արմանուշի ավագ որդին էր. «Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, եւ արդեն երեք տարի է, ինչ աշխատում էր «Եղնիկներ»-ի զորամասում: Խելոք, կազմակերպված ծառայող տղա էր, միշտ մորն ասում էր, թե գոհ է իր ծառայությունից: Նոր տարվան արձակուրդ էր եկել ու մորն անգամ ասել էր, որ փետրվարի 20-ին էլի է արձակուրդ գալու: Մայրն ու հայրը թոշակառու մարդիկ են, մայրը զոբի վիրահատության է ենթարկվել, իսկ հայրը սրտի կաթված է ստացել, եւ երկուսով էլ թոշակ էին ստանում: Տիգրանի փոքր եղբայրն էլ ծառայում է Արարատում:
Համեստ Խաչատրյանի խոսքով՝ Տիգրանը միշտ զինվորներ է դիրքեր տարել ու որեւէ խնդիր չի ունեցել. «Երեք տարի շարունակ լինես այդ գործին ու հանկարծ ինչ-որ կանոնները խախտես, ու նման բան լինի՞: Ախր, մի քիչ անհավանական է, գոնե կարողանանք ճիշտը իմանալ, թե ինչից է եղել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած Տիգրանի քեռու դուստրը՝ Էլյոնա Ասրյանը, պատմեց, որ իրենց որեւէ բան չեն ասել, թե ինչից է մահացել Տիգրանը. «Երբ խոսում էր, միշտ գոհ-գոհ պատմում էր իր ծառայությունից: Մինչեւ հիմա մի նորմալ բան չգիտենք, թե ինչ է եղել: Դեպքի երեկոյան զանգահարել էր ինձ, շատ լավ տրամադրությամբ, հարցնում էր բոլորից: Ասում էր, թե փետրվարի 20-ից հետո 10 օրով արձակուրդ կգա: Երբեք իր խնդիրների մասին չի ասել, միշտ լավն էր պատմում, ոնց որ դրախտում լիներ: Մեր Տիկոն կգա, մենք իրան սպասում ենք»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի դեպքի առթիվ էլ նախ ՊՆ հայտարարեց, թե ինքնասպան է եղել կուրսանտը, իսկ ավելի ուշ՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ կատարվածը դաժան սպանություն էր: Ուստի հաշվի առնելով այս դեպքերը՝ չի բացառվում, որ մահացած ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի դեպքում եւս նոր բացահայտումներ լինեն, քանի որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Տիգրանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել նրա ծառայակից ընկերը: Իսկ կանխամտածվա՞ծ է նա կրակել Տիգրանի վրա, թե՞ պատահականություն է եղել, կպարզի ՀՀ քննչական կոմիտեն:

 

 

 

 
ԼՂՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձիք ծեծի ենթարկել իրեն:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը Արցախում պետք է ավտոերթ իրականացներ: Ղարաբաղի ազատամարտիկներ Մխիթար Ավետիսյանը եւ Քերոբ Ղազարյանը որոշել էին դիմավորել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, սակայն Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի էին ենթարկվել: Նրանց տեղափոխել էին Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին էլ ծեծի էին ենթարկել Բերձորի ճանապարհին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմեց, որ իրենց ծեծի ենթարկողները որեւէ բան չեն ասել, անգամ չեն ասել՝ հետ գնացեք կամ այլ բան, միանգամից հարձակվել եւ ծեծի են ենթարկել. «Մեզ ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանները չկային: Չէինք ճանաչում ոչ մեկի, իսկ մենք ընդամենը գնում էինք դիմավորելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց համակրում ենք»:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած քրեական գործ է հարուցվել, եւ իրեն երեկ դեպքի վայր են տարել, սակայն, ըստ նրա, այս գործը կբացահայտվի միայն ռեժիմը փոխվելուց հետո: Ավելին՝ Մխիթար Ավետիսյանը կիսում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի այն կարծիքը, որ այս ամենը կատարվել է Երեւանի Բաղրամյան 26-ի հրահանգով: Հարցին, թե կատարվածից հետո արդյո՞ք նրան ինչ-որ օղակներ հասկացրել են հեռու մնալ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունից, Մխիթար Ավետիսյանը պատասխանեց. «Չեն համարձակվի նման բան անել: Մենք թույլ չենք տա այդպիսի տերմիններով մեզ հետ խոսեն: Նաեւ ձեզ ասեմ, որ իշխանություններն անիմաստ հայտարարություններ են տարածում, թե պետք չի իբր այս լարված իրավիճակում նման ավտոերթ իրականացնել, իրենց խորհուրդ կտայի, որ պետք չէ այս ժամանակահատվածում մարդկանց ծեծել, թալանել ու արտագաղթ կազմակերպել»,- նշեց ղարաբաղցի ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մխիթար Ավետիսյանի, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Քերոբ Ղազարյանի, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին եւ 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստերի կապակցությամբ: Կատարվում է նախաքննություն:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԱԱԾ ՊԵՏԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀՀ պաշտոնյաները սկսել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրենց ունեցվածքի եւ գույքի մասին հայտարարագրեր: Armlur.am-ը ներկայացրել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի ունեցվածքը:
Տեղեկացնենք՝ թե՛ 2013թ.-ի, թե՛ 2014թ.-ի տարեկան հայտարարագրերում Գորիկ Հակոբյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նա ներկայացրել է միայն իր տարեկան եկամուտն ու առկա դրամական միջոցները: Եվ այսպես՝ 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գորիկ Հակոբյանն այդ տարի վաստակել էր 7 մլն 435 հազար 186 դրամ: Իսկ դրամական միջոցներն էլ 25 մլն 500 հազար դրամից դարձրել էին 28 մլն 300 հազար դրամ: 2014թ. տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը 28 մլն դրամը դարձրել է 38 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարում էլ կարողացել է վաստակել 9 մլն 137 հազար դրամ, այն էլ միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ:
Նշենք, որ նա ներկայացրել է իր եւ կնոջ` Գայանե Մելիքյանի հայտարարագրերը: Գորիկ Հակոբյանի կինն էլ իր հայտարարագրում միայն դրամական միջոց է նշել, որը 2013թ.-ին կազմել է 22 մլն 800 հազար դրամ, իսկ 2014-ին` 24 մլն 500 հազար դրամ:

 

ԹԱՆԿ ԱՅՑ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարական պատվիրակությամբ օրեր առաջ երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Վարչապետը փետրվարի 6-ին մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաեւ՝ առանձնազրույց ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Armlur.am-ը տեղեկացնում է, որ այդ այցը պետբյուջեի վրա բավական թանկ է արժեցել:
ՀՀ Կառավարության աշխատակազմի եւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ պայմանագիր կնքվել է փետրվարի 3-ին: Ըստ այդ պայմանագրի՝ փետրվարի 5-ին Երեւան-Մոսկվա եւ փետրվարի 7-ին Մոսկվա-Երեւան ուղղություններով A319 մոդելի ինքնաթիռով 4 ժամ 50 րոպե թռիչք կատարելը պետբյուջեի վրա արժեցել է 25 մլն 800 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Մոսկվա այցի ժամանակ վարչապետը «պատահաբար» հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:




Լրահոս