ԲՀԿ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի առիթով հարուցված քրեական գործը հետաքրքիր վարկածներ է շրջանառում՝ քաղաքականից սկսած մինչեւ ներկուսակցական խժդժություններ:

Քննչական մարմինը ստուգում է բոլոր հնարավոր վարկածները՝ պարզելու, թե ով եւ ինչու պետք է այդքան դաժանությամբ ծեծեր ագրեսիվությամբ առանձնապես աչքի չընկած ԲՀԿ-ական ակտիվիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստուգվում են ինչպես անձնական, այնպես էլ քաղաքական թշնամանքի մոտիվներով իրականացված հանցանքի վարկածները: Անձնական թշնամի, ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Խաչատրյանը չունի, համենայնդեպս, որ նրան այդ աստիճան ատի ու նման արարք թույլ տա: Իսկ քաղաքական վարկածները, թեեւ զգուշավորությամբ, այնուամենայնիվ, ստուգվում են:
Մասնավորապես քննչական մարմինները հետաքրքրվում են, թե ում հետ է հանդիպել Արտակը ծեծի նախօրեին, ինչ է զրուցել նրանց հետ, ինչ նպատակների մասին է խոսել, կիսվել: Չի բացառվում նաեւ այն, որ նա պարզապես եղել է թիրախ:
Թերեւս ամենաուշագրավ վարկածը միջկուսակցական խժդժությունն է, որը քննվում է: ԲՀԿ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որ նախկինում եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմը, հիմա Ծառուկյանի ամենահավատարիմն է համարվում: Եւ հնարավոր է՝ նրան դուր եկած չլինի իրավիճակը, որ ինչ-որ երիտասարդներ կարող են Ծառուկյանի աչքը մտնել՝ մարդաշատ ակցիաներ կազմակերպելով եւ հանդես գալով այն դիրքերից, ինչպիսին Արտակն էր: Եւ ըստ այդմ, լուրեր են պտտվում, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կուսակիցների եւ ոչ միայն նրանց շրջանում, խոսելով Արտակին առեւանգող ավտոմեքենայի մասին, բավականին ինքնավստահ ասել է, որ նրան առեւանգած սեւ գույնի «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները չկան, դրանով հնարավոր չէ «պոչը գտնել»: Այս արտահայտությունը լրջորեն քննարկվում է իրավապահների շրջանում, քանի որ Արտակի հարազատները ձեռք են բերել եւ ոստիկանությանը տրամադրել մի տեսագրություն, որտեղ հստակ երեւում է սեւ «Տոյոտա»-ն՝ իր համարանիշներով: Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, պատմել է, որ «Եղան բարի մարդիկ, անծանոթ մարդիկ, ովքեր փորձել են ինչ-որ բանով օգտակար լինել՝ մտածելով, որ տրամադրված տեսանյութը կարող է գործին օգուտ տալ: «Չենք կարողանում բացահայտելը» բացառվում է, որովհետեւ արդեն իսկ հրապարակված հանգամանքները, փաստերը բավականին մեծ են հանցագործությունը բացահայտելու համար: Եթե չուզենան բացահայտել, ցանկացած մարդ այդ մեղքը թողնելու է իրավապահների վրա»:
Թվում էր, որ այդ տեսանյութից հետո արդեն պետք է գործը բացահայտված լիներ, քանի որ գոնե համարանիշներով հնարավոր էր գտնել «Շրջանառության հարկի» վիճահարույց փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստին առեւանգող սեւ գույնի «Տոյոտա Կորոլան» եւ դրա մեջ եղած դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդկանց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քննիչներն ու ոստիկանները բավականին օպերատիվ կերպով ստուգել են տեսաերիզում երեւացող ավտոմեքենայի համարանիշները եւ պարզել, որ դրանք կեղծ են: Այսինքն՝ այդպիսի համարանիշ Հայաստանում գոյություն չունի եւ գրանցված չէ որեւէ մեկի անունով: Ասել է թե՝ այս հետքերն էլ կորան:
Ու հենց այստեղ է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ասած խոսքերը կասկածի տեղիք են տվել իրավապահներին. նա որտեղի՞ց գիտի, որ համարանիշներով հնարավոր չէ որեւէ բան գտնել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման բան ասել, եւ արդյո՞ք իրեն հրավիրել են հարցաքննության Արտակի ծեծի գործով: Մանուկյանը նախ ծիծաղեց, ապա ասաց, թե. «Բացառված է նման բան, հիմարություն է բառի բուն իմաստով: Մնացած հարցերը՝ գրավոր»:
Հիշեցնենք, որ Արտակին առեւանգողները եղել են սեւ համազգեստով, ըստ նրա՝ միմյանց հետ ոչինչ չեն խոսել, միայն ժեստերով են ինչ-որ բաներ հասկացրել եւ լուռ ծեծի են ենթակել: Տեղեկություններ կան նաեւ, որ նրանք եղել են զինված ինքնաձիգով, մինչդեռ այլ լուրերի համաձայն՝ հանցախմբի մոտ եղել է որսորդական «Սայգա» տեսակի հրացան, որը շատ նման է ինքնաձիգի (ավտոմատ):
Իսկ ինչ վերաբերում է սեւ «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենային, ապա թերեւս քչերին է անհայտ, որ այդ մակնիշի ավտոմեքենա Հայաստանում վարում են հիմնականում պետական պաշտոնյաները, իսկ ուժային համակարգում՝ վարչության պետերը: Եւ հիմա դժվար է ասել՝ իսկապես ուժային կառույցի ներկայացուցիչնե՞րն են կազմակերպել ծեծը, թե՞ այլ ուժեր ու գործիչներ՝ փորձելով այն բարդել ուժայինների վրա: Ամեն դեպքում, դեպքից անցել է արդեն 5 օր, բայց դեռ որեւէ տեղաշարժ չկա:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը՝ Խաչատրյան) հորեղբոր որդին է:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ՈՒՇԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013թ. սեպտեմբերի 22-ի առավոտյան Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում պայթեցվել էր Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած գործարար, 1957թ. ծնված Կամո Ղալթախչյանի «Toyota Camri» ավտոմեքենան: Բարեբախտաբար` ավտոմեքենայի մեջ գտնվող Կամո Ղալթախչյանը եւ նրա ընկերը չէին տուժել: Մեր տեղեկություններով՝ ավտոմեքենայի վրա տեղադրված է եղել նաեւ 2-րդ պայթուցիկ սարքը, որը չի գործել:
Այդ ժամանակ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Սակայն այդ հանցագործությունը չբացահայտվեց, թեեւ ողջ Աչաջուրը հիմնավոր կասկածներ ուներ, թե ով կարող էր լինել հանցագործության պատվիրատուն: Միջադեպից անմիջապես հետո Աչաջրի բնակիչները կարծիք հայտնեցին, որ հանցագործությունը կապված է 2013թ. աշնանը կայանալիք Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրությունների հետ: Այսինքն՝ մահափորձի նպատակը եղել է գյուղապետի ապագա թեկնածուին վերացնելը:
2013թ. նոյեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում Աչաջուր համայնքի ղեկավար ընտրվեց Կամո Ղալթախչյանը: Վերջինիս ավտոմեքենայի պայթյունի գործը իջեւանցի ոստիկաններն այդպես էլ չբացահայտեցին: Իսկ չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ գյուղի 36-ամյա բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը մասնակից է Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ նոր մահափորձի կազմակերպմանը: Այդ մահափորձը պետք է իրականացվեր 2014թ. փետրվարին. Աչաջրից Նոյեմբերյան տանող ճանապարհին գյուղապետի ավտոմեքենան, որի մեջ նաեւ Կ. Ղալթախչյանի որդին էր, պետք է հարձակման ենթարկվեր: Մեխակ Մելիքբեկյանը նշել է այդ ահաբեկչության պատվիրատուի անունը, ով գյուղի նախկին ղեկավարներից է:
Նրա խոստովանությունը տեսագրվել է, այդ տեսանյութի օրինակներից մեկն առկա է ոստիկանության Իջեւանի բաժնում: Նշենք, որ Մ. Մելիքբեկյանը ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն առեւանգել, նվաստացրել են: Աչաջրում նախաձեռնված 4 մահափորձերի, Մ. Մելիքբեկյանի կարծեցյալ առեւանգման գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւոր գործերով վարչության աշխատակիցները: Քրեական գործով ձերբակալված անձինք չկան: Աչաջուր համայնքից տեղեկացանք, որ փետրվարի լույս 12-ի գիշերը նշված գործի շրջանակներում ոստիկանությունը խուզարկություններ է կատարել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով: Աչաջրում, սակայն, այդ խուզարկություններն ուշացած են համարում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՄԻ՞ԹԵ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ
panorama.am-ի փոխանցմամբ՝ արտերկրում բնակվող հայրենակիցների աջակցության եւ իրավունքների պաշտպանության հիմնադրամը, որը տեղակայված է Մոսկվայում, որոշել է այս տարի Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հիման վրա ստեղծել ռուս հայրենակիցների իրավական պաշտպանության կենտրոն, որը կապահովի Հայաստանում ռուս հայրենակիցների պաշտպանությունն ու աջակցությունը:

 

ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչ ապրիլի 15-ը տնային կալանքի տակ է թողել հայազգի ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանին, ով մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության ակցիաների վաճառքի ժամանակ իրականացված փողերի լվացման մեջ: Դատավորը մերժել է նրա փաստաբանի հայցը, ով խնդրում էր գործարարին ազատ արձակել՝ մատնանշելով Հայրապետյանի առողջական վատ վիճակը:

 

ՏԵՆԳԵՆ ԷԼ ՋՈՒՐ ԴԱՐՁԱՎ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է Ազգային բանկին արագացնել տնտեսության ապադոլարացմանն ուղղված աշխատանքները: 13 ամսվա ընթացքում տենգեն էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ մոտ 20%-ով: Ղազախստանի կառավարությունը եւ Ազգային բանկը ԵՏՄ-ում Ղազախստանի գործընկեր երկրների արժութային շուկաներում անկայունության ֆոնին 2014 թվականի դեկտեմբերից մի շարք միջոցների մասին են հայտնել, որոնք կկիրառվեն տնտեսությունում ազգային արժույթի դերի բարձրացման նպատակով:

 

ԷԼԻ ՇՐՋԱՓԱԿՎԵՑԻՆՔ
Տեղացած առատ ձյան պատճառով փետրվարի 10-ի երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար երկկողմանի փակվել է:




Լրահոս